HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանյան հիմնախնդիրների թնջուկից մինչեւ աշխարհին ներկայանալու բանաձեւը

Արմինե Ղուկասյան, Սեւան

Կողք կողքի են լիճն ու քաղաքը. երկուսն էլ` Սևան անունով: Լճի ոտքերի տակ փռված քաղաքն այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, որոնք տարիների ընթացքում լուծում չգտնելով, կուտակվելով`դարձել են հրատապ ու առաջնահերթ` կազմալուծելով համայնքի բնականոն կյանքը:

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը 2012թ. ՏԻՄ սեպտեմբերյան ընտրություններից հետո ձեռնամուխ եղավ Սեւանի առաջնահերթությունների խմբավորմանը եւ արդեն մի քանի ամիս «Սեւանի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները» փաթեթը ներկայացնում է տարբեր գերատեսչություններ` ակնկալելով կոնկրետ եւ առարկայական լուծում:

«Հիմնախնդիրների շրջանակը թեև փոքր չէ, սակայն առանձնացրել ենք ամենահրատապները: Համայնքի բազմաբնակարանային ֆոնդն ընդգրկում է 213 շենք: Դրանց հետագա պահպանման համար մի շարք շինմոնտաժային անհետաձգելի աշխատանքներ են անհրաժեշտ` սկսած տանիքների հիմնանորոգումից մինչև ներքին ջրամատակարարման եւ կոյուղագծերի վերանորոգում, որի համար անհրաժեշտ է 1,2 մլրդ դրամ»,- ներկայացնում է քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը:  Նոր կառուցապատման ենթակա են 23996 մետր երկարությամբ եւ 174246 քմ ընդհանուր մակերեսով փողոցներ եւ ներհամայնքային ճանապարհներ, որոնց կառուցման համար անհրաժեշտ է 1,7 մլրդ դրամ, իսկ առկա ասֆալտապատ տարածքների վերանորոգման համար` 1 մլրդ դրամ:

Անձրեւաջրերի 12 կմ ընդհանուր երկարությամբ հեռացման ցանցը կառուցվել է 1960-70 թթ.-ին:  Շահագործման տարիներին այն վերանորոգման չի ենթարկվել, որի հետեւանքով չի գործում շուրջ 7 կմ-ոց հատվածը: Ցանցի վերագործարկման համար անհրաժեշտ է 120 մլն դրամ:

Սևանում արտաքին լուսավորության ցանց չունի շուրջ 50 փողոց, որի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 35 հազար մետր: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների նախահաշվային արժեքը 350 մլն դրամ է: Սևանի համար կարևորագույն խնդիրը եղել և մնում է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը: Քաղաքում վերջին բազմաբնակարան շենքը կառուցվել է 1990 թ.-ին: Համայնքում յուրաքանչյուր տարի 200-300 զույգ ընտանիք է կազմում: Ներկայումս Սեւանում ավելի քան 200 երիտասարդ ընտանիք կարիք ունի բնակարանի եւ մարզերում իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շնորհիվ հնարավոր կլիներ նպաստել և բնակչության աճին, և արտագաղթի կանխմանը»:

Հիմնախնդիրների փաթեթն այսքանով չի ավարտվում. հիմնանորոգման կարիք ունեն կրթամշակութային մի շարք հաստատություններ, իսկ երաժշտական դպրոցի շենքը, որ համաձայն տեխնիկական եզրակացության, 3-րդ աստիճանի վթարայնության է, արդեն իսկ վտանգ է ներկայացնում: Ընդհանուր առմամբ, 660 մլն դրամ է անհրաժեշտ այդ շենքերի վերանորոգման համար, իսկ դպրոցների համար` 900 մլն դրամ:

Սևանում միայն առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ: Ակնհայտ է, որ համայնքային բյուջեով նման ծավալի աշխատանքներ հնարավոր չէ կատարել, իսկ ժամանակը չի սպասում, ու քաղաքը օրեցօր դիմազրկվում է: Սևանը հայտնվել է խաղից դուրս վիճակում. այդ մասին են վկայում նաեւ ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ոչ ֆինանսական ակտիվների գծով հատկացումների եւ ծախսատեսակների փաստաթղթերը: Վերջին 3 տարում` 2011-2013 թթ.-ին, Գեղարքունիքի մարզին հատկացվել է 4,599,718 հազար դրամ, որից ճանապարահաշինության համար` 1,811,532 հազար դրամ, կրթության եւ մշակույթի ոլորտին` 2,788,168 հազ. դրամ: Սեւան համայնքի համար ոչ մի դրամ  հատկացում չի նախատեսվել:

Կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին հրատապ խնդիրների համար հատկացված գումարներից Սևան համայնքին 2013թ.-ին տրամադրված գումարներից 6 մլն դրամը Գագարին ավանի գազիֆիկացմանն է նպատակուղղվել, 30 մլն դրամը` Նաիրյան փողոցի ասֆալտապատմանը, 50 մլն դրամը` տանիքների վերանորոգմանը, 16.8 մլն դրամը` բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցմանը, 4 մլն դրամը` երաժշտական դպրոցի համար երաժշտական գործիքների ձեռք բերմանը, 10 մլն դրամը` թիվ 1 հիմնական դպրոցի տանիքի հիմնանորոգմանը: Նալբանդյան փողոց թիվ 36 շենքի համար հատկացված 57,500 մլն դրամը դեռեւս չի ծառայել իր նպատակին, քանի որ նշված շենքի բնակիչներն այդ գումարով չեն կարող նոր բնակարաններ ձեռք բերել:  

Այս հատկացումների միջոցով համայնքային հրատապ խնդիրների լուծման ճանապարհին փորձ է արվում սայլը տեղից շարժել. որքանով է դա հաջողվում` դժվար է ասել:

«Կար ժամանակ, որ Սևանը շատ բարեկեցիկ էր, հարմարավետ, անգամ` օրինակելի: Այսօր, ցավոք, նույնը չենք կարող արձանագրել,- ասում է քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը,- «չկա»-ների շղթան ժամանակի ընթացքում երկարել է եւ հետզհետե այդ շղթայի օղակները կավելանան, եթե քաղաքում կապիտալ լուրջ ներդրումներ չկատարվեն: Դեռևս զարգացման ծրագրեր չենք կարողանում կյանքի կոչել. ընդամենը գոյատեւման խնդիրներ ենք լուծում, այն էլ` կարճաժամկետ»:

Այս իրավիճակում թվում է, թե մեծ ու հավակնոտ ծրագրերի մասին խոսելը, անգամ դրանց մասին մտածելն ավելորդ է, սակայն Սեւանի ոչ միայն երեկը, այլև վաղը կապելով զբոսաշրջության հետ, ավելին` այն համարելով Սևանի զարգացման գերակա ու միակ ուղղությունը` պարոն Ղուկասյանը նկատում է. «Ստացվում է փակ շրջան. զբոսաշրջիկը թեկուզ մի քանի օրով Հայաստան այցելելիս գոնե մեկ օր հյուրընկալվում է Սեւանում: Սեւան ասելով` նկատի չունեմ միայն լիճն ու առափնյա տարածքը: Շատերը գալիս են նաեւ քաղաք: Հենց այստեղ է, որ առկա վիճակը սառը ցնցուղի պես սթափեցնում է, եւ կրկին վերադառնալու ցանկությունը` անհետանում:

Սևանն ունի զբոսաշրջիկներ ընդունելու մեծ հնարավորություն. այն գտնվում է միջպետական ճանապարհի հանգուցակետում»: Քաղաքապետի խոսքով` եթե Դիլիջանում, Ծաղկաձորում հանգստի կազմակերպման ձեւերը գրեթե չեն տարբերվում, ապա Սևանում այն էականորեն տարբեր է: «Երեւանը ամռան ամիսներին բեռնաթափվում է Սևանի հաշվին: Խորությամբ ուսումնասիրելով Սևանի առկա հնարավորությունները, առանձնահատկությունները, հիմնախնդիրների լուծման ուղիները` նպատակահարմար է  մինչեւ 2030թ. հաշվարկային ժամկետի սահմաններում հայտարարել միջազգային մրցույթ Սևան համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար, որն էլ կտա հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիները »,- ասում է Ռ. Ղուկասյանը:

Դեռևս 1993թ. Սևանի քաղաքային բնակչությունը կազմել է շուրջ 30 հազ. մարդ: Մինչ այդ տարածաշրջանում բնական աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են հատկապես Սևան քաղաքում, որի հետեւանքով միջին տարածաշրջանային 63.5 մարդ/քառ. կմ ընդհանուր խտության պայմաններում Սևան քաղաքում այն հասել է 116-ի, մինչդեռ, օրինակ, Ճամբարակում այն կազմել է ընդամենը 39.7 մարդ: Դրա հիմնական պատճառներից են եղել բնակարանաշինության արագացված տեմպերը, արտաքին աշխարհի հետ Սևանի տրանսպորտային հարմարավետ կապերը, ինչպես նաեւ քաղաքամերձ գոտում տուրիստական, ամառանոցային եւ առողջարանային կառույցների ստվար քանակը:

Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը փաստում է, որ այս գործընթացին անմասն չեն մնացել նաև քաղաքաշինական նախագծերը: «Տարածքի ունակությունների գնահատումը պետք է կատարվի միայն բնական գործոնների (կլիմա, ուղղագիծ գոտեւորում, ռելիեֆի թեքություններ եւ կողմնորոշում, հողակազմություն, բուսածածկույթ, ինժեներա-երկրաբանական ու սեյսմոլոգիական բնութագիր) համալիրով:

Գաղտնիք չէ, որ ներկայումս անխուսափելիորեն նվազում է արդյունաբերա-արտադրական ոլորտի զարգացումը, կտրուկ պակասել են նրանում եղած աշխատատեղերի քանակը, նվազել են շինարարական արդյունաբերության հզորությունը եւ վարչակառավարչական մարմինների աշխատատեղերը: Երևույթների զարգացման նման ընթացքի պայմաններում ոչ միայն խոսք չի կարող լինել քաղաքի բնակչության հետագա աճի մասին, այլև կայունացման անհրաժեշտ միջոցառումների բացակայության դեպքում անխուսափելի կդառնա բնակչության արտահոսքը:

Մինչդեռ, նույն պայմաններում ու բացարձակապես նույն պատճառներով շեշտակի աճ կարող է ունենալ ամառանոցա-առողջարանային եւ տուրիստական համալիրը, որի պոտենցիալ կարողությունները, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, քաղաքում բազմապատիկ ավելին են, քան դրանց գործարկման այսօրվա հնարավորությունները: Կանխատեսումների իրականացման համար, ձեռնպահ մնալով նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտ կապիտալ ներդրումներից, հարկավոր է շեշտակի բարձրացնել ամառանոցա-առողջարանային եւ զբոսաշրջության համալիրի որակական մակարդակը Սեւան քաղաքում»,- ներկայացնում է Ռ. Ռաֆայելյանը:

«Սեւանի զարգացման գերակա ուղղությունը» փաստաթղթում նշված են այն բոլոր ուղղությունները,  համաձայն որոնց պետք է մշակվի գլխավոր հատակագիծը:

«Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ գոտևորման ժամանակ պետք է հաշվի առնել Սևանա լճի եւ Սևան քաղաքի դերը հանրապետությունում, ինչպես նաեւ «Սեւան» ազգային պարկի» խնդիրները, շահերը, տարածքի լանդշաֆտային, միկրոկլիմայական ուսումնասիրությունները եւ հատակագծային սահմանափակումները: Ռեկրեացիոան գոտու մինչ օրս տարերայնորեն իրականացված կառուցապատումը արհեստականորեն խանգարել է Սեւանա լճի զբոսաշրջության համալիրի կուլտուր-կենցաղային եւ սպորտային մասսայական սպասարկման կազմակերպմանը»,- նկատում է քաղաքապետի խորհրդականը:

Համաձայն մշակված փաստաթղթի` Սեւանում զբոսաշրջությունը պետք է դիտարկել ողջ տարվա կտրվածքով, միաժամանակ լուծելով շրջակա միջավայրի պահպանության եւ լճի մաքրության խնդիրները` ներառելով բոլոր ենթակառուցվածքները եւ կոմունիկացիաները:

«Մենք շատ ենք խոսում, որովհետեւ փող չունենք, սակայն մեր խոսելով պետք է փող ունեցողին բերենք այստեղ: Դրա ճանապարհը մեկն է` Սեւանի նոր գլխավոր հատակագիծ ունենալը, որի կյանքի կոչմանը պետք է աջակցի պետությունը: Սա անիրատեսական գաղափար չէ. հաջողված պատմություններ, նախադեպեր կան, օրինակ` Բաթումին, Աստանան»,- ասում է Ռուդիկ Ղուկասյանը:

Հիմնախնդիրների պակաս չունեցող քաղաքի քաղաքապետը չի փորձում որդեգրել մի կերպ յոլա գնալու սկզբունքը. այդ ժամանակները վաղուց անցել են, անհրաժեշտ են կտրուկ ու գրագետ քայլեր, որը միայն տեղական իշխանությունների եւ սեւանցիների միջոցով հնարավոր չէ: Այստեղ պետք է զգացվի պետության ամուր ձեռքը, որովհետեւ մեր երկիրը լիրաժեք զբոսաշրջային երկիր դառնալու ճանապարհը սկսվում է նաեւ այստեղից:

«Սա քաղաքի խնդիր չէ, ոչ էլ միայն ֆինանսական, սա շատ ավելին է և ունի ռազմավարական նշանակություն: Քաղաքը պետք է ունենա զարգացման հստակ ուղղություն եւ դրան հասնելու բոլոր մեխանիզմները: Ժամանակն է համապատասխանել այն չափանիշներին, որով առաջնորդվում է աշխարհը: Կարծում եմ` բազմաթիվ հիմնախնդիրներին հակակշիռ` աշխարհին ներկայանալու սեւանյան բանաձեւը լինելու է կենսունակ եւ արդյունավետ ոչ միայն այս տարածաշրջանի համար»,- եզրակացնում է Սևանի քաղաքապետ Ռ. Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter