Կապանում կխթանվի մեղվաբուծությունը
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը հայտնում է, որ կազմակերպությունը սեպտեմբերի մեկից կմեկնարկի «Մեղվաբուծություն Կապանի տարածաշրջանում» եռամյա ծրագիրը, որին կարող են մասնակցել միայն Կապան քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչները:
Ծրագրի նպատակն է քաղաքացիների համար ստեղծել մեղվաբուծությամբ զբաղվելու մեկնարկային պայմաններ, որը այլընտրանքային եկամուտների աղբյուր կհանդիսանա ծրագրի շահառուների համար: Շահառուների ընտրությունը կկատարվի մրցութային կարգով` ծրագրում նախանշված չափորոշիչների համաձայն (փորձ ու գիտելիքներ մեվաբուծության ոլորտում, սոցիալական կարգավիճակ, մեղվաբուծությամբ զբաղվելու պայմաններ, մոտիվացիա):
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջին երեք տարիների ընթացքում, առանց կանխավճարի և տոկոսադրույքի, շահառուներին օգտագործման իրավունքով տրամադրել մեղվափեթակներ (յուրաքանչյուր շահառուի կտրամադրվի 5 կամ 10 մեղվափեթակներ, և կկնքվեն համաձայնագրեր): Երեք տարվա ընթացքում մեղվափեթակների (յուրաքանչյուր մեղվափեթակ ներառում է` արկղ, մեղու, տաս շրջանակ և մոմաթերթ) առքի գինը յուրաքանչյուր տարի համամասնորեն մարելուց հետո այն կհամարվի շահառուի սեփականությունը: Ծրագրի շրջանակներում մեղվաբույծ-դասընթացավարը շահառուների համար ծրագրի իրականացման առաջին տարում կկազմակերպի գործնական ու տեսական դասընթացներ և շահառուներին կտրվի մասնագիտական գրականություն:
Որակ ապահովելու և իրացմանը նպաստեկու նպատակով «Կայուն զարգացում» ՀԿ-ն պարտավորվում է ծրագրի ընթացքում, ամեն տարի, յուրաքանչյուր շահառուից գնել առնվազն 10 կգ բարձրորակ մեղր և այն տալ զոհված և անհայտ ճակատագրով ազատամարտիկների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին (ընդհանուր` մոտ 600 կգ): Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6.050.000 դրամ:
Ա. Փարսադանյանը հայտնում է նաեւ, որ ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են տեղական հեռուստաընկերությունների միջոցով հետեւել հայտարարություններին կամ պարզապես դիմել իրեն (094-42-59-42):
Ծրագիրը հովանավորում է «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել