HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերքը քիչ էր, բայց գյուղացին չի տուժել

Արարատյան դաշտավայրում ավարտին է մոտենում ծիրանի բերքահավաքը: Մարզպետարանների գյուղվարչությունների մասնագետներն արդեն ամփոփում եւ համեմատական եզրեր են տանում նախորդ տարիների եւ այս տարվա բերքի, գյուղացիների եկամուտների եւ վնասների միջեւ:

Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ  այս պահին Արարատի մարզը գյուղատնտեսության բեղուն շրջանում է: Զուգահեռ ընթանում է եւ հացահատիկի եւ ծիրանի բերքահավաքը:  Ճիշտ է, այս տարի գարնան անձրեւները վնասել են մարզի ծիրանի այգիները, սակայն, ըստ կանխատեսումների, սպասվում է, որ կստացվի 24-25 հազ. տոննա ծիրան՝ 5 անգամ ավելին, քան նախորդ տարի: Վերջին երեք տարիների ընթացքում Արարատի մարզում ծիրանի լավ բերք ստացվել է միայն 2009-ին` մոտ 34 տոննա:

Գյուղացիների մի մասը, բերք չստանալով, ստիպված հատել է ծիրանի այգիները եւ հողը զբաղեցրել այլ պտուղ-բանջարեղենով: Սակայն մարզպետարանի տվյալներով` ավելի շատ նոր այգիներ են հիմնվել, քան եղածները ոչնչացվել են: Օրինակ՝ 2010-ի համեմատ այս տարի 18,3 հա-ով ավելացել են ծիրանի այգիները:

«Մարզի ծիրանի զգալի մասն արտահանվել է՝ սկսած 2000 դրամից մինչեւ 500 դրամ: Հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Բնականաբար, արտահանվել է լավ որակի ծիրան, իսկ այն բերքը, որը լավ ապրանքային տեսք չի ունեցել, 100 դրամով գնացել է մթերման: Մինչ այս պահը ծիրանի իրացման խնդիր չենք ունեցել, հուսով եմ չենք էլ ունենա»,- ասում է Տ. Վիրաբյանը: Նրա խոսքերով՝ հիմնականում ծիրանի մթերում իրականացնում են Արարատի եւ Արտաշատի պահածոների գործարանները:

Ըստ Տիգրան Վիրաբյանի` այս տարի ծիրանի վաճառքի առումով շուկայում գները աննախադեպ են եղել: Ոչ մի տարի չի եղել, որ ծիրան լինի եւ այս օրերին ծիրանը վաճառվի 300-400 դրամով: Գյուղվարչության պետը ասաց, թե այս պայմաններում գյուղացին եկամուտի կորուստ չի ունենում: «Ճիշտ է, բերք քիչ է ստացվել, սակայն՝ բարձր գնով վնասը կոմպենսացվել է»,- հավելեց Տ. Վիրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter