
Հրաչյա Հարությունյանը դեռ որևէ հեռախոսազրույց կամ նամակագրություն չի ունեցել իր ընտանիքի հետ
ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ի վթարից մինչև այսօր հեռախոսազրույց, նամակագրություն չի ունեցել Երևանում բնակվող իր ընտանիքի անդամների հետ: Այս մասին «Հետքին» ասաց վարորդի դուստրը` Լիլիթ Հարությունյանը` հավելելով, որ հոր մասին տեղեկություններ ստանում են փաստաբանի միջոցով:
Ընտանիքի` Ռուսաստանում ապրող բարեկամներին ևս հնարավորություն չի տրվում տեսակցել Հրաչյա Հարությունյանին:
Անդրադառնալով լրատվամիջոցներով տարածված այն տեղեկություններին, որ ինքը պետք է Ռուսաստան մեկներ` Լիլիթ Հարությունյանն ասաց, որ հրաժարվեց այդ ուղևորությունից, քանի որ միևնույն է` Ռուսաստանում չէր կարողանալու տեսնել հորը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ:
Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն էր առաջացրել այն, որ հուլիսի 15-ին ռուս իրավապահները Հրաչյային ծաղրել ու նվաստացրել էին՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով:
Լիլիթ Հարությունյանի խոսքով` հայրն արդեն որոշ չափով հաղթահարել է հոգեբանական ճգնաժամը, ավելի լավ է և փաստաբանի միջոցով բարևներ է ուղարկել ընտանիքին:
Հրաչյա Հարությունյանը դեռ չի հարցաքննվել, քննչական գործողություններին չի մասնակցել. նրան այդ պահանջով իրավապահները չեն դիմել:
Այժմ ընթանում է «ԿամԱԶ»-ի փորձաքննությունը: «Փորձաքննություն է, ու պետք է սպասել, ոչինչ չեն ասում»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Ընտանիքին փաստաբանն ասել է, որ դեռ վաղ է կանխատեսել դատավարության ընթացքը: «Մեծ հույսեր ունենք, որ լավ կլինի»,- ասաց Լիլիթը:
Նա նշեց, որ Հրաչյա Հարությունյանն ունի ազգությամբ ռուս մեկ փաստաբան, ինչպես նաև փաստաբանի օգնականներ:
Լուսանկարում ձախից` Հրաչյայի դուստրը` Լիլիթը, հայրը` Հովսեփը, և կինը` Անահիտը, հուլիսի 16-ին Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի արժանապատվության կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ
Մեկնաբանել