
ՍԱՊԾ-ի արգելած «Արզնի տոհմային ԹՏԽ»-ի արտադրատեսակները դեռ վաճառքում են
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի 2013 թ. հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արտադրատեսակները ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին տարբեր ցուցանիշերով չեն բավարարել, ինչից հետո 2013թ. օգոստոսի 8-ի որոշմամբ արգելվել է դրանց վաճառքը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
Մինչդեռ այսօր դրանք դեռևս վաճառվում են Էջմիածնի խանութներում: Այսօր մենք շրջեցինք քաղաքի մոտ 15 մթերային խանութներով, որոնցից և ոչ մեկում տեղյակ չէին կաթնամթերքի վաճառքի արգելքի մասին: Ավելին, մի քանի խանութում հենց նոր էին ստացել կաթնամթերք` 13.08/07.09 ժամկետով: Խանութներից մեկում հենց մեր այցելության պահին եկավ «ԱՐԶՆԻ» կաթնամթերքի առաքիչը` բերելով թթվասեր և կաթ: Նա հայտնեց, որ տեղյակ չէ որոշման մասին, և փորձեց կապվել «շեֆի» հետ: Վերջինս, սակայն, ժողովի էր և հանձնարարեց, որ հետ տանեն ապրանքը, մինչև «պարզեն խնդիրը»:
Այսպիսով, այցելած 15 խանութից 5-ում դեռևս վաճառվում էին «Արզնի տոհմային ԹՏԽ»-ի որոշ արգելված արտադրատեսակներ (հիմնականում թթվասեր): Այդ խանութներում վաճառողները զարմանում էին. «Ախր ես ինչպե՞ս իմանամ, ո՞վ պետք ա ինձ ասեր… Բա ինչպե՞ս իմանամ, որ արդեն կարելի ա վաճառել…»: Առաքիչը, պարզ է, պարտավոր չէր տեղեկացնել այդ մասին, ուստի փորձեցինք կապվել ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության հետ: Նրանց է ուղարկվել հարցում` կցված համապատասխան լուսանկարներով:
Հարցումով մասնավորապես պահանջվում է պարզաբանել.
- Ո՞վ և ինչպե՞ս պետք է տեղեկացներ այդ մասին, և ինչո՞ւ դա պատշաճ կերպով չի արվել, եթե ամսի 14.08-ի դրությամբ Էջմիածնում խանութները դեռ նոր ապրանք (թթվասեր, կաթ) էին ստանում 13.08/07.09 ժամկետով:
2. Ի՞նչ պատիժ/զգուշացում է լինելու «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ին ՀՀ ԳՆ որոշումը անտեսելու համար, իսկ խանութներին` վաճառքի հանելու:
Տվյալ հարցմանը նրանք խոստացան վաղն անպայման պատասխանել, ինչպես նաև ձևակերպեցին բողոք խնդրի առնչությամբ:
Սա ՀՀ քաղաքացիների առողջությանը սպառնացող խնդիր է, այս հարցում թերացումներն աններելի են և կարող են հանգեցնել վատ հետևանքների:
-Ի՞նչ, հիմա Արզնի միայն հանգստանալու՞,- ժպտալով հարցնում է հաճախորդը:
- Ոչ, նաև կաթնամթերք` խախտումների վերացումից հետո:
Հ.Գ. Մեր այցելած բոլոր խանութներում, անկախ արտադրատեսակի առկայությունից, զգուշացվել է այդ որոշման և արդեն ստացված ապրանքի հետկանչի իրավունքի մասին: Արգելված բոլոր արտադրատեսակները մեր ներկայությամբ հանվել են վաճառքից:
Տաթև Խաչատրյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել