Լճաշենում ու Գանձակում գարու բերքի ծավալը ռեկորդային է
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Լճաշեն, Չկալովկա, Գանձակ համայնքներ և հանդիպումներ ունեցել համայնքի բնակիչների, ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների անդամների հետ:
Չկալովկա համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել շահագործման հանձնված 3600 գծամետր ջրարբիացման ցանցի, տրամադրված գյուղտեխնիկայի կապակցությամբ, որն իրականացվել է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակում:
Սերգո Երիցյանն ասել է, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացումը կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանն ու աղքատության հաղթահարմանը: Արդեն կազմակերպված և հարյուրից ավելի անդամ ներգրաված կոոպերատիվներից մեկի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց կոոպերատիվի օրինակը ցույց է տվել ներդրված ծրագրի արդյունավետությունը. բարձրացել է կաթի մթերման արժեքը, նոր գյուղտեխնիկայի շնորհիվ արտադրողականության բարձր աճ է արձանագրվել:
Համայնքի բնակիչները դիմել են նախարարին գյուղտեխնիկայի նոր խմբաքանակի խնդրով, ինչին Սերգո Կարապետյանը դրական պատասխան է տվել՝ մատնանշելով 6 տարով և ցածր տոկոսադրույքով տրամադրվող գյուղտեխնիկայի հնարավորությունը:
Գյուղատնտեսության նախարարը շրջել է նաև Լճաշենի և Գանձակի ցորենի, գարու արտերում և գնահատել բերքահավաքի արդյունքները: Գարու բերքի ծավալը ռեկորդային է. երեք անգամ ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Գարու 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30,2 ցենտներ, ինչն անգամ խորհրդային տարիներին չի գրանցվել: Աննախադեպ բերք է սպասվում նաև հացահատիկի 42 հազար հեկտար ցանքատարածությունից. ակնկալվում է հավաքել մինչեւ 120-130 հազար տոննա բերք:
Մարզում ավարտվել է հունձը բազմամյա խոտաբույսերի կերհանդակներում: 1 հեկտարի միջին բերքատվությունը բավականին բարձր է՝ շուրջ 3-3,5 տոննա: Իսկ բնական խոտհարքերում հունձը ընթանում է արագ թափով և 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 2-2,5 տոննա: Համայնքի բնակիչներն այս արդյունքները բացատրում էին կառավարության սուբսիդավորած որակյալ սերմացուի և ազոտական պարարտանյութի հատկացմամբ՝ չմոռանալով հիշատակել իհարկե եղանակային բարենպաստ պայմանները:
Գեղարքունիքի մարզը տավարի գլխաքանակով մարզը հանրապետությունում առաջին տեղում է, ուստի մսի և կաթի արտադրության ծավալով մարզի ցուցանիշներն առայժմ անգերազանցելի են: Գյուղատնտեսության նախարարը գանձակցիների հետ խոսել է մեքենայացված կիթի ներդրման հնարավորությունների և կաթի որակական ցուցանիշների բարելավման մասին՝ նշելով, որ ամեն մի համայնքում հարկ է ունենալ համապատասխան հնարավորություններով մթերող կետեր, որպեսզի անխափան գործի արտադրող, մթերող և վերամշակող շղթան:
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն ամփոփվել է Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել