HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժեքները և այլընտրանքայինները

Այլընտրանքային լրատվադաշտը կամ ավելի մատչելի ընկալման համար՝ սոցցանցերը, հասանելիության նորանոր տարածքներ են նվաճում` մագլցողականության աննախադեպ եւ նույնիսկ անհաշվարկելի օգտատերերի դաշտ մուտք գործելով կայծակնային արագությամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականություններով:

Կացությունը հասել է այնտեղ, որ լրատու գործակալությունը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նյութերի տարածման համար ոչ թե մնում է այլընտրանքային լրատվադաշտի հետ, այլ օգտագործում է այն` իր հրապարակած նյութերի տարածման  համար: Այսօր գրեթե չկա թերթ կամ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց, որ Ֆեյսբուքի իր էջերով հատուկ ճիգ չի խնայում իր ընթերցող հասարակության թիվը բարձրացնելու համար: Քանակական ոստումներ կատարելու ինքնամղումից մեկնած թերթերի ընկերային էջերը աշխատում են օրնիբուն, ժամառժամ, րոպե առ րոպե՝ մի ժամ առաջ իսկ թողարկված լրատվությունը ժամանակավրեպ չդարձնելու համար: Ներկա ժամանակներում թարմացման կշռույթը վայրկենական է, իսկ հետ մնալը կամ թարմացման ժամանակակից կշռույթը չհարգելը պարզապես անմրցունակության ցուցանիշ է:

Արագությունն ու զգայացնցումը այսօրվա լրատվության արժեքային համակարգի առաջին չափանիշերն են դարձել: Մնացյալը թվում է, թե երկրորդական նշանակություն ունի: Հավաստիությունը, առարկայականությունը, լրագրական բարոյագիտությունը, ինքնագրաքննությունը եւ նման այսօրվա ընկալմամբ դասականացած արժեքները այլընտրանքային լրատվադաշտի համար ժամանակը կորցրած «ապրանքանիշեր» են, որոնք շուկայի կողմից պահանջարկ չունեն:

Այս մասին տակավին կարելի է երկար գրել, օրինակներ մեջբերել, դասական եւ այլընտրանքային լրատվադաշտերի մասնագիտական համեմատությունը կատարել: Այս նախաբանը ամփոփ բնութագիրն է այսօրվա պատկերի՝ պարզապես արագ անցում կատարելու համար դեպի հայկական տեղեկատվական այլընտրաշխարհը:

Տաբուներ քանդող լուր տարածելու ներկա կարելիությունները քանդում են նաև այն պատնեշները, որոնք սկզբունքով պիտի սահմանազատեին մարդ անհատը և տվյալ հաստատության կամ կազմակերպության լուր տարածելու կարելիությունները: Այսպես. եթե մի թերթ հազարավոր բարեկամ ունի Ֆեյսբուքում, շուրջ նույնքան բարեկամ,  ուրեմն նաեւ ընթերցող կարող է  ունենալ անհատը այսօր, որ հավասար միջոցն ու հավասար քանակը կարող է  ունենալ պաշտոնական թերթի հետ` իր խոսքը տարածելու, իր կարծիքը ընթեռնելի դարձնելու, այլ խոսքով՝ ինքնադրսևորվելու: Զգայացունց գրառումը բավարար է, որ հանկարծ արագությամբ աշխատեն «լայքերը, շեյրերը, ռիքոմենտները» և գրառումը տարածվի ու տարածվի  անընդհատ` հասնելով ծանոթին ու անծանոթին: Այս մեքենական շրջանառությունները հաճախ զուգորդվում են մեկնաբանություններով, տեղի-անտեղի կարծիքներով, երբեմն՝ նյութում չտեղավորվող, երբեմն՝ անտեղի հաստատումներով: Կարևորը այն է, որ քանակի աստիճանաչափը հարվածվում է. մարդիկ իրազեկվում են այն ամենի մասին, ինչն օգտատերն  ուզում է, որ համացանցային հասարակությունը և մեր դեպքում ֆեյսբուքահայությունը իմանա: Կշռույթն ու տարողությունը հասել են այնտեղ, որտեղ քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարություն կատարելու փոխարեն հետզհետե ավելի հաճախակի նախընտրում է դիմատետրի կամ դայլայլիի (թվիթերի) իր էջի վրա գրառում կատարել, որին հղում կկատարեն զանգվածային լրատվամիջոցները:

Վիճարկելի չէ այն տեսակետը, որ ժամանակակից միջոցները պետք է օգտագործել առավելագույնս հայկական լրատվությունները տարածելու համար: Սակայն, անտառի օրենքով կառավարվող այս տարածքներում հաճախ հարվածվում են մեր ազգային արժեհամակարգի հենասյուները: Ոչ հեռու անցյալում էր, որ հարվածվեց մեր բանակը, երբ յութուբի վրա ցուցադրվեցին հայ սպայի կողմից հայ զինվորի նկատմամբ ստորացման նկարահանումները: Աշխարհին հասանելի դարձան նմանատիպ պատկերներ, որոնք խորքում հայ կրթահամակարգը խնդրո առարկա էին դարձնում: Պատահական չէին այս հրապարակումները: Կրթական ոլորտում տարածաշրջանային մակարդակի վրա մրցանիշեր ապահովելու կամ Երևանի` համաեվրոպական բարձրագույն ուսումնական կենտրոնի վերածման միջոցին կատարվեց հայ դպրոցին վերաբերող գայթակղության բացահայտումը: Հայկական բանակի մարտունականության, ընդ որում դարձյալ տարածաշրջանային առումով անգերազանցելիության մասին գնահատականների միջոցին, հրապարակվեցին հայկական բանակի, հայ սպայի ու հայ զինվորի նկատմամբ առնվազն ոչ բարենպաստ պատկեր ստեղծող պատկերներ:

Իսկ հիմա՞: Հայ առաքելական եկեղեցին դարձել է այլընտրանքային լրատվադաշտի առանցքային նյութի առումով վերջին նորաձևությունը: Այս մարզում, իհարկե, խնդիրներ կան, սրբագրելի կետեր կան, բարեփոխության առաջադրանքներ կան, որոնք պետք է քննարկել եւ առաջնորդել լուծման: Բերենք միայն վերջին օրինակը առանց որևէ կողմնորոշման: Պարզ այն հարցումը, թե ինչպե՞ս է պատահում, որ Երուսաղեմի պատրիարքի՝ ամենայն հայոց վեհափառին հղած նամակը նախքան առաքվելը հայտնվում է նույն այդ այլընտրանքային լրատվամիջոցի զանազան տարածքների վրա և վերը նշված միջոցներով արագությամբ եւ մեկնաբանություններով տարածվում է, մեկնաբանվում։

Հրապարակումները, որոնք պատշաճ ոճով եւ նույնիսկ քննադատական մոտեցումով են խոսում եկեղեցու բարեփոխությունների և հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, կարելի է շատ հանգիստ և բնական ընկալել: Սակայն անկախ նրանից, որ հայ եկեղեցու պառակտման մասին կատարվող նկատողություններն ու կարծիքները կամ վարկաբեկիչ նյութերի երևալը կարող են նպաստել աղանդավորական շարժումների ենթահողի ձևավորմանը, հարցը պետք է դիտարկել նաև քաղաքական դիտանկյունից:

Կիլիկիո կաթողիկոսության արած  ուղենշային քայլից հետո` միջազգային օրենսգետների մասնակցությամբ Ցեղասպանության ճանաչումից հատուցում անցում կատարելու գիտաժողովի կազմակերպումով, երկու վեհափառ հայրապետների պահանջատիրական համատեղ հայտարարությունն ու միացյալ կեցվածքը վստահաբար  անհանգստացնում էին շատ շատերին: Ուրեմն պետք էր ջլատել այս համատեղումը: Որովհետեւ թե՛ Էջմիածինը, թե՛ Անթիլիասը, թե՛ Երուսաղեմը և թե՛ Պոլիսը իրենց նվիրապետական աթոռների ճանապարհով այսօր նախապատրաստվում են իբրեւ իրավատեր ու պահանջատեր ներկայանալ Անկարային` վերականգնելու համար մեր համազգային պահանջատիրության մեկ կարևոր բաժինը: Ահա թե ինչու առավել համոզիչ է դառնում, որ պատահական չէ պատրիարքական աթոռից Էջմիածին հղվելիք նամակի արխիվից սպրդումը եւ նախքան հասցեատիրոջը հասնելը երևալ միևնույն այլընտրանքային լրատվադաշտի տարածքների վրա:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը և տեղեկացվածությունը ներկա ժամանակների պահանջած կարգախոսներն են: Այս կարգախոսների շահարկման ճանապարհով ազգային արժեհամակարգի դեմ հարված է տեղի ունեցածը այսօր, որ վաղը կարող է կերպարանափոխվիլ և հարվածել միևնույն համակարգի այլ արժեքները, որոնք հայտնաբար թիրախի են վերածվել: Մանավանդ որ ազգովի հատուցման պահանջատիրական թղթածրարի պատրաստության մեջ ենք բոլորս: Հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հանգամանքները նկատի առնելու հարկադրանքի առջև են կանգնած: Նաև այլընտրանքայինները:

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Մեկնաբանություններ (1)

կարո
Կիսում ենք ձեր մտահոգությունները.հոդվածում ասվածը այն է, որ խնդիրների բարձրաձայնման եղանակը սա չի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter