HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետարանում մարզպետի մասին տեղեկանում են մամուլից

Վերջին օրերին  Լոռու  մարզում  ամենաշրջանառվող  զրույցները Լոռու մարզպետ  Արամ Քոչարյանի պաշտոնանկության մասին են:  Վերջինս  թեև դիմում է գրել պաշտոնից հրաժարական տալու համար, սակայն պաշտոնապես դեռևս ազատված չէ Լոռու մարզպետի պարտականություններից: Լոռու մարզպետարանի լրատվական ծառայության պետ Սամվել Խալաթյանը  հուլիսի 12-ին «Հետքին»  փոխանցեց, որ հուլիսի 11-ին Արամ Քոչարյանը սովորականի նման ներկայացել է  աշխատանքի,  առավոտյան մարզպետարանի աշխատակազմի հետ անց է կացրել խորհրդակցություն, ասել է, որ մեկնում է 10-օրյա արձակուրդի:

«Ինքն ասաց, որ արձակուրդի օրերին  հաճախ կլինի մարզպետարանում, քաղաքից կբացակայի հավանաբար մեկ շաբաթով, սակայն այս պահին, որքան ես գիտեմ, մարզպետը Վանաձորում է»,- ասաց  լրատվական ծառայության ղեկավարը: Սամվել Խալաթյանը չհերքեց և չհաստատեց մարզպետի շուրջ պտտվող նաև մյուս լուրերը. «Չեմ կարող ասել` ճիշտ են, թե սխալ այդ խոսակցությունները: Մենք  էլ մյուսների նման մարզպետին  վերաբերող շատ լուրերի տեղեկանում ենք մամուլից»:

Խալաթյանի  ենթադրությամբ` մարզպետի հրաժարականի դիմումը կամ չի ընդունվել կառավարության կողմից, կամ էլ, ինչպես լրատվամիջոցներին հաղորդել է վարչապետի օգնական  Արամ Անանյանը, կքննարկվի մեկ ամիս հետո:

Ըստ լուրերի`  մարզպետի պաշտոնանկությունը  առնչվում  է վարչապետ  Տիգրան Սարգսյանի`  հունիսի 25-ին Ալավերդի կատարած այցի հետ: Այցի ընթացքում վարչապետին չի ուղեկցել  Լոռու մարզպետը, իսկ   տարածաշրջանի   հանրապետական  ակտիվի  հետ  Ալավերդու մշակույթի պալատում կայացած վարչապետի հանդիպմանը չեն ներկայացել նաև Լոռու մարզի Ալավերդու  նստավայրի  դատախազը, ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետը և այլ պաշտոնյաներ:  Հունիսի 25-ին Ալավերդի քաղաքի  մշակույթի պալատում  վարչապետը  Հանրապետական  կուսակցության  տոմսեր է հանձնել շուրջ  30 լոռեցիների:  Ըստ շրջանառվող լուրերի` այցի նախօրեին  Արամ Քոչարյանը ինչ-որ մեկից հեռախոսով հանձնարարական է ստացել Ալավերդի կատարած այցի ժամանակ  չդիմավորել և չուղեկցել վարչապետ Տիգրան Սարգսյանին:  Զանգահարողը  հավանաբար եղել է  կուսակցության ծանրակշիռ անդամներից մեկը, ում  պահանջը  Լոռու մարզպետը  ստիպված է եղել կատարել անվերապահորեն: Հետագա պատասխանատվությունից խուսափելու համար Արամ Քոչարյանը  վարչապետից  թույլտվություն է ստացել Լոռու  մարզ  կատարած նրա այցին չմասնակցելու համար` պատճառաբանելով,  որ հրատապ  մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ:

Շրջանառվող լուրերը նաև փաստում են, որ  այցի ընթացքում վարչապետին ուղեկցողների մեջ է եղել նաև Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ով էլ Տիգրան Սարգսյանին  տեղեկացրել է, որ  Արամ Քոչարյանը ոչ թե Սանկտ-Պետերբուրգում, այլ Վրաստանում է, որից հետո էլ վարչապետը պահանջել է Արամ Քոչարյանի հրաժարականը: 

Լոռու մարզպետի  պաշտոնանկության  հետ կապված Լոռու մարզում, արդեն մեկ շաբաթից ավելի է, շրջանառվում են  մարզպետի հավանական թեկնածուների անուններ:  Սկզբում  շրջանառվեց  ՀՀ ոստիկանության  Լոռու մարզային վարչության  պետ Անուբաղ Համբարյանի անունը, որի շուրջ  խոսակցություններն արագ մարեցին:  Մի քանի օր անց շրջանառության մեջ մտան ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի,  Դիլիջանի քաղաքապետ  Արմեն Սանթրոսյանի, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունները: Մեկընդմեջ շրջանառվում է նաւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի անունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter