
Ոճիր եւ պատիժ. հայկական տարբերակ
Ստեփան Դանիելյան
ԶԼՄ-ներն ամեն օր մեզ տեղեկացնում են բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք կատարում են պետական պաշտոնյանները, սակայն որևէ պատիժ այդ բացահայտումներին չի հետևում: Այդ երևույթն արդեն ունի համակարգային բնույթ և շատ կարևոր է հասկանալ դրանց պատճառները:
Վերջին ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական պատմությունը լի է ոճիրներով, այսինքն ծանր հանցագործություններով, սակայն պատժի`կատարածի համար պատասխանատվություն կրելու մասին որևէ նշանակալի դեպք դժվար է մտաբերել: Ո՞րն է պատճառը: Բոլորս գիտենք, որ դատական համակարգն անկախ չի և ենթարկվում է գործադիր իշխանությանը: Կարելի է ասել, որ ի տարբերություն իշխող Հանրապետական կուսակցության, որին ըստ էության ենթարկվում են պետական կառույցները և որը, եթե հետևեք հայկական մամուլին, իրականում ապաքաղաքական կառույցի է վերածվել, դատական համակարգն ամենաքաղաքականացված կառույցն է և այդ «քաղաքականացվածությունը» արտահայտվում է իր վճիռներում:
Հանրապետականի ապաքաղաքական լինելու և դատական համակարգի «քաղաքական» լինելու պատճառը մեկն է: Դա երկրի կառավարման հակասահմանադրական բնույթն է, այսինքն սահմանադրական մարմինները չպետք է կատարեն իրենց պարտականությունները և հակառակը` կատարեն այն, ինչն իրենց ակնկալում է հակասահմանադրական կառավարման երաշխավորը:
Հայաստանի բնակչությանը կարելի է բաժանել երկու կատեգորիաների, որոնց նկատմամբ կիրառվում է տարբեր «օրենսդրություն»: Երկրորդ կետեգորիան հասարակությունն է, որի նկատմամբ գործող օրենսդրությունն կիրառվում է ողջ խստությամբ և ծանրությամբ, որը նաև առաջին հատվածի համար հանդիսանում է հարստահարման օբյեկտ: Այստեղ ամեն ինչ պարզ է և ավելացնելու ոչինչ չկա: Սակայն բնակչության առաջին կատեգորիան բավականին բարդ կառուցվածք ունի, առավել բարդ է հասկանալ այն «օրենքներն», որոնցով այդ խումբը կառավարվում է:
Բնական է, որ այդ խումբն, որի մեջ մտնում է պետական նոմենկլատուրան, ուժային կառույցները, խոշոր բիզնեսը և քրեական աշխարհի էլիտան, չեն կարող կառավարվել նույն ստանդարտներով, որոնցով սանձահարվում է բնակչության հիմնական զանգվածը և այդ կառավարման հիմնը հայտնի է: ՀՀԿ համագումարի վերջում, երբ մասնակիցները երկար հերթ էին կանգնել առաջնորդին հրաժեշտ տալու համար, կենդանի կատարմամբ հնչում էր ոչ թե երկրի հիմնը, այլ «Դավաճանությունն շանտղություն է» երգը: Երգի տակ հրաժեշտի համար մոտեցող զանգվածը ի ցույց էր դնում իր հավատարմությունն անձամբ առաջնորդին, ինչպես նաև ընդունում իրենց վրա իշխանություն տարածելու «ներքին օրենքները»: Հասկանալի է, որ «դավաճանության» համար պետք է խիստ պատիժներ սահմանվեն:
Պարզ է նաև, որ քրեական հիմք ունեցող խմբավորումը չի կարող պատժվել հասարակ մահկանացուների համար նախատեսված օրենքներով: 2008-ի դեպքերի ժամանակ, ի տարբերություն ձերբակալված քաղբանտարկյալների, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարվեց «դավաճան» և պատժվեց յուրահատուկ եղանակով: Այսպիսով «դավաճաններն», այսինքն նրանք, ովքեր եղել են խմբավորման անդամ և օգտվել են համապատասխան բարիքներից և հնարավորություններից, կամ ավելի ճիշտ մասնակցել են անօրինական գործընթացներին, պետք է պատժվեն այլ եղանակներով. հեռացում խմբավորումից` համապատասխան նվաստացումների միջոցով, կամ զրկվեն ունեցվածքից, կամ ավելի «ծանր հանցագործության դեպքում», կրեն առավելագույն պատիժ, որոնց օրինակներն բազմաթիվ են:
Սա է Հայաստանի կառավարման համակարգի կարևորագույն մեթոդոլոգիան, որի իմացության դեպքում կկարողանաք հասկանալ ներքաղաքագիտական հոդվածների իմաստն ու բովանդակությունը:
Մեկնաբանել