HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 կրթական հաստատություն է վերանորոգվում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:

Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը:  Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը:   

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է  52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված  ու բարեկարգ դպրոցներում:  Պատասխանատուները տեղեկացրեցին, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչ նոր ուսումնական  տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:

Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում  էին ոռոգման  եւ խմելու ջրի մատակարարմանը: Բնակիչները տեղեկացրեցին, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ  համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում:

Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաեւ մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ  ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաեւ նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերին ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության  խմելու-կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը  կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է  մնում:

Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաեւ խոստացավ, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter