HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռոմի մոնումենտալ ժառանգության 40 անկրկնելի պատկերներ`«Էրեբունի» արգելոց- թանգարանում

«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո 2013 թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող  այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի նախօրեին` 2013 թ. օգոստոսի 30-ին, Երևանի բնօրրանում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու  անկրկնելի գեղեցկությունը: Քառասուն անկրկնելի պատկերներ այցելուին թույլ կտան տեսնել Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը և մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ, որոնք դարձել են ոչ միայն «հավերժական քաղաք Հռոմի», այլ ողջ Եվրոպայի այցեքարտը: Հռոմի մշակութային ժառանգությունը թեև միլիոնավոր եվրոպացիների, սակայն 1-ին հերթին Հռոմի  բնակիչների հպարտությունն է: Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը:

Մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ճանաչելի դարձնելով Հռոմը` ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են խթանել երևանցիների զգոնությունը դեպի հարազատ քաղաքի  բնօրրանի` Էրեբունի ամրոցի միջնաբերդի պահպանությունը: Ցուցադրությունն ավարտվում է այցելուին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»: 

Ցուցահանդեսում ներկայացված են դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013 թ. հոկտեմբերի 30-ը: 

Այս մասին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter