
Ես ամենազրկված մարդն եմ այս աշխարհում...
Լեռ Կամսար
Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահ ընկեր Փահլևանյանին
Հարգելի ընկ. Փահլևանյան.
Իմ բնակարանի հարցով Դուք կամեցաք ինձ կանչել Ձեզ մոտ: Եվ որովհետև իմ հասցեն չգիտեիք, ամբողջ մի ամիս սրան-նրան հարց ու փորձ եք արել այն գտնելու համար: Վերջում գտաք ու կանչեցիք ինձ:
Բայց բանից դուրս եկավ, որ ինձ կանչում էիք ոչ թե բնակարան տալու, այլ... չտալու համար:
Զարմանք բան:
Եթե դիմում տված լինեի Ձեզ, Դուք կարող էիք վրան մակագրել՝ «մերժել»: Բայց ես Ձեզ դիմում չեմ տվել: Ձեր մերժումը ինչի՞ վրա պիտի մակագրեիք:
Եվ հետո, այսքան դժվարությամբ (մանավանդ) կանչել ու մերժելը շատ նման է այն մարդու արարքին, որ մի շատ կարիքավոր աղքատի կանչում է իր տուն նրա համար, որ ասի՝ ոչինչ չունեմ քեզ տալու:
Խոսելով ըստ էության, ասեմ, որ ես, որպես մարդ, շատ եմ սակավապետ, Դիոգենեսի տակառի մեջ էլ կարող եմ ապրել, բայց այստեղ մի ուրիշ հաշիվ կա:
Թույլ տվեք նախքան այդ «հաշվին» անցնելը պատմել Ձեզ հետևյալը:
Մի օր գրողների տանը ինձ մոտեցավ լավ հագնված, մի գեղեցկադեմ երիտասարդ և ծանոթանալուց հետո ասաց.
-Երբ Դուք աքսորում էիք, այն տարին ես թաղեթաղ ընկած ընտրողների ցուցակն էի կազմում Գերագույն սովետի համար: Այդ շրջագայության ընթացքում մտա մի քանդված բակ և կանգ առա հողաշեն, հողածեփ ու ըստ ամենայնի մի շատ տխուր տան առաջ, որի շեմին նստած էր մի վշտալի պառավ, «Մայր Հայաստանի» նման երեսը ձեռքի մեջ առած: Հարցրի՝
-Մայրիկ, սա ո՞ւմ տունն է: Ասաց՝ Լեռ Կամսարի:
Այս անունը լսելիս մի անգամ էլ նայեցի տխուր տանը ու վշտալի պառավին և հուզմունքս պահելու համար թողի հեռացա, առանց քաղաքացիական պարտքս կատարելու:
Հիմա՝ գիտե՞ք ինչ, ընկե՛ր Փահլևանյան, ես 70 տարեկան մարդ եմ, օժտված սրտի հիվանդությամբ, եթե վաղը չմեռնեմ, մյուս օրը անպայման կմեռնեմ: Մեռնելիս իմ հուղարկավորները պիտի գան դագաղս վերցնելու: Այդ հուղարկավորների մեջ, չեմ կասկածում, կլինեն վերոհիշյալ երտասարդի նման նրբազգաց ու սրտացավ մարդիկ, որոնք նույնպես նայելով իմ տխուր տանը և վշտալի պառավին, իրենց հուզմունքը ծածկելու համար կթողնեն, կհեռանան, առանց իրենց հուղարկավորության պարտքը կատարելու...
Ահա սոսկալին...
Մահվանս նախօրյակին կագնած-նայում եմ մե՛կ Ձեզ, մե՛կ էլ թաղման բյուրոյի վարիչ Շահապունուն և ասում ինքս ինձ.
-Աշխարհում մարդ էլ կա՝ մարդ էլ: Այն ժամանակ, երբ ընկեր Փահլևանյանը չուզեցավ ինձ այս անցավոր աշխարհում մի ժամանակավոր բնակարան հատկացնել, Շահապունին պատրաստ է ուզածս րոպեին ինձ հավիտենական բնակարան հատկացնել՝ իր բոլոր հարմարություններով...
Աշուղ Ջիվանին ասում է՝ աշխարհը հյուրանոց է, մարդիկ հյուր են, կուգան ու կերթան: Ես էլ համաձայն եմ աշուղի այս կարծիքին:
Բայց, ընկե՛ր Փահլևանայան, ես վճռել եմ. այն օրը, երբ այս անցավոր աշխարհում ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Դուք, Ձեզ նման, ե՛ս էլ մի ամիս ամբողջ Ձեր հասցեն կփնտրեմ ու կգամ Ձեզ մոտ: Մենք նստած կպատմենք մեր հիշողություններից, և ես Ձեզ կհարցնեմ.
-Ընկե՛ր Փահլևանյան, հիշո՞ւմ եք այն օրը, երբ Ձեզանից բնակարան խնդրեցի, ու Դուք չտվիք:
-Դժբախտաբար՝ այո՛, հիշում եմ այդ օրը, - պիտի ասեք ցավելով ու ավելացնեք: - Բայց, Լեռ Կամսար, ազնիվ խոսք եմ տալիս, երբ վերջին դատաստանին հարություն առնենք, իմ ֆոնդի առաջին բնակարանը քեզ եմ հատկացնելու:
Իսկ ես, Ձեր լավության տակից դուրս գալու համար, պիտի ասեմ.
-Եթե Դուք այդ լավությունն անեք ինձ, ես էլ արքայության մեջ իմ կողքին տեղ կպահեմ Ձեզ համար:
Իսկ որ ես արքայություն պիտի գնամ, դրանում ոչ մի կասկած լինել չի կարող:
Քրիստոսն ասում է՝ այս աշխարհում բոլոր զրկվածները հանդերձյալում կվարձատրվեն:
Իսկ ես, ինչպես գիտեք, ամենազրկված մարդն եմ այս աշխարհում...
Մնամ Ձեզանից ոչինչ չսպասող՝
Լեռ Կամսար
1958 թ., դեկտեմբերի 29
Առաջին լուսանկարում՝ Լեռ Կամսարի տունը Երեւանում
Մեկնաբանել