Կ. Մեժլումյան. ««Դատալեքսը» զարգացման տեղ ունի»
Հարեւաններս, որոնք տարեց ամուսիններ են, հայց են ներկայացրել դատարան` հարսին բնակելի տնից վտարելու պահանջով: Պատճառն այն է, որ վերջինս կռվարար է եւ խանգարում է տարեց սկեսրոջ եւ սկեսրայրի անդորրը: Դատական գործի մասին տեղեկություններն արդեն տեղ են գտել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում եւ հենց այնտեղից եմ տեղեկացել հարեւանիս տանը կատարվող «իրադարձությունների» մասին:
2010թ. հոկտեմբեր ամսից շահագործվում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ինտերնետային կայքը՝ www.datalex.am-ը, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած քաղաքացու տեղեկատվություն ստանալ ՀՀ ցանկացած դատարանում ընթացող կամ ավարտված դատական գործի մասին եւ ծանոթանալ դատական ակտերի ամբողջական տեքստերին: «Դատալեքսը» «փրկություն» է առաջին հերթին փաստաբանների համար, քանի որ վերը նշվածից բացի՝ համակարգը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով հետեւել հանրապետության բոլոր դատարաններում ընթացող դատական գործերի ժամանակացույցին:
Սա նպաստում է, որ լրատվամիջոցները եւս ավելի հաճախ անդրադառնան հասարակական հնչեղություն ունեցող դատական գործերին, ինչը կարող է վերահսկողության լծակ դառնալ դատական համակարգի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ դատավորները, գործին մասնակցող անձինք ավելի զգոն են լինում հատկապես այն նիստերի ժամանակ, երբ դահլիճում լրագրող է լինում:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում 2010թ. հոլանդական դրամաշնորհային ծրագրով արդարադատության նախարարությանը 435 մլն 484 հազ. 100 դրամ էր հատկացվել: Նշված միջոցները հիմնականում ուղղվել են դատաիրավական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու և հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը:
Բարեփոխումների ծրագրով է մշակվել «Դատալեքս» հանրային տեղեկատվական համակարգը, որի կայացմանը ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանի եւ Նիդեռլանդների թագավորության կառավարությունները, Համաշխարհային բանկը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ արդեն 15 տարի շարունակվող դատական բարեփոխումների ամենանշանակալի արդյունքը դատարանների նոր շենքերն են, դատական նիստերի ձայնագրման համակարգերը եւ www.datalex.am կայքն իր որոնողական համակարգով։
««Դատալեքսը» նոր երեւույթ է, մինչ այդ նման միջոց պարզապես չկար։ Այն նոր հնարավորություն է, որի միջոցով կարելի է ցանկացած գործով դատական պրակտիկային ծանոթանալ, քո մասնակցությամբ և այլ գործերով դատական նիստերի ժամանակացույցին ծանոթանալ, պարզել, թե արդյո՞ք քո կամ որեւէ անձի դեմ դատական գործընթաց կա, թե ոչ (սա շատ կարեւոր է): Եվ, վերջապես, դրանում տեղադրված դատական ակտերի տեքստերը հեշտությամբ օգտագործվում են բողոքների կամ այլ դատավարական փաստաթղթերի մեջ, ինչը նպաստում է ժամանակի խնայողությանն ու որակի բարձրացմանը»,-ասում է փաստաբանը։
Այդքանով հանդերձ, Կ. Մեժլումյանը նշում է, որ «Դատալեքսը» որոշ թերություններ եւ զարգացման տեղ ունի: Մասնավորապես, դրանում տեղ չեն գտնում դատական վերահսկողության գործերը, դռնփակ ընթացած գործերը հասանելի չեն նաեւ գործին մասնակցած անձանց, որոնողական համակարգում բացակայում է քաղաքացիական գործերով երրորդ անձանց, իսկ քրեական գործերով՝ տուժողների նշմամբ գործերի որոնման հնարավորությունը, գործը հարուցվելուց հետո դատավարության նոր մասնակիցներ ներգրավելու դեպքում նրանց մասին նշում չի արվում եւ այլն։
«Վերջերս խոսակցություն կա այն մասին, որ պետք է քրեական գործերով որոնողական համակարգից հանվի ամբաստանյալների անվամբ գործերի փնտրումը։ Գտնում եմ, որ գործերի քննության հրապարակայնության սկզբունքի պայմաններում նման սահմանափակումը որեւէ արդարացում չունի եւ հանրությանը կզրկի իրենց հետաքրքրող գործերը փնտրելու եւ մասնակցելու հնարավորությունից, իսկ այդ բնագավառի մասնագետներին՝ նաեւ այնպիսի հնարավորություններից, որոնք վերը նշվել էին որպես համակարգի դրական կողմ»,- ասում է Կարեն Մեժլումյանը:
Տեխնիկակա՞ն սխալ, թե՞ անտարբերություն
Դատական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը բազմիցս է նշել, որ «Դատալեքսը» կոռուպցիայի նվազեցման գործիք է: Այս տեսանկյունից նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն էլ հրապարակայնությունն ու թափանցիկությունն է: Սակայն երբեմն դատարանները թերություններով կամ ոչ ամբողջական են մուտքագրում գործերի տվյալները «Դատալեքս» համակարգում, երբեմն էլ որոշ տեղեկություններ ընդհանրապես չեն տեղադրում:
Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Դատալեքսի» վերաբերյալ չկա իրավական ակտ, եւ տվյալներն ու տեղեկությունները համակարգում տեղադրվում են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2007թ. դեկտեմբերի 21-ի թիվ 23Լ որոշմամբ ընդունված ՀՀ դատարանների գործավարության կանոնների համաձայն։ Նշված կարգը սահմանում է, որ դատական ակտերը էլեկտրոնային համակարգի առկայության դեպքում պետք է լրացվեն եւ հրապարակվեն 5-օրյա ժամկետում: Այդ գործառույթն իրականացնում են դատավորների գործավարները:
Սակայն, գործավարներն ու պատասխանատուները ոչ միշտ են իրենց պարտականությունները պատշաճ կատարում:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջերս քննվել է քաղաքացիական գործ (ԱՐԴ1/0391/02/13)` գումարի պահանջի մասին: Վճռի հրապարակման օր է նշանակվել այս տարվա հուլիսի 29-ը: Նիստը կայացել է, սակայն օգոստոսի 15-ի դրությամբ վճիռը «Դատալեքսում» տեղադրված չէր։ Դրանից հետո է միայն տեղադրվել, եւ քանի որ տեղադրման օրվա մասին նշում չկա, տպավորություն է ստեղծվում, թե գործավարը պահպանել է 5-օրյա ժամկետը:

Արագածոտնի մարզում էլ քննվում է բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործ (ԱՐԱԴ/0622/02/10), որի քննությունը շարունակվում է արդեն 3 տարի: «Դատալեքսում» այս գործի վերաբերյալ ոչ բոլոր ակտերն են հրապարակված: Համակարգում տեղադրված չեն ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանի կայացրած մի քանի դատական ակտեր:
Հաճախ համակարգում հայտնված սխալ տեղեկությունը գործավարների անուշադրության հետեւանք է: Օրինակ՝ թիվ ԱՐԴ/0114/01/13 քրեական գործով օգոստոսի 26-ին կայացած նիստը հետաձգվել է, եւ հաջորդ նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 2-ը, սակայն «Դատալեքսում» որպես հաջորդ նիստի օր նշված է «օգոստոսի 2-ը»:

Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ 2012թ. օգոստոսի 31-ից մինչեւ 2013թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դատական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տեղադրելու հետ կապված աշխատանքի թերացումների համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 6 գործավար, որոնցից 4-ը ստացել է նկատողություն, 1-ը ստացել է խիստ նկատողություն եւ մեկ գործավար հեռացվել է աշխատանքից: Նույն խնդրի վերաբերյալ նկատողության ձեւով պատասխանատվության է ենթարկվել նաեւ գրասենյակի 1 պետ եւ 3 ավագ մասնագետ:
Ա. Բաբայանը ավելացրեց, որ իրենք հետամուտ են, եւ թերացողները ենթարկվում են պատասխանատվության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել