Բողոքի երթ՝ բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտնում է, որ բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Նախաձեռնում ենք բողոքի երթ` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`
ՀՊՃՀ – Ուսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – հանրապետության հրապարակ – կառավարության շենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել