HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». սահմանապահ Բարեկամավան գյուղը բացարձակ անտերության է մատնված

Ովքե՞ր են պահելու սահմանը

Պատասխանը կարծես թե պարզ է` ժամկետային և պայմանագրային զինծառայողները, իհարկե, հայոց բանակը: Սակայն առաջին հայացքից անվիճելի թվացող այս ճշմարտությունը կարող է լուրջ հարցականի տակ դրվել, եթե զինվորների թիկունքն ամուր չէ, եթե չկա աշխարհազոր, եթե Երևանից ընդամենը մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ, սահմանապահ այս և հարևան գյուղերն այժմ, արագորեն դատարկվելով, իքս ժամին մարած փեթակներ հիշեցնող մեռյալ բնակավայրերի վերածված լինեն:

Տավուշի մարզի հաջորդ գյուղը, որ այցելեցինք հուլիսի 9-ին, սահմանին ամենամոտը և ամենաթշվառ վիճակում գտնվող Բարեկամավանն էր:

- Անցյալ տարի եմ ամուսնացել, կինս հայ է, Մոսկվայից է եկել այստեղ, ուր ապրում էր արդեն 17-18 տարի: Ուզում եմ` պետությունն այնպիսի պայման ստեղծի, որ չգնամ այստեղից, դուրս չգնամ, ես չեմ ուզում դուրս գալ Բարեկամավանից, ուղղակի անհրաժեշտ է, որ պետությունը մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնի համայնքի հոգսերին,- մեզ հետ զրույցում ասաց 2008-ի նոյեմբերից համայնքը ղեկավարող 30-ամյա Գարիկ Աբազյանը, որը սպասում է առաջնեկին:

Գյուղապետի այս խոսքերն արդեն իսկ ամեն ինչ ասում են, բայց, այնուամենայնիվ, միայն թվերն ու փաստերը կարող են ամբողջական պատկերացում տալ այն աղետալի վիճակի մասին, որում այսօր գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղը:

Գյուղապետի տեղեկացմամբ` 2008-ի հունվարի 1-ի դրությամբ Բարեկամավանի 468 բնակչից այսօր մոտ 300-ն են մնացել համայնքում (հիմնականում մեկնել են Ռուսաստան), իսկ տներից ընդամենը շուրջ 120-ում է, որ մարդ է ապրում:

- Մինչև պատերազմի սկսվելը դպրոցում համայնքի բնակչության այսօրվա թվից ավելի շատ աշակերտ ունեինք, 80-ական թվականներին գյուղում մոտ 1200 մարդ է ապրել, ընդ որում մեծամասնությունը` երիտասարդներ,- ի պատասխան համայնքի ժողովրդագրական ընդհանուր ցուցանիշները ներկայացնելու մեր խնդրանքի ասաց Գ. Աբազյանը:- Այսօր 300 բնակչից շուրջ 50-ն է 18-45 տարեկան, մեծամասնությունը ծերեր են: Գյուղի տների կեսից ավելին` 130-ը, ընդհանրապես փակ է, 15-20 տարի է` արդեն փակ է: 2010-ին 1-ին դասարան ընդհանրապես չենք ունեցել, գյուղում կա ընդամենը 33 աշակերտով մեկ դպրոց, մինչդեռ ժամանակին ութ դասարանում 330 աշակերտ ենք ունեցել: Բարեկամավանում անցյալ տարի ընդամենը 1 ծնունդ է եղել, 10 մահ: Այս տարի ծնունդ դեռ չենք ունեցել, 5 հոգի մահացել է: Գյուղում 2008, 2009 թվականներին երևի մեկական ամուսնություն է եղել, 2010-ին` 4-ը, ինչը բացառիկ բան է, այս տարի դեռ որևէ ամուսնություն չի եղել:

Ծնունդների համեմատ մահացության բարձր ցուցանիշը ու նաև արտագաղթի հետևանքով գյուղի բնակչության նվազումը հաշվի առնելով` դժվար չէ հաշվարկել, որ ընդամենը 5-6 տարի հետո, եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, գյուղում այլևս ոչ ոք մնացած չի լինի, չի լինի Բարեկամավանը: Այսինքն` առանց պատերազմի, խաղաղ պայմաններում Հայաստանը կկորցնի ևս մեկ գյուղ: Իսկ ինչի՞ հետևանք է այս աղետալի ընթացքը: Պատճառն, անշուշտ, մեկը չէ, ստորև կներկայացնենք հիմնականները, իսկ թե դրանցից որն է առաջնայինը` թող ընթերցողը որոշի:

Պատճառ առաջին. հուլիսի 9-ին մենք դեռ Բարեկամավանում էինք, երբ ստացվեց տագնապալի լուրը. գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Հացուտ կոչվող հանդամասում բնակիչները խոտ էին հավաքում, երբ ադրբեջանցի զինվորները ժամը 14:00-ին ինքնաձիգներից կրակեցին նրանց վրա: Զուտ բարեբախտություն է, որ զոհեր չեղան: Գյուղացիներն անցյալ տարի նշված հանդամասում հունձ են արել առանց միջադեպի, սակայն այս տարի, երբ առաջին անգամ գնացել են հանդամս` Ադրբեջանի կողմից իր դիրքերից մեկը դեպի Հայաստան առաջ բերելուց հետո, նրանց վրա կրակել են: Իսկ մեր զինվորները պատասխանե՞լ են թշնամու կրակոցներին: Մեր այս հարցին համայնքի բնակիչների պատասխանը հակասական էր, այնուամենայնիվ, տպավորություն ստեղծվեց, որ մերոնք հիմնականում լռում են` զգուշանալով, որ փոխհրաձգությունը կարող է լուրջ բախման վերածվել:

- Մենք մեր հողերն ուղղակի չենք կարողանում մշակել,- նկատի ունենալով համայնքի նաև այլ տարածքներում գտնվող հողերը` ասաց գյուղապետը:

Արտադրություն չկա, հող էլ համարյա չունեն (ականապատված է կամ հակառակորդի նշանառության տակ)` անասնապահությամբ կամ այգեգործությամբ զբաղվելու համար:

- Գյուղացին,- շարունակեց համայնքի ղեկավարը,- եթե հողագործությամբ չզբաղվի, անասնապահությամբ չզբաղվի, չի կարողանա ապրել: Մարդիկ ուղղակի վախենում չեն գնում գյուղի ներքևի հողերում խոտ հնձելու կամ անասուններին արոտի տանելու: Մինչև 2010 թ. մշակել ենք, անցյալ տարի տրակտորների վրա կրակեցին, տրակտորիստները թողել են-դուրս եկել: Կրակոցների պատճառով, ընդհանուր առմամբ, մոտ 500 հա վարելահող չի մշակվում: Այսօր ադրբեջանցին գալիս մեր հողում անասուն է պահում, մենք մեր հողը չենք կարողանում մշակել: Նրանց դիրքը մեր հողերից առաջ է դրված, իրենց դիրքերից մեկը մի քանի հարյուր մետր առաջ են բերել, ինչի պատճառով արդեն 40-50 հա խոտհարք չենք կարողանում մշակել: Նույն պատճառով գյուղացիները չեն կարողանում օգտվել նաև 150-200 հա արոտավայրից:

Ի պատասխան մեր հարցին` ադրբեջանցիները կռվո՞վ են առաջ բերել իրենց դիրքը, Գ. Աբազյանն ասաց.

- Ոչ, մերոնք ուղղակի առավոտը տեսել են, որ այդ դիրքը կա արդեն. գիշերով իրենց նախկին դիրքից 200-300 մետրով առաջ են եկել բարձունքի վրայով:

Պատճառ երկրորդ. գյուղապետին հարցնում եմ ապրելու ամենակենսական պայմանի մասին` տներում խմելու ջուր կա՞:

- Ոչ, գյուղում տուն չկա, որ ծորակը բացեք, ու ջուր գա, 2-3 բնական աղբյուր ունենք, բնակիչները գնում այնտեղից են ջուր կրում: Ոռոգման ջուր ընդհանրապես չունենք, հողերն անձրևների հույսին են:

Հասկանալի է, որ հաշմանդամների կամ տարեց և միայնակ մարդկանց համար ջուր բերելը վերածվում է ամենօրյա տաժանակրության: Բարեկամավանն առայժմ զուրկ է նաև բնական գազից, տները փայտով են տաքացնում, ներհամայնքային ճանապարհները հիմնականում քանդուքարափ վիճակում են, շատ հատվածներ էլ այնպիսի թեքություններ ունեն, որ ձմռանն անգամ ամենագնաց ավտոմեքենաների համար անանցանելի են, սառչելուց հետո անանցանելի են նաև հետիոտնի համար, առավել ևս` տարեցների և հաշմանդամների: Բարեկամավանը զուրկ է մշակույթի տնից, գրադարանից, իսկ մարդիկ կարողանում են ընդամենը երեք հեռուստաալիք դիտել` Հ1-ը, «Կենտրոնը\ և ռուսական ալիքներից մեկը: Գյուղացիներն արդեն քանի տարի թանկ լինելու պատճառով չեն կարողանում պարարտանյութ գնել, չնչին բացառությամբ` վարկեր չեն վերցնում, որովհետև վախենում են չկարողանան վերադարձնել: Կա նաև բնակարանային խնդիր:

- Այսօր ընտանիք կա, որտեղ երեք երիտասարդ կա, նրանք կարող են երեք ընտանիք դառնալ, սակայն տուն և ամուսնանալու հնարավորություն չունեն, հնարավորություն ստեղծենք, որ նրանք մնան այստեղ, դուրս չգան գյուղից,- ասաց համայնքի ղեկավարը:

Պատճառ երրորդ. կառավարության վերաբերմունքը համայնքին, որն ուղղակի խայտառակ է, ինչը չի կարող չանդրադառնալ մարդկանց հոգեբանության ու տրամադրության վրա: Պարզվում է` համայնքը մինչ օրս ազատված չէ հողի հարկից:

- Դե, չեն ազատում, դիմել եմ տարբեր տեղեր, անընդհատ դիմել եմ, ոչ մի արտոնություն չունենք,- տեղեկացրեց Բարեկամավանի գյուղապետը:-Ոսկեպարը հանրապետությունում միակ համայնքն է, որ ազատված է հողի հարկից: (Ռոբերտ Քոչարյանի նախընտրական այցի ժամանակ դիմել են, նրա գնալուց անմիջապես հետո հողի հարկից ազատել են):

Իրականում Բարեկամավանն ավելի ծանր ու վտանգավոր վիճակում է, սակայն այս համայնքի բախտը չի բերել, քանի որ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը, նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այնտեղ ոտք չեն դրել:

- Պարզապես պետք է սահմանամերձ գյուղերի համար ինչ-որ մի օրենք ընդունել, հիմնախնդիրներին օրենսդրական կարգավորում տալ,- ասաց Գ. Աբազյանը:- Մեր գյուղը դիրքերից ընդամենը 500-600 մետր է հեռու, ադրբեջանցի զինվորների նշանառության տակ, գյուղի դիմաց մոտ 4 կմ սահման կա: Բարեկամավանցին, կարծում եմ, պետք է զգա, որ Իջևանի կամ Նոյեմբերյանի բնակչից ինչ-որ բանով առավելություն ունի, որ այստեղ է ապրում: Վաղը-մյուս օրը վերաբնակեցման խնդիր է լինելու, ինչը պետությունից անհամեմատ ավելի մեծ գումար է պահանջելու, քան այժմ բնակիչներին պահելը: Պետությունը պետք է ինչ-որ պայմաններ ստեղծի, որ գոնե մնացած մարդիկ դուրս չգան: Արդեն նույնիսկ սովորություն է դառնում` մարդիկ գնալուց առաջ տները քանդում, շինանյութի տեղ վաճառում են, որպեսզի դուրս գան այստեղից: Հայաստանաբնակ գործարարների, բարեգործների կողմից որևէ բարեգործություն չի եղել գյուղին:

Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ գյուղապետից տեղեկացանք, որ համայնքի հողի հարկը տարեկան 135000 դրամ է: Պետությունը կամ կառավարությունը դրա՞ հույսին է մնացել, այդ գումարո՞վ պետք է փրկվի Հայաստանի բյուջեն, բա խայտառակություն չէ՞, ախր դա պետական բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի` ռեստորան այցելելու մեկ անգամվա ծախսից էլ քիչ է...

- Այսօր համայնքի 200 ոչխարից մոտ 40-ն է մնացել, մարդիկ հարկադրված վաճառել են, գյուղացիները խանութներում, ընդհանուր առմամբ, մի քանի միլիոն դրամի պարտքեր ունեն, գրեթե բոլորը պարտքեր ունեն,- ասաց Գ. Աբազյանը: Ահա թե ումից են հողի հարկ գանձում մեր քաջարի հարկահանները: Որպեսզի ճշմարտության դեմ չմեղանչենք, նշենք, որ Բարեկամավանում միայն խավար չէ, կա նաև մի փոքրիկ լույս և լույսի սպասում, այսինքն` սխալ կլինի ասելը, թե իշխանություններն ընդհանրապես ոչինչ չեն անում: Գյուղապետի տեղեկացմամբ` խոստացել են, որ այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին գազիֆիկացման աշխատանքները սկսվելու են:

- Անցյալ տարվա ընթացքում մեկ անգամ եկել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քանի որ մարզխորհրդի նիստի ժամանակ հարց եմ բարձրացրել, որ մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս, շատ վատ է վիճակը,- տեղեկացրեց Գ. Աբազյանը:- Փոխվարչապետը հայտարարեց Բարեկամավանի տարի, խոստացավ ծրագրեր իրականացնել: Դրանից հետո փոխվարչապետի մոտ խորհրդակցություն է եղել, և «Հայաստան\ համահայկական հիմնադրամի տնօրեն պարոն Վարդանյանին հանձնարարվել է, ու խոստացել են, որ 60 հեկտարի աշնանացանը հիմնադրամը կֆինանսավորի, և անցյալ տարի ֆինանսավորեցին: Այս տարվա համար դպրոցի վերաբերյալ ծրագիր կա, բայց չգիտեմ, առայժմ չեն սկսել:

Եկող ամիս համայնքում սպասում են եկեղեցու բացմանը, բայց դա պետության հետ որևէ կապ չունի: Գյուղապետի տեղեկացմամբ` Ստավրոպոլում Բարեկամավանի նախկին բնակիչներից մի մեծահարուստ կա, ոստիկանության գեներալ, նա է կառուցում: Գ. Աբազյանը աղետալի վիճակից դուրս գալու ինչ-որ ելք տեսնում է, միայն թե նրան լսող լինի:

- Առաջարկում եմ Ազգային ժողովում ստեղծել սահմանամերձ բնակավայրերի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով, դրանում ներկայացուցիչներ ընդգրկել սահմանամերձ համայնքների ղեկավարներից,- ասաց գյուղապետը:- Անհրաժեշտ է հողի հարկից ազատել, ինչ որ պայման ստեղծել, որ մարդիկ այստեղ մնան, ասենք` մինչև 1000 դրամի էլեկտրաէներգիայի ծախսը սուբսիդավորմամբ ազատել վճարումից, միջազգային ծրագրերով Հայաստանին հատկացվող անասուններից ինչ-որ գլխաքանակ հատկացնել համայնքին: Այստեղ լավ արքայանարինջ է լինում, բայց ֆինանսավորող չունենք, որ պահուստային հողերի վրա մինչև 20 հա արքայանարնջի ծառեր տնկենք: Դրա սպառման շուկան կա, իրացնողներն իրենք են գալիս հավաքում: Շատ եկամտաբեր բան է դա, նորմալ ծառը տարեկան մինչև 200 կգ բերք է տալիս, իսկ 1 հեկտարի վրա հնարավոր է 400 ծառ տնկել:

Մեկնաբանություններ (1)

Aram
Tavushi marzi bolor gyughern el ayd vichakum en. Ijevani u Dilijani kensamakardakov en chapum marzi masin, bayc Dilijann el e datarkvel hamarya.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter