Մուլտիմեդիա ցուցահանդեսն ուղևորվում է Հայաստան
«Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը կկայանա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը:
Հրանտ Դինքի հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ներկայացնում են «Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը: Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը, hանդիսատեսին կներկայացվեն Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը:
Փակվելով 1993 թվականին` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը և հիշողությունները: «Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը: Երկաթուղու աշխատողները տարիներ շարունակ սպասել են գնացքի, որն այդպես էլ չժամանեց:
Գյումրիաբնակ Կիման սպասել է Թուրքայից հյուրի, ով մի օր կգա և կթակի նրա դուռը; Բայանդուրի երեխաները, ովքեր խախտել են լռությունը իրենց երաժշտությամբ, իր պապի հետքերով գնալիս՝ Սոֆիայի ճանապարհը խաչվում է Կարսի բնակիչների հետ, ում գլխին կախված է տեղահանման վտանգը` ըստ քաղաքի բարեկարգման ծրագրի, մի քուրդի և մի հայի պատմություն, ովքեր փորձում էին միմյանց հասկանալ, քանզի երկուսն էլ գտվում էին նույն հետտրավմատիկ վիճակում և կոչ անում բոլորիս լսել, խոսել և գործել սահմանից այն կողմ:
Հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Երևանում ԱՄՆ դեպանատան աջակցությամբ ցուցադրվելու են 2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ՆՓԱԿ-ում, նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր հյուպատոսարանի և Բրիտանիայի դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր թուրք և հայ երիտասարդ լուսանկարիչների համատեղ արտադրանքի համար՝ պատմությունները պատմելու նոր հնարքներով, բարձրացնել նրանց ձայնը և նպաստել երկու հարևան երկրների երկխոսությանը:
Ցուցահանդեսի վայրը՝ ՆՓԱԿ Հասցե՝ Փավստոս Բյուզանդի 1/3, Երևան Ցուցահանդեսի բացում՝ օգոստոսի 27-ից ժամը 15:00, հարցազրույց լուսանկարիչների հետ Բացման արարողություն 17:00 Ցուցահանդեսը բաց է ամեն օր 11:00 - 17:00, բացի կիրակի և երկուշաբթի օրերից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել