
Նախարարի հավաստիացումը. «Նաիրիտի» սեփականատերերի ցանկում հայաստանյան ոչ մի պետական այր չկա
«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի Rhinoville-ի սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ «Նաիրիտի» սեփականատեր Rhinoville Property Limited-ի սեփականատերերի ցանկում չէ նաև վարչապետը: Սեփականատերերի ցանկում վարչապետի եղբոր մասնակցությունը նախարարը նույնպես ժխտեց:
«Լուրեր են պտտվում, որ Արմեն Մովսիսյանը` այսինքն ես, Ուկրաինայի լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատի 80 տոկոսի սեփականատերն եմ, դրա համար ես ի լուր բոլորի հայտարարում եմ, որ նման բան ուղղակի չկա»,- հավելեց Ա. Մովսիսյանը:
Նախարարն անդրադարձավ քիմիական հսկայի հետխորհրդային ժամանակաշրջանի պատմությանը` նշելով, որ սկսած 2002-ից գործարանը կառավարող մի քանի ընկերություններն այդպես էլ չեն կարողացել ոտքի կանգնեցնել «Նաիրիտը»: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ մի քանի անգամ գազի գնի թանկացում է եղել և դրամի արժևորում, ինչպես նաև վրա է հասել ֆինանսատնտեսական ճգնաժամը:: Սրանք նախարարը օբյեկտիվ պատճառներ է համարում, իսկ որպես սուբյեկտիվ առանձնացնում է մենեջմենթի գործոնը:
Նախարարն ասաց, որ «Rhinoville» հիմնադիրները եղել են 3 եվրոպական ընկերությունները, ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել է: «Անունները հիմա տենց չեմ կարող ասել»,-ասաց նախարան ու հավելեց,- այսօրվա վիճակում Rhinoville-ի բաժնետոմսերի կառավարումը իրականացնում է Միջպետական բանկը»:
Այժմ գործարանի համար ծրագիր է ստեղծվել, որը տեղադրված է նաև կայքում, և փորձում են նոր կառավարիչ գտնել այդ ծրագիրն իրականացնելու համար: Նախարարն ասաց, որ կառավարությունը պատրաստակամ է օգնել նշված ծրագրի իրականացմանը:
Արդեն հայտ է ներկայացրել գերմանական «CSC» ընկերությունը, որին հրավիրել են Հայաստան` բանակցություններ վարելու: Նախարարը վստահեցնում է, որ ընկերությունը քիմիական ոլորտում փորձ ունի և հույս ունի, որ բանակցությունները դրական արդյունք կտան:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել