Մարտունու բնակիչները միակ տարբերակը տեղահանումն են համարում
Նունե Միրզոյան, Մարտունի
Մարտունի գյուղը Ճամբարակ քաղաքից 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Համայնքը տարածաշրջանի հինգ գյուղերից մեկն է, որը սողանքային քարտեզի մեջ է ներառված: Դեռեւս 80-ական թվականներին սողանքային երևույթներն ակտիվացել են Մարտունի գյուղում, որի արդյունքում Գյոլ թաղամասի բնակիչներին տարհանել եւ վերաբնակեցրել են պետական միջոցներով կառուցված գյուղի մեկ այլ հատվածում:
180 տնտեսություն, 700 բնակիչ ունեցող ունեցող Մարտունի գյուղի վարչատարածքի 70%-ը սողանքային է:
«Հայսեյսմշին» ԳՀԻ-ի 1999 թվականի հաշվետվության համաձայն` Մարտունի գյուղում գրանցվել է 2-4-րդ կարգի վթարայնություն ունեցող 90 տուն, որից 24 բնակելի տուն 4-րդ կարգի վթարայնություն ունի: Այս հետազոտությունը միակն է, որ իրականացվել է Մարտունի համայնքում: 1999 թ.-ից հետո այլեւս տների վթարայնության աստիճանը չի հետազոտվել, իսկ վերջին տասներեք տարիներին սողանքներն ավելի են քայքայել տները: Չնայած դրան` բնակիչները շարունակում են բնակվել այդ տներում, քանի որ նոր տուն գնելու հնարավորություն չունեն: Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, եւ բնակիչները կարողանում են հոգալ միայն առօրյա հացի խնդիրը:
2005-2007 թթ. համայնքում Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) սողանքների կառավարման հետազոտող խումբը Մարտունի համայնքում իրականացրել է սողանքի կանխարգելման աշխատանքներ, մասնավորապես ջրահեռացում եւ ստորգետնյա ջրերի արտահանում: Համայնքի բնակիչների ասելով` ճապոնացիների իրականացրած երկու տարվա աշխատանքը որոշակի չափով նպաստել է սողանքի կանխարգելմանը, սակայն կարծում են, որ միակ տարբերակը բնակչության տեղահանումն է:
![]() |
![]() |
Չորրորդ կարգի վթարայնություն ունեցող տների բնակիչները նշեցին, որ ճաքերը գնալով ավելանում են, ձմռանը տունն ընդհանրապես չի տաքանում եւ քնում են մտավախությամբ, որ տունն ամեն վայրկյան կարող է փլվել: Այցելածս տանտերը` Ա. Մուրադյանը, գարնանն էր կոսմետիկ վերանորոգում կատարել (փակել էր ճեղքերը), սակայն մի քանի շաբաթից տունը նախկին վիճակին է վերադարձել: Նա նշեց, որ 2003 թ.-ին` վարչապետի այցելության ժամանակ, գյուղի բնակիչները բարձրաձայնել են խնդրի մասին, նրա անմիջական միջամտությամբ համայնքի հինգ ընտանիքների փոքրիկ գումար է տրվել կոսմետիկ վերանորոգում կատարելու համար:
Համայնքի ղեկավար Ա. Ասատրյանը նշեց, որ սողանքը համայնքի կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ առաջիկայում նախատեսում է համայնքի բնակիչների հետ միասին դիմել կառավարություն՝ վթարային տներում բնակվող ընտանիքների տեղահանման համար: Մարտունեցիները հավատում են, որ կգա մի օր ու իրենք էլ կապրեն ապահով տներում, ապահով տանիքի տակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել