Փոխվարչապետն այցելել է Գեղարքունիք
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ն.Պողոսյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:
Տեղեկացվեց, որ Զոլաքարի պոմպակայանում հիմնական աշխատանքներն ավարտված են, այն արդեն շահագործվում է: Մարտունու պոմպակայանում աշխատանքներն ավարտվել են երկրորդ աստիճանում, առաջին աստիճանում դրանք կավարտվեն առաջիկայում: Նախատեսվում է, որ պոմպակայանն արդեն պատրաստ կլինի շահագործման այս շաբաթվա վերջին:
Փոխվարչապետը հանձնարարեց էլեկտրասնուցման հետ կապված փաստաթղթերի համաձայնեցումն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում եւ ժամանակավոր էլեկտրական սնուցումից անցնել փաստաթղթերով համաձայնեցված էլեկտրամատակարարման` նշելով նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատրաստակամությունն արագացված կարգով ապահովելու գործընթացը:
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանին հանձնարարվեց համատեղել բոլոր հնարավորություններն ընթացիկ շինաշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով` հաշվի առնելով օրեցօր ավելացող ոռոգման ջրի պահանջարկը:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նորադուզ եւ Ձորագյուղ համայնքներ, ծանոթացավ համայնքային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մանկապարտեզների վերանորոգման համար հատկացվել է 38 մլն-ական դրամ: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսի 10-ին եւ նախատեսված էր ավարտել նոյեմբերի 1-ին, սակայն կավարտվեն նախատեսվածից շուտ: Փոխվարչապետը մարզպետին եւ համայնքապետերին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակը:
Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկվեցին մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց հրատապ կապիտալ ծրագրով համայնքներում իրականացվող այլ աշխատանքների ընթացքին, ոռոգման, ճանապարհաշինության, համայնքային բյուջեների կատարողականին վերաբերող հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել