HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ նորմալ վերաբերմունք է»

«Վրաստանի հայ համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի նախագահության գրանցված թեկնածու Միխեիլ Սալուաշվիլին

Պարոն Միխեիլ, ինչպե՞ս կգնահատեք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման առումով Վրաստանի քաղաքականությունը և ի՞նչ կարևոր խնդիրներ կթվարկեիք:

Ուզում եմ ասել, որ մենք կիսում ենք այն հայացքները, որի վրա դարեր շարունակ հիմնված է վրացական գիտակցությունը: Վրաստանի տարածքը բոլոր ազգությունների, բոլոր մարդկանց բնակելի տարածքն է, որը պարտավորեցնում է նրանց իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: Ինչպես գիտեք, մեր տարածքը բազմիցս դարձել է տարբեր ազգության ներկայացուցիչներին բռնի ուժով Վրաստանում բնակեցման հիմք և Վրաստանում տարբեր պատճառների արդյունքում ձևավորված է բազմազգ հարաբերություններ: Իմ կարծիքով, այս ուղղությամբ Վրաստանում չպետք է խնդիր լինի: Չնայած նրան, որ կան առանձին դեպքեր, որոնք չեն կրում ընդհանուր բնույթ: Իմ կարծիքով, Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ նորմալ վերաբերմունք է:

Մեր կարևորագույն խնդիրը լեզվի չիմացությունն է: Ազգային փոքրամասնությունների այն սերունդները, որոնք կազմավորվել են 70-ական թվականներին, Խորհրդային Միության ժամանակ, որոշպատճառներից ելնելով, շփվում էին ռուսերեն: Ուստի, այն բանից հետո, երբ Վրաստանը ձեռք բերեց անկախություն, առաջին պլան եկավ բնականաբար պետական լեզվի հարցը: Իմ կարծիքով, այն աշխատանքները, որոնք սկսված են Վրաստանում, ազգային փոքրամասնություններին կօգնեն հեշտ ինտեգրվել ամենօրյա կյանք և դա շատ կարևոր է: Բացի այդ, այն սերնդին, որը հիմա մեծանում է՝ ավելի հեշտ է շփվել պետական լեզվով: Խնդիրը կարող է լինել միայն լեզվային: Իմ կարծիքով, Վրաստանում ազգային փոքրամասնությունները այլ խնդիր չունեն:

Ինչպե՞ս կբնութագրեիք Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ: ա) Վրաստան-Թուքիա բ)Վրաստան-Ադրբեջան գ) Հայաստան

Մեր կուսակցության նախագահական նախընտրական ծրագրի բաղադրիչ մասերից մեկը հենց արտաքին քաղաքականության մեր հայացքն է: Այն դեպքում, եթե բնակչությունը կաջակցի մեր նախագահական ծրագրին՝ իմ նախագահ դառնալու դեպքում, պատրաստվում եմ Կովկասում ստեղծել նոր տարածաշրջանային միջազգային կազմակերպություն - «Կովկաս – խաղաղության տուն»: Ինչպես գիտեք, Կովկասի տարածաշրջանը 5 պետության միություն է – Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Մեր նախագահական ծրագիրը հաշվի է առնում այս հինգ պետությունների հիման վրա ստեղծել կազմակերպություն, որի հիմնական գաղափարը և գործունեությունը կլինի Կովկասում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով  լուծում, որն ինքնին հնարավոր կդարձնի, որպեսզի այս երկրների պետական շահերը համընկնեն: Այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերություններ են: Դադարեցված են դիվանագիտական հարաբերությունները: Նույնն է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ... Չնայած այս լարված իրավիճակին, միակ ելքը մենք տեսնում այս միության կենտրոն ստեղծելու մեջ՝ կազմակերպություն, որը կաշխատի առկա խնդիրները հաղթահարելու վրա: Այս բարդագույն տարածաշրջանում խնդիրները կարելի է լուծել միայն բանակցությունների և փոխհամագործակցության ճանապարհով:

Ձեր նախագահության դեպքում, տեսնու՞մ եք արդյոք Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտություն, եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ: Եթե ոչ՝ ինչու՞:

Մեր բազմադար պատմության ընթացքում, Կովկասի տարածքում վրաց և հայ ազգերը, այն միակ ազգություններն են, որոնք համագործակցել են: Մենք դարերի ընթացքում անցել ենք համագործակցության տարբեր փուլեր:Կար ժամանակ, երբ Վրաստանը կորցրել  էր իր պետականությունը: Գիտեք, որ 11-րդ դարից Հայաստանն էլ նմանապես կորցրել էր պետականությունը և ազգը գտնվում էր իր պատմության ամենածանր ժամանակաշրջանում: Այնուհետև, երբ որոշ պատճառների արդյունքում մեր երկու ազգերը հայտնվեցին մեկ պետությանկազմում, դեռ Ռուսաստանի կայսրությունում և այնուհետև Խորհրդային միությունում, բնական է, մեր հարաբերությունների վրա ազդեցություն գործեց կայսրական քաղաքականությունը, որը կայանում էր կայսրության կազմում գտնվող ազգությունների միջև լարվածություն ստեղծելու մեջ: Հիմա, փաստորեն, Հայաստանը և Վրաստանը անկախ պետություներ են: Մենք ունենք ճշմարիտ ընկերության և փոխհամագործակության վրա հիմնվելով՝ հարաբերություններ ձևակերպելու և զարգացնելու հնարավորություն: Մեկ անգամ ևս կրկնում եմ. Համարում եմ, որ միասնական կովկասյան կազմակերպության ստեղծումը, էլ ավելի բարձր մակարդակի կհասցնի նրա (կազմակերպությունում) անդամ յուրաքանչյուր երկրի հարաբերությունը մնացած անդամ երկրների հետ: Գիտեք, որ Վրաստանի տարածքի մոտավորապես 8-9 տոկոսի վրա ապրում է հայ բնակչություն և նրանց ինտեգրումը վրացական պետության կառուցման մեջ՝ կդառնա հայկական պետության հետ մեր նորմալ և լավ հարաբերությունների երաշխիք: Մեր անկախ պետությունները այսօր կարող են  ստեղծել այն ճշմարիտ բարեկամությունը և համագործակցությունը, որն անզոր էին ստեղծել այլ երկրի կազմում լինելու ժամանակ: Մշակութային, տնտեսական, կրթական... Գոյություն ունեն բազմաթիվ այլ ոլորտներ, որոնց միջոցով մենք կարող ենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները հասցնել բարձր մակարդակի:

Դուք համարու՞մ եք, որ այս ամենը հնարավոր է, հաշվի առնելով Վրաստանի մտերիմ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ռազմական հարաբերություններից սկսած, բոլոր մնացած ոլորտները ներառյալ, հիմնված  է բազմաթիվ պայմանագրերի վրա: Հնարավո՞ր է, որ Վրաստանը առանձնանա Թուրքիա-Ադրբեջանական տանդեմից և իրոք վարի անկախ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության հետ:

Ապրել փակ դռների ետևում, դա նորմալ չէ: Բոլորս տարբեր հարևանություն ունենք: Միևնույն ժամանակ բոլորս, մեր պետական շահերից ելնելով, պետք է կառուցենք հարաբերություններ մեր հարևանների հետ: Հնարավոր է որևիցէ երկիր, որոշակի փուլում, չկարողանա նորմալ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն բարյացակամ հարևանի դիրքորոշումը ոչ թե պետք է խորացնի և բարդացնի հակամարտությունը, այլ ամեն կերպ փորձի օգնել հարաբերությունները վերականգնելու մեջ: Ուստի, Վրաստանի դեպքում, մենք համարում ենք, որ կարող ենք լինել միատարր կամուրջ այն հարաբերությունների բարելավման մեջ, որը ցավոք, այսօր գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Այնպես ինչպես Հայաստանի Հանրապետությունը ևս կարող է իր պոզիտիվ ներդրումն ունենալ մեր հարևան երկրների հետ հարաբերություններում: Այսքանով, ոչ թե անհնար եմ համարում, այլ պարտադիր է, որ բոլոր հարևանների հետ, հարևանությունը պայմանական է, ուզում եմ ընդգծել, այսօր աշխարհն այնպես է զարգացել, որ տարածքային գործոնն այլևս խանգարող հանգամանք չէ, ուստի, մեր՝ որպես անդրկովկասի կենտրոնական պետության դերը, հենց այս «փակ դռները» բացելու մեջ պետք է կայանա: Այդ դերն իրականացնելու միակ ելքը՝ ըստ մեզ, անդրկովկասյան, տարածաշրջանային, միջազգային կազմակերպության ստեղծման մեջ է կայանում: Ինձ թվում է, եկել է ժամանակը, երբ մենք մեր սեփական ուժերով պետք է կարևորագույն դեր խաղանք մեր հարաբերությունների կարգավորման գործում:

Ձեզ հայտնի է, որ Վրաստանը 90-ական թվականներին ԵԽ անդամակցվելու պահին, մի քանի պարտականություն է ստանձնել ազգային և լեզվական փոքրամասնությունների պաշտպանման վերաբերյալ: Այդ պարտականություններից էր՝ տարածաշրջանային լեզուների մասին կանոնադրության վավերացում և իրականացում: Պատրաստվու՞մ եք արդյոք, նախագահ դառնալու դեպքում, կոչ անել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին (խորհրդարանին և վարչապետին)՝ միջազգային պարտավորությամբ ընդունել օրենսդրական փոփոխություններ:

Երբ քննարկում ենք որևէ հարց, պարտադիր է պաշտպանել տերմինաբանական ճշգրտություն, որպեսզի գիտենանք ինչի մասին է խոսքը: Այն կանոնադրությունը, որը հիմնվում է տարածաշրջանային լեզուների զարգացման և աջակցման սկզբունքի վրա, այդ խարտիան հաշվի է առնում այն ազգերի ներկայացուցիչների խոսակցական լեզվի պահպանման երաշխիքի ստեղծում, որոնք չունեն այդ լեզուն բարձր մակարդակով պահպանելու հնարավորություն: Այս փոքր ազգությունները բնակվում են նաև Վրաստանում, սակայն խոսքը այն ազգությունների մասին է, որոնք չունեն սեփական պետականություն: Ուստի համարում եմ, որ տարածաշրջանային լեզուների այս ձևով պահպանումը ցանկացած պետության պարտքն է, եթե նրա տարածքում ապրում է ազգ, որը զուրկէ պետականությունից, երկիրը պետք է անի ամեն բան, որպեսզի աջակցի նրանց ազգային ինքնության պահպանմանը: Այս սկզբունքից ելնելով, իմ՝ որպես նախագահի ջանքը կլինի ուղղված Վրաստանում բնակվող սակավաթիվ ազգերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, իրենց խոսակցական լեզուն պահպանելու համար:

Ցանկանում եմ ուղղում մտցնել*), այս կանոնադրության մեջ կոնկրետ ասված է, թե որ խմբերի վրա է տարածվում այս խարտիան և Վրաստանում բնակվող ազգային-լեզվական փոքրամասնությունների անդամները բավարարում են կանոնադրությունում առաջ բերված չափանիշները: Համապատասխանաբար, խոսքը այն մասին է, որ նշված խարտիան վավերացնելու դեպքում պետությունը իր իսկ երկրի քաղաքացիների համար կստեղծի ազգային ինքնության պահպանման երաշխիքներ և որ կարևոր է՝ այս տարածաշրջանում բնակվողներին ընձեռվում է հնարավորություն լիարժեքորեն լինել ներգրավված երկրի կյանքում, միևնույն ժամանակ իրենց մայրենի լեզվով շփվելու միջոցով կապ հաստատել տարածաշրջանի պետական կառույցների հետ:

Ինչ վերաբերում է երկրի տարածքի տարբեր անկյուններում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով խոսելու իրավունքի մասին, բացարձակապես համաձայն եմ: Ես համարում եմ, որ միասնական և անկախ պետության պարտքն է, իր տարածքում բնակվող բոլոր ազգերին տալ մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն: Ինչ վերաբերում է պետական-տարածաշրջանային և մարզային մարմինների հետ հարաբերություններին, սա միասնական պետություն է, որը վրացական պետություն է և պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ինտեգրումը տեղի ունենա հենց պետական լեզվի միջոցով: Նրանք պետք է ունենան մայրենի լեզվով ոչ միայն միջին, այլև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ նրանք պետք է հարգեն և զգան որ ապրում են այնպիսի պետությունում, որն ունի պետական լեզու և որպեսզի նրանք այդ երկրում իրենց չզգան օտար՝ պետք է տիրապետեն պետական լեզվին, որպեսզի կարողանան իրենց ներդրումն ունենալ երկրի կառուցման գործում: Իմ կարծիքով, սա այն ելք է այն բարդ իրավիճակից դուրս գալու համար, որը ստեղծվել է որոշ պատմական գործոնների արդյունքում:

Ձեր կարծիքով, ո՞րն է Աբխազիայում կոնֆլիկտի պատճառ և որո՞նք են նրա լուծման ուղիները:

2002-03թթ. աշխատում էի որպես Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական: Աբխազիայում, ինչպես նաև Սամաչաբլոյում սկսված կոնֆլիկտները, բնականաբար ունեն իրենց պատմությունը, որը շատ թե քիչ գալիս է Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Դժվար, կարողանամ այս հարցազրույցի շրջանակներում լիովին բացել նշված կոնֆլիկտների էությունը և նրանց զարգացման պատմությունը:Երկու խոսքով ասեմ, որ առաջին հերթին այն կոֆլիկների վրա, որոնք զարգացան Խորհրդային կայսրության թե մասնատումից, թե անկումից հետո, ազդում էին տարբեր գործոններ և ուժեր: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Գիտեք, 90-ական թվականներին առաջ քաշվեց Հարավային Օսեթիայի ինքնավարության վերացման հարցը: Ինչ վերաբերում է Աբխազիայի խնդրին, այն ժամանակաշրջանում լարվածություն կար, սակայն այս խնդիրը լուծվեց այնտեղ անցկացված ընտրություններից հետո: Ցավոք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին հաստատված իրականությունը և Վրաստանում անօրինական ճանապարհով իշխանափոխությունը պայմանավորեց այն գործոնները, որին հետևեցին Վրաստանի այս հնագույն տարածաշրջանում զարգացած իրադարձությունները:

Այս հարցին լուծում կարող է տրվել մի քանի տեսանկյունից: Դրանցից մեկը, բացի նրանից, որ արդեն նշել եմ Կովկասի «Միասնական տուն»-ի ստեղծման գաղափարի հետ կապված, մենք նաև ունեն ամուր ձևակերպված դիրքորոշում, որ իմ նախագահության դեպքում ամեն բան կանենք, որպեսզի Վրաստանը վերցնի մշտական ռազմական չեզոքության կողմնորոշում:Վրաստանը, ներկայանում է որպես այս բարդագույն տարածաշրջանի, Կովկասի տարածաշրջանի կենտրոնական պետություն և համապատասխանաբար պետք է լինի ռազմականորեն չեզոք: Վրաստանը միայն նման կարգավիճակի ձեռքբերման դեպքում կունենա հնարավորություն և բարոյական իրավունք, հանդես գա որպես նման տարածաշրջանային կազմակերպության ստեղծման նախաձեռնող: Կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու միակ ուղին խաղաղ ճանապարհն է և այսպես պետք է լինի նաև մեր դեպքում: Տարածաշրջանում առկա կոնֆլիկտների լուծումը պետք է հիմնվի Վրաստանի մշտական ռազմական չեզոքության վրա:Ինչպես գիտեք, ռազմական չեզոքություն նշանակում է, որ Վրաստանը իր վրա է վերցնում պարտականություն, որ նրա տարածքը երբեք չի դառնա օտար երկրի ռազմական ուժերի տեղակայման վայր և համապատասխանաբար չի վերածվի այլ երկրների ռազմական գործողությունների դաշտի երրորդ պետության հետ կոնֆլիկտում: Ինչպես նաև, Վրաստանի զինված ուժերը երբեք չեն մասնակցի տարբեր տարածաշրջաններում ընթացող ռազմական գործողություններին, այսինքն Վրաստանը պետք է հանդես գա խաղաղարար նախաձեռնությամբ, որպեսզի մեր արարքը դառնա օրինակելի այլ երկրների համար:

*) «տարածքային կամ փոքրամասնությունների լեզուներ» տերմինը կիրառվում է այն լեզուների նկատմամբ, որոնք՝

ավանդաբար գործածվում են պետության տվյալ տարածքում այդ պետության այն քաղաքացիների կողմից, ովքեր ավելի փոքրաքանակ խումբ են կազմում, քան այդ պետության մնացյալ բնակչությունը

տարբերվում են այդ պետության պաշտոնական լեզու(ներ)ից.

Այդ տերմինը չի տարածվում հիմնական լեզու(ներ)ի բարբառների-ներգաղթածների վրա.

(«Եվրոպական խարտիա տարածքային կամ փոքրամասնության լեզուների մասին», Մաս I, (Ընդհանուր դրույթներ) հոդված 1. )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter