HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Կադաստրի ստորաբաժանման ղեկավարն արդարացվեց, քաղաքացին զրկվեց իր տնից

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար 50-ամյա Կ. Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը):

2010 թ. նոյեմբերի 30-ին Կոլյա Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ Քր.օր.-ի 308 հոդվածով Խաչատրյանին սպառնում էր տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Համաձայն մեղադրական եզրակացության` Կ. Խաչատրյանը 2009 թ. հունիսի 12-ին խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 15-րդ, 21-րդ, 22-րդ, 41-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջները, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թ. հոկտեմբերի 2-ի 310-Ն հրամանի պահանջները, առանց մյուս սեփականատիրոջ` Նինա Խոջումյանի դիմումի կամ լիազորագրի, անշարժ գույքի պետռեգիստրի տարածքային ստորաբաժանում է ընդունել Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան բնակիչ Լամարա Խոջումյանի դիմումը Մյասնիկյան-14 հասցեում գտնվող բաժնային սեփականության իրավունքով բնակելի տան նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ:

Բացի դրանից` Խաչատրյանը Նինա եւ Լամարա Խոջումյաններին հատկացրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 108.8 բնակելի մակերեսով եւ 913 քմ հողամասով. այդ վկայականում ընդգրկվել է նաեւ դեռեւս 1959 թ. որպես առանձին գույքային միավոր գրանցված, կադաստրային քարտեզում արտացոլված, Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանին պատկանող Մյասնիկյան փողոցի թիվ 18 տունը:

Մեղադրական եզրակացության համաձայն` Խաչատրյանը  խախտել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թ. հուլիսի 19-ի 207-Ն հրաման-հրահանգի պահանջները եւ սահմանված կարգով Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան բնակելի մասերի, ինքնակամ կառուցված մասերի եւ հողամասի 113 քմ-ի համար չի ապահովել ուրվագծերի ճշգրտությունը, որի հիման վրա էլ չի համեմատել գույքի փաստացի վիճակը կադաստրային գործում առկա կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի տվյալների հետ, պարտադիր գրառումներ չի կատարել անշարժ գույքի որակական, քանակական տվյալների փոփոխության կամ համապատասխանության վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի` օրենսդրության պահանջների չպահպանման հետեւանքով Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանին, Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 18 տան տնատիրության` որպես առանձին գույքային միավորի` Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան մեջ ընդգրկմամբ եւ սեփականության իրավունքից զրկմամբ պատճառել է վեց միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար դրամի նյութական վնաս: Մարտի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն արդարացրեց Կոլյա Խաչատրյանին:

Տավուշի մարզի դատախազությունը բողոքարկեց այդ դատավճիռը: Սակայն քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը: Դատախազությունը բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը չի ընդունել, Կոլյա Խաչատրյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Փաստորեն, ծանր հիվանդ Մեխակ Պողոսյանն այդ վճռով զրկվեց իր տնից: Իջեւանում տարբեր կերպ են մեկնաբանում Խաչատրյանի արդարացումը:

Ոմանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատավարության ընթացքում Խաչատրյանը վաճառել է Երեւանում գտնվող իր բնակարանը: Կան իրավաբաններ, որոնց կարծիքով` այս գործով նախաքննությունը թերի է կատարվել, ինչի պատճառով էլ Խաչատրյանն արդարացվել է: Ոմանք էլ կարծում են, որ այս դատավճիռը լիովին տեղավորվում է դատախազություն-դատարան հարաբերությունների վատթարացման շրջանակներում, որի արդյունքում դատարանները սկսել են արդարացման վճիռներ կայացնել:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter