
«Այցելել էին» տրանսվեստիտ-մարմնավաճառի, արդյունքում 6 տարի ստացան
Այս տարվա մարտին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (դատ.` Մխիթար Պապոյան) 6-ական տարվա ազատազրկման են դատապարտվել երկու երիտասարդ, որոնք գործ են ունեցել սեռը փոխած մարմնավաճառի հետ:
23-ամյա Նարեկն ու 20-ամյա Ռոբերտը դատապարտվել են ավազակության մեղադրանքով, ընդ որում, ըստ վճռի՝ եղել է նախնական համաձայնություն, ուրիշի տուն ապօրինի մուտք եւ իբրեւ զենք կիրառվող առարկայի օգտագործում:
20-ամյա Ռոբերտը «Օդնոկլասնիկի» սոցկայքի միջոցով ծանոթացել է տրանսվեստիտ Նիկայի (Նիկիտա, փաստաթղթերում՝ Վ. Սաֆարյան) հետ, օգտվել է նրա ծառայությունից, սակայն, ինչպես ինքն է նշել ցուցմունքներից մեկում, ինտիմ հարաբերություն չի ունեցել, քանի որ Նիկան բացահայտել է իր ով լինելը: Ռոբերտի միջոցով Նիկայի մարմնավաճառ լինելու մասին տեղեկացել է նաեւ Ռուսաստանից եկած նրա ծանոթը՝ Նարեկը, որի հետ նախկինում ապրել են նույն թաղում:
Դատարանը երկու ամբաստանյալների բոլոր ցուցմունքների մեջ արժանահավատ է համարել եւ գործի հիմքում դրել միայն մեկը. դա եղել է նախաքննական մարմին տված Ռոբերտի առաջին ցուցմունքը: Ըստ այդմ՝ Նարեկը ֆինանսական խնդիրներ է ունեցել եւ, իմանալով Նիկայի մասին, կրտսեր ընկերոջն առաջարկել է գնալ նրա տուն եւ հափշտակել մարմնավաճառի գումարները: Դրա համար Նարեկը որոշել է իբրեւ ինտիմ ծառայությունների հաճախորդ այցելել Նիկային, ինչն էլ իրագործել են երկուսով: Խանութից գնել են ատրճանակ-կրակայրիչ, կպչուն ժապավեն եւ պայմանավորվել հանդիպել: Նիկային տղաները այցելել են 2012-ի հոկտեմբերի 17-ի երեկոյան: Տանը Նարեկը մարմնավաճառի ուղղությամբ է պահել «ատրճանակը», ինչը Նիկան իրականի տեղ է դրել: Ապա Նարեկը վերցրել է պահարանի մեջ գտնվող Նիկայի գումարները, ինչից հետո Ռոբերտի հետ կպչուն ժապավենով կապկպել են նրան եւ հեռացել: Գումարը կիսել են իրար մեջ:
Ի տարբերություն նախաքննական ցուցմունքների՝ Ռոբերտն ու Նարեկը դատարանում միանման են արտահայտվել: Նրանց պատմելով՝ Ռոբերտը նախկինում այցելել է Նիկային, սակայն 40.000 դրամ վճարելուց հետո հարաբերություն չի ունեցել, քանի որ մարմնավաճառն ասել է, թե հարազատները տուն են գալիս: Գումարը թողնելով՝ Ռոբերտը հեռացել է: Մի քանի օր անց Ռոբերտն այցելել է Նարեկի հետ, վերջինս իր հերթին վճարել է եւս 40.000՝ ծառայություն մատուցելու դիմաց, իսկ Ռոբերտը պահանջել է իր նախկին գումարը, որը վերադարձնել Նիկան չի ցանկացել: Ռոբերտը դատարանում ասել է, որ իրենք սկսել են վիճել մարմնավաճառի հետ, երբ Նիկան չի վերադարձել իր 40.000-ը, իսկ Նարեկը ցուցմունք է տվել, որ վեճ է սկսվել, երբ Նիկան խոստովանել է, որ տղա է: Ըստ մեղադրյալների՝ վեճից հետո Նիկան այդուհանդերձ տվել է իրենց 80.000-ը, եւ իրենք հեռացել են, հարձակում չի եղել, կրակայրիչ-ատրճանակն էլ տուժողը չի տեսել: Տղաների հավաստմամբ՝ ժապավենը եղել է Ռոբերտի համակարգչային սրահի համար, իսկ կրակայրիչը՝ նվեր նրա ընկերոջը:
«Ատրճանակը» Ռոբերտը հետո թաքցրել է Շահումյան թաղամասում, բայց ոստիկաններին ցույց տալու ժամանակ պարզվել է, որ միայն տուփն է մնացել. ինչ-որ մեկը վերցրել է առարկան: Գործին իբրեւ իրեղեն ապացույց կցվել է այդ տուփը եւ 115.000 դրամը, որը Ռոբերտը տոպրակի մեջ նույնպես թաքցրել էր: Նարեկի մոտ եղած գումարները, որոնք տղան պահել է բերակամի տանը, մայրը, իր հայտարարության համաձայն, ծախսել է:
Տուժողից վերցված գումարի մասին հակասությունները նույնպես շատ են: Մարմնավաճառը նշել է մեկ 800.000, մեկ 1 մլն դրամ: Հետո դատարանում ասել է, թե ոստիկանությունում գրել է 800.000-1.000.000, քանի որ հստակ չափը չի հիշել, բայց եղել է 800.000 դրամ, որի կեսը ամբաստանյալների մայրերը փոխհատուցել են իրեն: Առկա հակասությունների պարագայում դատարանը, ըստ օրենսդրության, չփարատված կասկածները մեկնաբանել է հօգուտ մեղադրյալների եւ, հիմք ընդունելով Ռոբերտի նախաքննական ցուցմունքը, հաստատել հենց նրա նշած գումարը՝ 220.000: Ռոբերտ ասել, էր Նարեկն այդ գումարից 100.000-ն է տվել իրեն, իսկ տոպրակից հայտնաբերված մնացած 15.000-ը իր անձնականն է: Դատարանը հայտնաբերված 115.000 դրամը որոշել է վերադարձնել տուժողին:
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատ.՝ Հենրիկ Տեր-Ադամյան) հուլիսին մերժել է Նարեկի ու Ռոբերտի պաշտպանների բողոքը եւ ուժի մեջ թողել ստորադաս ատյանի վճիռը: ՀՀ Քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 6-10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 23-ամյա Նարեկն ու 20-ամյա Ռոբերտը նախկինում դատված չեն եղել, վատառողջ են, իրենց դպրոցների կողմից դրականորեն են բնութագրվել, ինչը մեղմացուցիչ հանգամանք է դիտվել, եւ նրանց հանդեպ կիրառվել է 6-ամյա ազատազրկում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել