HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուդյանի սնանկացված ընկերության տնօրենը ցուցմունք տվեց դատարանում

Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար վճարած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությամբ ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած, սակայն ներկայումս սնանկության հասցված ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը:

Վերջինս իր ցուցմունքով լույս սփռեց այս գործով մի քանի կարևոր հանգամանքների վրա:

«Ես ոչ Լուսինեի գումարն եմ յուրացրել, ոչ էլ` բնակարանը»,- իր ցուցմունքի սկզբում հայտարարեց ամբաստանյալ Եսայանը՝ հավելելով, որ երբ տեղեկացել է, որ Ռուբեն Մանգասարյանը Լուսինեի հետ պայմանագիր չի կնքել և բնակարանը նրան չի փոխանցել, շատ է զարմացել, քանի որ այդ բնակարանը Լուսինեինն է եղել և այդ մասին իմացել են բոլորը:

Ինչպես դատարանում պատմությունն ի սկզբանե ներկայացրեց ամբաստանյալը՝  2007 թ. դեկտեմբերի սկզբին Լուսինեի հայրը՝ Գևորգ Գյուլխասյանը, բնակարանի ձեռքբերման համար բանակցել է ընկերության սեփականատերերի հետ, Գյուլխասյանների համար որոշակի զեղչեր են արվել, ու այդ պայմաններում են Գյուլխասյանները համաձայնվել գումարը միանվագ վճարել:

«Նոտարի մոտ ես գնացել էի Ռուբեն Մանգասարյանի հետ, որովհետև Վլադ Մանգասարյանն էր ինձ ասել: Գործարքը կնքել է հիմնադիրների գիտությամբ՝  չնայած, որ ինձ որպես տնօրենի  ինչ-որ իրավունքներ վերապահված էին, սակայն դրանք թղթի վրա էին և ես ցանկացած գործարք կատարել եմ բացառապես փայատերերի գիտությամբ: Ինձ ասված էր  նախնական պայմանագիրը կնքել Ռ. Մանգասարյանի հետ և ես կնքել եմ նրա հետ: Նախկին պայմանավորվածության համաձայն՝ շենքի 6-րդ հարկի ու դրանից բարձր հարկերի գույքի վաճառքները համաձայնեցվում էր Վլադ Մանգասարյանի հետ:

Տվյալ գործարքով Վլադը պարտադիր պետք է տեղյակ լինել և հենց իր ապահովության համար էլ իր եղբոր հետ է կնքվում նախնական պայմանագիրը: Ես ձայնի իրավունք չեմ ունեցել, դա նրանց բիզնեսն էր, իսկ ես` նրանց հրահանգը կատարող»,- նշեց Եսայանը՝ հավելելով, որ նոտարական գրասենյակում նախնական պայմանագիր կնքելուց Գյուլխասյանները քաջատեղյակ էին, որ պայմանագիրը «Արին կապիտալի» հետ չեն կնքում, այլ կնքում են ֆիզիկական անձի հետ ու հետագայում սահմանված ժամկետներում պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը. «Ես նախնական պայմանագիր կնքելուց Ռ. Մանգասարյանին չէի կարող ներկայացնել, որպես «Արին կապիտալ»-ի ներկայացուցիչ, այլ ընդամենը հայտնել եմ, որ փայատեր Վլադ Մանգասարյանի եղբայրն է, Լուսինեն կամ նրա հայրը ինձ որևէ այլ հարց չեն տվել և շարունակել են կատարել գործարքը»:

Ինչպես պատմեց ամբաստանյալը՝ կնքված նախնական առուվաճառքի պայմանագրով Ռուբեն Մանգասարյանը ընդունել է, որ պարտավորվել է սահմանված ժամկետում բնակարանի հիմնական առուվաճառքի պայմանագիրը կնքել Լուսինեի հետ: Թե՛ Ռուբեն Մանգասարյանը, և թե՛ ընկերության փայատերերը քաջատեղյակ էին, որ Ռ. Մանգասարյանը պետք է վերջնական պայմանագիր կնքեր հենց Լուսինե Գյուլխասյանի հետ:

«Ռուբենն անգամ այնքան էր անհանգստանում, որ ինձանից պարտավորագիր ուզեց՝  իբրև թե որպես շինարարական պարտք առկա գումարի վերաբերյալ, որպեսզի հանգիստ լինի, որ ես կտամ Լուսինեի բնակարանը: Բայց ընկերությունը որևէ տեսակի նման պարտք չի ունեցել, դա արվում էր ընդամենը Ռուբենի հանգստության համար: Պարզապես նոտարականում գործարք կնքելուց հետո ես չէի պատկերացնում, որ հետո ինչ-որ նման թուղթ կարող է շահարկվել, որպեսզի հետ վերցնեի: Ընկերության գործում առկա մի շարք փաստաթղթերով կարելի է հստակ ապացուցել, որ ընկերությունը որևէ գումար պարտք չի եղել Ռուբեն Մանգասարյանին, որի դիմաց իբրև թե նա կարող էր վերցնել բնակարանը»,- նշեց ամբաստանյալը:

Ինչ վերաբերում նրան, որ Գյուլխասյաննները գումարը տվել են Էդմոնդ Խուդյանին՝ առձեռն, Եսայանը նշեց. «Գյուլխասյանի կողմից տրված գումարը մեկ դրամի պես ես ինքս HSBC բանկում մուքագրել եմ  ընկերության հաշվեհամարին: Դրա դիմաց Լուսինեին բոլոր երաշխիքները տրվել է, անգամ Խուդյանն է լրացուցիչ ստացական տվել, թեև գումարը ոչ թե Խուդյանին է տրվել, այլ ընկերության բանկային հաշվին է վճարվել: Իսկ թե որքան գումարը ում անունից պետք է մուտքագրվի, այդ ամենը արդեն հաշվապահն է արել, ես ուղղակի որպես տնօրեն պետք է ներկա լինեի»,- նշեց Եսայանը:

Եսայանի խոսքով՝ Վլադ Մանգասարյանը անընդհատ իրեն ասել է, որ շուտով տալու է Լուսինեի բնակարանը, և երբևէ որևէ խոսակցություն չի եղել այն մասին, թե Լուսինեի բնակարանը չի տրվելու: Ըստ Եսայանի, Մանգասարյանը հրաժարվել է Լուսինեին բնակարան տալու մտադրությունից այն բանից հետո, երբ Լուսինեն ներկայացրել է Խուդյանի կողմից տրված ստացականը:

«Վլադը բազմիցս խոստացել է Լուսինեին բնակարանը տալ՝ քաջ գիտակցելով, որ այդ բնակարանը Գյուլխասյանին հանձնելու պարտականությունը իր եղբոր վրա է և ոչ թե «Արին կապիտալ»-ի: Խուդյանը գումարի ստացականը տվել էր Լուսիեին, որպես երաշխիք, որ գույքի հիմնական պայմանագիրը ընկերության և Մանգասարյանի միջև կնքվելուց հետո կկնքվի նաև Մանգասարյանի և Գյուլխասյանի միջև: Իսկ Ռուբեն Մանգասարյանը լավ գիտեր, որ պետք է Գյուլխասյանի տունը տան, բայց իմանալով Խուդյանի տված ստացականների մասին՝ Վլադը, ըստ երևույթին, որոշում է «քցել» Գյուլխասյաններին ու ամեն բան տանել դեպի Խուդյանը»:

Եսայանը ցուցմունքի վերջում ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը որպես տնօրեն հիմնական պայմանագիր կնքելու պարտավորություն չի ունեցել Գյուլխասյանների հետ, այդ պարտականությունը Մանգասարյանինն է, ով չի կատարել իր պարտավորությունը:

Դատական հաջորդ նիստում դատարանը կշարունակի հարցաքննել Եսայանին՝ այդ թվում մեղադրող դատախազն ու տուժող կողմը: Ամբաստանյալի պաշտպանի արձակուրդում գտնվելու պատճառով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Նշենք, որ դատարանը որոշեց հետաձգել և ավելի ուշ քննարկել վկա Սևակ Արզարունուն հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա կրկին անգամ, ինչպես հայտարարվեց, չէր ստացել դատարանից ուղարկված գրությունը:

Հետաքրքիր է այս պարագայում տուժող կողմից դիրքորոշումը, քանի որ Հայաստանում գտնվող գործով կարևորագույն վկային դատակոչելը պահանջելու փոխարեն, Լուսինե Գյուլխասյանը, չգիտես ինչու, անգամ Էդմոնդ Խուդյանի հետ օրեր առաջ հանդիպում ունենալուց հետո դատարանում պահանջում է ԱՄՆ-ից այստեղ բերել Էդմոնդ Խուդյանին: Վերջին նիստում, իհարկե, դատարանում Խուդյանի դիմումի հրապարակումից հետո և դատավորի բացատրությունից հետո տուժող կողմը կարծես թե հրաժարվեց իր այդ որոշումից, քանի որ ամերիկահայ գործարարը պահանջել էր դատարանում հրապարակել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները:

Խուդյանի կողմից դատարան ուղարկված դիմումը, որում վերջինս անդրադարձել էր նաև այս գործով հսկող դատախազ Արման Հակոբյանին, կհրապարակենք ավելի ուշ: Նշենք միայն, որ այն, ըստ երևույթին, բոլորովին դուր չեկավ այս գործով ներկա մեղադրող դատախազին, որը հայտարարությամբ հանդես եկավ այդ առիթով՝ լրատվամիջոցներից պահանջելով Խուդյանին տեղյակ պահել՝ զերծ մնալ նման հայտարարություններից:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter