Ջերմուկն ու Կարլովի Վարին մտադիր են համագործակցել
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում, մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ քննարկվել են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարիի երկրամասի, ինչպես նաեւ Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունները տեղափոխվում են նաև միջտարածաշրջանային մակարդակ: Նա նկատեց, որ Ջերմուկն ու Կարլովի Վարին բավականին ընդհանրություններ ունեն, և առողջարանային երկու քաղաքների միջև կարող է հետաքրքիր ու արդյունավետ համագործակցություն հաստատվել: Փոխվարչապետը տեղեկացրեց հանրապետությունում և, մասնավորապես, Վայոց ձորի մարզում իրականացվող զբոսաշրջային ծրագրերի մասին` նկատելով, որ զբոսաշրջային ավանդույթներ ունեցող Կարլովի Վարիի փորձը կարող է օգտակար լինել հայ գործընկերների համար:
Հյուրերն իրենց հերթին նշեցին, որ հետաքրքրված են համագործակցությամբ եւ տպավորված են Ջերմուկի բնությամբ ու առողջարանային հնարավորություններով: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին տեղեկություններ ներկայացրեց երկրամասի մասին` նշելով, որ այն տարեկան մոտ 0,5 մլն զբոսաշրջիկ է ընդունում: Նա նաեւ առաջարկեց քննարկել Կարլովի Վարիի երկրամասի հետ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի կողմերի միջեւ ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ կապերի աշխուժացմանը:
Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել