
Դատապարտվել է 1 անձի հակասական ցուցմունքով (վիդեո)
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, այս տարվա հունիսի 15-ին Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Սանթրոսյանին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով` մեղավոր ճանաչելով նույն քաղաքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանի կատարած գողության մեջ:
Իսկ Գուրգեն Ավետիսյանի նկատմամբ նշանակել է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից: Նույն գործով Գուրգեն Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել նաեւ մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ կատարված գողության համար: Վերջինիս նկատմամբ նույնպես տուգանք է նշանակվել, եւ նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
Վահե Սանթրոսյանի նկատմամբ կայացրած ազատազրկման վճիռը դատարանը պատճառաբանել է նրանով, որ նա նախկինում 3 անգամ դատապարտվել է գողության համար: Այնինչ գործում որեւէ ապացույց չի եղել Վահե Սանթրոսյանի դեմ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, ապա դատավճիռ կայացվել միայն Գուրգեն Ավետիսյանի ցուցմունքի հիման վրա: Ընդ որում` Գուրգեն Ավետիսյանը դատարանում հերքել է իր նախաքննական ցուցմունքները այն մասին, որ Վահե Սանթրոսյանը մասնակից է իր կատարած հանցագործությանը: Հայտարարել է, որ նման` իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել իրավապահների ճնշման ու սպառնալիքների ազդեցության տակ: Ապա ցուցմունք է տվել, որ մենակ է կատարել գողությունը. հարմարեցված առարկայի գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Ալիխանյանի տուն եւ այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր (887 հազար դրամ ընդհանուր արժողությամբ), 1 հատ «Ֆիլիպս» տեսակի լազերային տեսաձայնարկիչ եւ 1 հատ «Մեդիասթար» ալեհավաք:
Գողոնի մի մասը (չիրացված) հայտնաբերվել է Գուրգեն Ավետիսյանի մոտ: Քննչական փորձարարության ժամանակ էլ վերջինս մատնանշել է` որտեղից է վերցրել, որտեղ եւ ում է վաճառել գողացված ապրանքը: Գործով 4 վկա ցուցմունք են տվել գողացված ապրանքը Գուրգեն Ավետիսյանի կողմից իրենց վաճառելու մասին:
Գողության կատարման մեջ Վահե Սանթրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Վահե Սանթրոսյանի շահերի պաշտպան Կարինե Գասպարյանը իր պաշտպանյալի մասով արդարացման դատավճիռ էր ակնկալում դատարանից: Ըստ նրա` դատարանը անարդար վճիռ է կայացրել, ինչը, փաստաբանի որակմամբ, այլ բան չէ, քան կաշկանդվածություն դատախազությունից եւ ոստիկանությունից:
«Ուրիշ ոչ մի կերպ չի կարելի որակել ընդամենը 1 անձի, այն էլ` մեղադրյալի կարգավիճակում գտնվող, ցուցմունքի հիման վրա անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելը»,- ասում է փաստաբան Գասպարյանը:
Վահե Սանթրոսյանի մայրը` Հրանուշ Կոխլիկյանն էլ է դժգոհ դատարանի անօրինականությունից: «Այնպիսի տպավորություն էր, որ դատարանը Գուրգենին ասեց` ապրես, տղես, լավ ես արել, թող գնա,- դատավորի` Գուրգեն Ավետիսյանի մասով կայացրած որոշման մասին է ասում Հրանուշ Կոխլիկյանը,- առանց տուժողի վնասը փոխհատուցելու` իրական հանցագործին բաց են թողել դահլիճից, նրա փոխարեն պատիժը կրում է անմեղ որդիս, եւ պատճառված վնասի գումարն էլ ես պիտի հատուցեմ»:
Մոր ասելով` Վահեն գողություններ է կատարել անչափահաս տարիքում` չգիտակցելով իր արարքների հանցավոր բնույթը: Հետո զղջացել է, փորձել է ուղղվել: Աշխատում էր, նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ: Բայց, մոր խոսքով, իրավապահները հանգիստ չէին տալիս որդուն. քաղաքում գողության բոլոր դեպքերով առաջին կասկածյալը Վահեն էր. «Կանչում էին ու պնդում, որ ինքն է արել, բայց ապացույցներ չունենալով` բաց էին թողնում»:
Նրա խոսքով` ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների «հերթական անօրինական գործողությունը» 2010-ի ապրիլի 26-ին էր, երբ որդուն ոստիկանություն են կանչել ու ծեծելով փորձել ստիպել, որ խոստովանի չկատարած գողությունը: Որդին հրաժարվել է կատարել իրավապահների պահանջը, բայց նրան այնպիսի վիճակի են հասցրել, որ քննիչի աշխատասենյակում Վահեն կտրել է պարանոցը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ հաջողվել է փրկել կյանքը: Հրանուշ Կոխլիկյանի ասելով` իր լռության դիմաց ինքը գումար է վերցրել իրավապահներից: Դրանից հետո 1 տարի իրենց չեն անհանգստացրել: Բայց հետո մի օր կանչել ու մեղադրել են «ճանճ պահողի տղու (Գուրգեն Ավետիսյանի) հետ» գողություն կատարելու մեջ: Հրանուշ Կոխլիկյանը համոզված է, որ այս անգամ իրավապահները վրեժխնդիր են եղել «իր լռության վճարի» համար:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության պետ Բագրատ Գիշյանը հրաժարվեց պատասխանել «Հետքի»` հիշյալ դեպքի հետ կապված հարցերին: Ասաց միայն, որ Հրանուշ Կոխլիկյանի վկայակոչած ձայնագրությունը չի կարող հիմք լինել: Ինչ վերաբերում է կնոջ հայտարարություններին, ապա, Գիշյանի կարծիքով, «նա ամեն միջոցի դիմում է, որ որդու համար հեքիաթային արդարացումներ հնարի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել