
Նազանի. Միջնավանի վերաբնակեցված գեղանկարչուհին
27-ամյա Հերիքնազ Ավետիսյանը այս տարվա փետրվարին եկավ Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված Միջնավան քաղաք: Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսը չավարտած՝ նա որոշեց վերաբնակվել Միջնավանում և Բերձորի արվեստի դպրոցի Միջանավանի կերպարվեստի մասնաճյուղում երեխաներին նկարել սովորեցնել:
Ընկերներից մեկը պատմել էր Քաշաթաղի շրջանի և մասնագետների պակասի մասին: Նազանին (այս անունով է ստեղծագործում, Միջնավանում բոլորը նրան այդպես էլ անվանում են - հեղ.) այդ շրջանում աշխատանք է փնտրելիս եղել: Բայց բացի մատուցողի աշխատանքից՝ ոչ մի աշխատանք գտնել չի կարողացել: Վերցրել է Բերձորի արվեստի դպրոցի տնօրենի հեռախոսամարը և զանգել: Վերջինս ասել է, որ շատեր են խոստանում, որ կգան, բայց ասում ու կորում են, քանի որ հեշտ չէ Քաշաթաղում ապրելը: Տնօրենը հրավիրել է մեկ անգամ այցելել, շրջել և համոզվել, որ իսկապես ուզում է վերաբնակվել և աշխատել Քաշաթաղում: Նազանին փետրվարին եկել, շրջել է և կայացրել է իր վերջնական որոշումը:
«Ավերակները հիմա ծածկված են կանաչով, իսկ փետրվարին ամբողջությամբ երևում էին, և առաջին տպավորությունս ահավոր էր: Բայց դրանից առաջ գնացել էի Ստեփանակերտի թանգարան, տեսել զոհվածների նկարները, և շատ տպավորվել էի: Քչերը կգտնվեին, որ գային այստեղ, պահանջարկ կար, ես էլ որոշեցի գալ, օգտակար լինել»,- Բերձորի ու շրջակա համայնքների մասին իր առաջին տպավորության մասին է պատմում Նազանին: Այնուամենայնիվ, նա որոշել է հաստատվել Միջնավանում, որտեղ այժմ նկարչություն է դասավանդում:
Միայնակ և հեռու Միջնավանում ապրելու և աշխատելու գաղափարը հայ ավանդական ընտանիքում ծանր ընդունվեց: Նազանին Աշտարակից է և նախկինում մենակ ապրելու և ծնողներից հեռու գտնվելու փորձ չուներ: Նազանիի հայրը նույնիսկ երկար ժամանակ չխոսեց դստեր հետ՝ վերջինիս դարձի բերելու հույսով և այդ կերպ ստիպելու հետ կանգնել որոշումից: Մայրն անընդհատ հորդորում էր միայնակ չգնալ այդքան հեռու, որտեղ ոչ ոքի չի ճանաչում և չունի հարազատներ: Ապարդյուն: Նազանին մնաց անդրդվելի, հավաքեց իրերն ու եկավ Միջնավան:
Նազանին դիմել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանին, բայց աջակցություն չի ստացել: «Ասաց՝ չունեմ վառելիք, մեքենա չունեմ, եթե կարաս, քո միջոցներով տար (ասել է Բերձորի արվեստի դպրոցի տնօրենին): Տնօրենն էլ բերեց»,- հիշում է Նազանին և նշում, որ կառավարությունը ավելի շատ աջակցում է ընտանիքներին, քան միայնակ վերաբնակներին: Փետրվար ամիսը Նազանին դժվարություններով է հանել: Ժամանակավոր հաստատվել է Միջնավանի ազատ տներից մեկում: Դպրոցի վառարաններից մեկը տրամադրել են Նազանիին, ցախեր տվել, հետո ինքն է սկսել վառելիք հավաքել:
Չնայած գեղարվեստի պետական ակադեմիայի կրթությունը անավարտ էր, բայց Նազանին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինն արդեն ավարտել էր, վստահ էր, որ արդեն ունի համապատասխան բազա և հմտություններ, որոնցով կարող է օգտակար լինել վերաբնակեցված շրջանի երեխաներին, որոնց համար նկարչություն սովորելը երբեմն «մեծ ճոխություն է»: Այժմ Միջնավանի անավարտ դպրոցի սենյակներից մեկի պատերը զարդարում են Միջնավանի երեխաների՝ Նազանիի 17 աշակերտների նկարները: Նազանին հպարտանում է, մեկ խմբակին նոր ուսումնական տարում կավելանա երկրորդը՝ փոքրերի խումբը:
Շուրջ 66 հազար դրամ է ստանում Նազանին՝ նկարչությունն (28 հազար է ստանում դրա համար) ու ակումբավարի պաշտոնը (38 հազար) համատեղելով: Ասում է՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, մթերքն էլ թանկ է Քաշաթաղում ավելի, քան Երևանում: Տանտերերը վաճառել է այդ տունը, և նոր բնակիչներ են ապրելու այնտեղ: Արվեստի դպրոցը փորձում է հոգալ Նազանիի կեցության հարցերը: 1 մլն 300 հազարով Միջնավանում տուն են վաճառում: 1 մլն-ը բարերարներից մեկը խոստացել է տրամադրել, որպեսզի Նազանին տուն ունենա: Մնացյալ 300 հազարի հարցը դեռ առկախ է:
Միջնավանում դասավանդելու 7-ամսյա փորձ ունի Նազանին արդեն: Ասում է՝ Միջնավանում մնալու ցանկությունն ավելի է ամրապնդվել, դժվարություններն էլ արդեն հետևում են: Ցանկություն է առաջացել ստեղծագործել՝ նկարել: «Այստեղ ամեն ինչը՝ ծառերը, այս սոսիները, բնությունը, նպաստում է, որ ես նորից սկսեմ նկարել, երկար ժամանակ չէի նկարում»,- ասում է Նազանին:
Անձնական կյանքի մասին դեռ չի մտածում: Նազանին ուզում է աշխատել, իր ունեցած գիտելիքները փոխանցել երեխաներին, նաև շարունակել ուսումը: Արվեստի դպրոցի տնօրենի հետ ուղիներ են փնտրում՝ ուսուցումը աշխատանքի հետ համատեղելու համար: «Եթե ընտրություն կատարեմ՝ ուսման և այստեղ աշխատելու մեջ, ես կմնամ այստեղ և կշարունակեմ աշխատել»,- ասում է Նազանին:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել