HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքից: Գյուղնախարարը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ նախ այցելել է Ձորաղբյուր համայնքի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել այնտեղ ներդրված հոլանդական նորագույն տեխնոլոգիաներին: Նախարարին հայտնել են, որ տնտեսությունն ամբողջությամբ արտահանման կողմնորոշում ունի եւ նախատեսվում է արտահանել շուրջ 6000 տոննա բանջարեղեն, որի գերակշիռ մասը՝ լոլիկ:

Գյուղնախարարի հաջորդ կանգառը «Արտաշես» պտուղ-բանջարեղենի վերամշակման ընկերությունն էր: Նախարարը ծանոթացել է  արտադրական պայմաններին, շրջել արտադրամասերում, գնահատել ձեռնարկության սանիտարահիգիենիկ վիճակը: Ձեռնարկությունը մասնագիտացված է էկոլոգիապես մաքուր բնական հյութերի, մուրաբաների, մարինադների արտադրության մեջ եւ մթերումներ է իրականացնում ոչ միայն Կոտայքի մարզում, այլեւ՝ ողջ հանրապետության տարածքում:

Նախարարը նաեւ այցելել է Ակունք համայնքում գտնվող շուրջ 10 հա տարածությամբ ելակի, մորու և ազնվամորու այգի: Հատկանշական է, որ այնտեղ ներդրված էր Հանրապետությունում թերևս միակ կաթիլային ոռոգման և սնուցման ժամանակակից համակարգ՝ ջրի խնայողության հատուկ ռեժիմով: Խոսելով ոռոգման այս համակարգի մասին, գյուղնախարարը նշել է, որ այսօրինակ համակարգերը պետք է տարածում գտնեն ողջ Հայաստանում: Այգու սեփականատերը նախարարին ցույց է տվել այգում տեղակայված եւս մի քանի արդիական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ պտուղը զերծ է մնում տարատեսակ հիվանդություններից: Գրեթե ամբողջ բերքը արտահանվում է:

Նախարարի մյուս կանգառը Հայաստանի, թերեւս, ամենահայտնի եւ լավագույն խնձորի այգիներից մեկն էր, որը հիմնվել է դեռեւս 1976 թ.-ին: Գյուղնախարարը խոսել է շուրջ 400 հեկտարանոց այս այգու պատմության մասին, որտեղ արդեն հիմնվել է տնկարանային  նոր տնտեսություն, քանի որ այգին ծերացել էր եւ անհրաժեշտություն կար այն փոխարինել նորատունկ խնձորենիներով: Սերգո Կարապետյանն իր երախտագիտությունն է հայտնել հանրահայտ այգու հիմնադիրներից մեկին՝ Ցոլակ Խաչատրյանին, ով հատուկ եկել էր հանդիպելու եւ խոսելու ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:   

Այգու 50 հեկտարի վրա գյուղացիական տնտեսությունները կազմակերպել են կոոպերատիվ տնտեսություն եւ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ կոոպարետիվ միավորումը սպասվածից ավելի արդյունքներ է տվել: Նախարարը կոոպերատիվի անդամների հետ զրույցում ասել է, որ կոոպերացիան Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարն է: Սերգո Կարապետյանը մարզի ցուցանիշները գնահատել է առաջանցիկ՝ 9.6 %-ով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է ավելացել եւ 8%-ով՝ մանր եղջերավորներինը: Առկա խնդիրների շարքում նախարարը նշել է Կոտայքի մարզի անմշակ հողերի ծավալը, սակայն եթե  համեմատենք  2010 թվականի տվյալների հետ, որի ընթացքում անմշակ հողերը 66% էին կազմում, ապա այն զգալի կրճատվել է՝ այսօր կազմելով 56 %, ինչը դարձյալ բարձր է: Այս տարի եւս 2033 հա հող մտել է շրջանառության մեջ:

Գյուղնախարարի Կոտայքի մարզ կատարած վերջին կանգառը Քաղսի համայնքում էր, ուր նա այցելել է գարու, ցորենի, հաճարի  դաշտեր եւ խոտհարքներ: Ի դեպ, Կոտայքի մարզում այս տարի 1.320 հա-ով  ավելացել է հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից:

Այս մասին հայտնում է ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter