HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն իրենց անելիքները կորոշեն՝ կախված ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հեռախոսազանգից

Կախված նրանից՝ վաղը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակից կզանգահարե՞ն Ադրբեջանում 12 օր առաջ գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն՝ վերջինները կորոշեն վաղվա իրենց անելիքները, ակցիաները: Այս մասին «Հետքին» ասաց Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը:

«Ծնողները հույսով սպասում են: Կողքից բարեկամություն, հարազատություն, հարևանությունն էլ միշտ հույս են տալիս, հանգստացնում են: Դեռ հույսով սպասում ենք: Էսօր մեզ մոտ Կարմիր խաչում աշխատանքային օր չի, բայց Բաքվում աշխատանքային օր է: Բայց իրենք մեզ տեղեկացրին, որ կապ չունի՝ մեզ մոտ աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ, համենայնդեպս, երբ Բաքվում ինչ-որ փոփոխություն լինի, հաստատ կզանգեն էստեղ կասեն, ու էստեղից էլ մեզ կզանգեն, հերթապահ մաս կա»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

Նրա խոսքով՝ Հակոբի հարազատ Ոսկեվազ գյուղում շատերն են ուզում գալ ԿԽՄԿ-ի գրասենյակի առջև, բայց ինքը չի ուզում, մտածում է, որ եթե շատերը հավաքվեն գրասենյակի դիմաց, ԿԽՄԿ-ի աշխատակիցները կզբաղվեն հարազատներին հանգստացնելով, ոչ թե իրենց գործով:

Մինչ այժմ Հակոբի հարազատները մի քանի անգամ հավաքվել են ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ «ինչ-որ պատասխան լսելու, բայց չեն լսել»: Արմանի խոսքով՝ այս պահին ընտանիքը նորություն չունի նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղաադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում:

Հակոբի գերեվարումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է իր ստորագրած Ժնևյան կոնվենցիան, ըստ որի՝ ռազմագերին 7 օրվա ընթացքում պետք է ընտանիքին նամակով հայտնի իր որպիսության և գտնվելու վայրի մասին: Մինչ այժմ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին չի հաջողվել Ադրբեջանի իշխանություններից ստանալ Հակոբին այցելելու թույլտվություն, իսկ ադրբեջանական հեռուստաընկերությունը «հարցազրույց» է անցկացրել ռազմագերու հետ, որոնք ևս գերու իրավունքների կոպիտ խախտումներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter