
Ավազակային հարձակում. ո՞ւմ են դատում, կամ ի՞նչ կապ ունի գեներալը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է 22-ամյա Նոյ Մուսայելյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա անցյալ տարվա հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, գործով չպարզված անձի հետ գնացել է «Ֆլեկսո» տպարան, կպչուն ժապավենով և պարաններով կապկպել տպարանի սեփականատեր Ալեքսանդր Ստեփանյանին և խոհարար Սոնյա Ֆարմազյանին, սեփականատիրոջ գրպանից հափշտակել 700 հազար դրամ, 100 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի:
Նախաքննական մարմնի ձևակերպմամբ՝ անհայտ անձը դանակի, Նոյը ատրճանակի գործադրմամբ Ալեքսանդր Ստեփանյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս. նրան գցել են գետնին, ձեռքերով ու ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին: Սակայն ինքը՝ տուժող Ալեքսանդր Ստեփանյանը, ամբողջ նախաքննությունը և ներկայումս ընթացող դատավարությունը համարում է լավ բեմադրված շոու:
«Վանուհի-Վահան» ՍՊԸ-ին պատկանող «Ֆլեկսո» տպարանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու Վերին Պտղնի գյուղի մոտ: Նոյ Մուսայելյանը բանակից զորացրվելուց ամիսներ անց՝ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին, մոտ մեկ ամիս որպես բանվոր աշխատել է «Ֆլեկսո» տպարանում: Նույն տպարանի 5-6 տարվա աշխատակից Խաչիկ Ալավերդյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ մոտ մեկ ամիս աշխատել է համագյուղացի Նոյի հետ, «Ֆլեկսոյի» սեփականատեր Ալեքսանդր Ստեփանյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքի համար իրենց պետք է վճարեր 850 հազար դրամ, սակայն այլ հաշվարկ կատարելու արդյունքում տվել է ընդամենը 200 հազար դրամ, ինչի առնչությամբ Նոյն իրեն ասել է. «Եթե Ստեփանյանը չվճարի պայմանավորված գումարի մնացած մասը, «ռազբոյ» կանեմ»:
Այս ցուցմունքը, մեղադրանքի հիմքում դրվելուց բացի, դարձել է նաև հանցագործության դրդապատճառ: Մինչդեռ պաշտպանական կողմը չգիտի, թե ինչ 850 կամ 200 հազար դրամի մասին է խոսքը:
«Ալեքսանդր Ստեփանյանը որդուս պարտք էր այդ մեկ ամսվա աշխատավարձը՝ 75 հազար դրամ, որը մի փոքր ուշացումով՝ մեկ ամիս չանցած, նորմալ վճարեց: Դրա հետ կապված ոչ մի պրոբլեմ, խոսակցություն չի եղել»,- ասում է Նոյի մայրը՝ Սվետլանա Մուսայելյանը: Նույնը փաստում է նաև տպարանի սեփականատեր, տուժող Ստեփանյանը: Իսկ Նոյի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը հավելում է, որ նախաքննական մարմինը, չնայած իր միջնորդությանը, Նոյին և Խաչիկին այդպես էլ առերես չի հարցաքննել. «Իսկ արդեն դատարանում Խաչիկ Ալավերդյանը պատմեց ոստիկանությունում իր նկատմամբ էլեկտրաշոկ կիրառելու մասին: Ասաց, որ ծեծելով, ստիպելով են գրել տվել այդ ցուցմունքները»:
![]() |
![]() |
Սոնյա Ֆարմազյանն իր ներկայացուցչի հետ | Սվետլանա Մուսայելյանը |
Փաստաբանը նաև շեշտում է, որ հենց նախաքննության ձեռք բերած տվյալներով՝ Նոյի բջջային հեռախոսը հանցագործության օրը՝ առավոտից մինչև կեսգիշեր, գտնվել է միայն Բալահովիտ գյուղը սպասարկող անտեննաների տարածքում, դեպքի վայրում գործող բջջայինի կայանն այդ օրը նրա հեռախոսահամարն ընդհանրապես չի սպասարկել:
«Բայց քննիչը պատճառաբանում է, որ ժամը 17:10-ից մինչև 18:08-ը Նոյը որևէ մեկի հետ բջջայինով չի խոսել: Ասում եմ՝ եթե հանցագործությունն ավարտվել է ժամը 17:00-ի սահմաններում, նրա խոսելը ի՞նչ կապ ունի, կամ պարտադիր անընդհատ պետք է խոսե՞ր»,- տարակուսում է փաստաբան Բեջանյանը:
«Բացի դրանից՝ ես առևտուր էի արել ու ճիշտ հանցագործության պահին Նոյն ու փոքր որդիս իմ գնած ապրանքները տաքսուց դատարկում էին: Հետո տղաներիս միացավ Նոյի ընկերը: Մարդիկ ցուցմունք են տվել, որ հանցագործության ժամին Նոյին տեսել են բոլորովին այլ վայրում, բայց ասում են՝ դու մայրն ես, մյուսը՝ եղբայրը, ընկերը, հարևանը... Ու ոչ մեկի ասածը հաշվի չեն առնում»,- ասում է Սվետլանա Մուսայելյանը:
Նախաքննական մարմինը Նոյի այլուրեքությունը հավաստող 5 հոգու ցուցմունքները գնահատել է հակասական և անարժանահավատ: Փոխարենը նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է, ըստ երևույթին, միայն մեկ հոգու՝ տուժող Սոնյա Ֆարմազյանի ցուցմունքներով:
Սոնյան սկզբում պատմել է, որ երկու հանցագործներն էլ եղել են դիմակավորված, դեպքի վայր են ժամանել սպիտակ գույնի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, որի համարանիշի առջևի երկու թվերը նկատել է՝ 42: Հանցագործներն իրեն, ի տարբերություն տպարանի սեփականատիրոջ, չեն հարվածել, միայն կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, հետո՝ քանդելով կապը, ձեռքերը հետևից կապել են աթոռի թիկնոցին: Ընթացքում բերանն էլ են կապել, բայց գնալուց առաջ նորից արձակել են: Ինքն էլ հանցագործների հեռանալուց հետո աթոռին կապված վիճակում մի կերպ ոտքի է կանգնել, գլխով՝ ճակատային մասով, հրելով բացել է սկզբում առաջին՝ եվրոպական արտադրության դուռը, այնուհետեւ երկրորդ՝ երկաթյա դուռը, աստիճաններով իջել է ցած և օգնություն խնդրել հարեւանությամբ գործող դարբնոցի աշխատակիցներից:
Առաջ անցնելով նշենք, որ դատարանում ևս Սոնյան պնդում էր. «Երկու դուռն էլ բացել եմ գլխով՝ հրելով առաջ»: Սակայն խնդիրն այն է, որ դռներից երկուսն էլ բացվում են ներս, իսկ դրանցից երկրորդը՝ երկաթյա դուռը, ծանր է, դեպի ներս է բացվում նեղ անկյան տակ, և հնարավոր չէ այն գլխով բացել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Սոնյա Ֆարմազյանը դատարանում շարունակում էր պնդել. «Ես ասում եմ՝ երկաթից դուռը դեպի դուրս է բացվում, գլխով առաջ եմ հրել ու բացել»: Իսկ տպարանի սեփականատերը վստահեցնում է. «Դռները չեն փոխվել, առաջին օրվանից էլ դրանք միայն ներս են բացվում, այդ աղջիկը հորինում է»:
Ուշագրավ է նաև այն, որ հանցագործներն ամեն ինչ արել են, որ Ալեքսանդր Ստեփանյանն իրենց չտեսնի՝ սկզբում փորի վրա են պառկեցրել, հետո սրբիչով դեմքը ծածկել են, փափուկ խաղալիք են մտցրել բերանը, որ չաղմկի, բայց մտավախություն չեն ունեցել, որ մյուս տուժողը՝ Սոնյան, իրենց կտեսնի կամ աղմուկ կբարձրացնի:
Դեպքից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները փնտրել են երկու դիմակավորվածներին: Սակայն 10 օր անց Սոնյա Ֆարմազյանը ոչ թե գործը քննող քննիչին, այլ Կոտայքի քննչականի բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանին հայտնել է, որ հանցագործները դիմակավորված չեն եղել, ու նրանցից մեկին ինքը ճանաչում է՝ Նոյ Մուսայելյանն է:
«Սոնյան պատճառաբանել է, թե իբր Նոյը ասել է՝ եթե անունս տաս, երեխայիդ վնաս կտամ, դրա համար էլ ինքը հորինել է դիմակի մասին: Բա 10 օր հետո ի՞նչ փոխվեց, որ էլ չէիր վախենում»,- տարակուսում է փաստաբան Բեջանյանը:
Սոնյան ցուցմունքներում նաև նշել է, որ Ալեքսանդր Ստեփանյանի խնդրանքով է հանցագործներին դիմակ «հագցրել». «Ալեքսանդրն ասաց՝ ես իմ ձևով իմ հարցերը կլուծեմ, դու կասես՝ չգիտեմ, թե ովքեր են, դիմակով էին: Մի 2 օր հետո Ալեքսանդրն ասաց՝ գնա, ճիշտ ցուցմունք տուր, ես էլ ասել եմ, որ դիմակավորված չեն եղել»:
«Ծայրից ծայր սուտ է: Եթե գիտեի, որ Նոյն է ու հարցերը իմ ձևով պետք է լուծեի, էլ ինչո՞ւ եմ ոստիկանություն կանչել, լոգիկան ո՞րն է»,- զարմանում է Ալեքսանդր Ստեփանյանը:
Դատարանում Սոնյա Ֆարմազյանը հայտարարեց, որ կյանքում դիմակ չի տեսել: Փաստաբան Բեջանյանն էլ հարցրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս եք մանրամասն նկարագրել հանցագործների կրած դիմակները:
«Ի՞նչ իմանամ, սթրեսի մեջ եմ եղել, խառնված, արագի մեջ նկարագրել եմ»,- ասաց Սոնյան: Նա անընդհատ ցուցմունքները փոխել է, հայտնել է իրարամերժ տեղեկություններ: Հանցագործության գլխավոր դերակատարումը սկզբում վերապահել է ինքնությունը չպարզված անձին, հետո ասել է, որ հիմնականում ամեն ինչ Նոյն է արել: Այն օրվա մասին, երբ առաջին անգամ ցուցմունքում գրել է Նոյի անունը, Սոնյան դատարանում պատմել է, որ ոստիկաններն իրեն ստորացրել են, ապտակել, սպառնացել երեխայից զրկել, իրեն ձերբակալելու արձանագրություն են կազմել և նույնիսկ տեղափոխել են ձարբակալվածների պահման վայր:
Իսկ արդեն երկրորդ անգամ դատարանում հարցաքննվելիս մեղադրող դատախազ Հ. Թադևոսյանի հարցերին ի պատասխան՝ նա փորձում էր ավելի մեղմ ներկայացնել ոստիկանությունում իր հետ կատարվածը, իսկ հետո դա պայմանավորեց Նոյի անունը տալու հետ: «Օպերներն ասում էին՝ ճիշտն ասա, Նոյը չի, մենք իրան ճանաչում ենք: Բայց ես ասացի՝ Նոյն ա»,- պատմում էր Սոնյա Ֆարմազյանը: Դատարանում իր ներկայացուցիչ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո նա հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին:
Առհասարակ, Սոնյա Ֆարմազյանը միայն այս գործով չէ, որ ոստիկանության Կոտայքի բաժնում ցուցմունքներ է տվել: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը» հոդվածի հատկանիշներով հարուցված և նույն բաժնի կողմից քննված երկու գործ, որոնցով անցնում է նաև 26-ամյա Սոնյան: Կոնկրետ այս՝ Նոյ Մուսայելյանի գործով տուժող Ալեքսանդր Ստեփանյանը պնդում է, որ Սոնյան ոչ թե տուժող է, այլ հանցագործության մասնակից:
Նա պատմում է, որ մինչ ավազակային հարձակումն ինքը Սոնյայից ըմպելիք է խնդրել, որում վերջինս ինչ-որ բան՝ հավանաբար քնաբեր է լցրել. «Որովհետև խմել եմ ու միանգամից անջատվել. ոչ մի բան չեմ հիշում: Երբ արթնացա, գետնին պառկած էի, իսկ Սոնյան խոհանոցում հանցագործների հետ ծիծաղելով խոսում էր, նրանց համար կոֆե էր դնում: Դա ձևականություն է, որ իրան կապել են: Հետո ձեռքիցս սրսկեցին, նորից թուլացա»: Ստեփանյանի խոսքերով՝ այս ամենի մասին իրավապահներին հայտնել է, ավելին՝ ներարկման պատճառով ձեռքը մոտ 15 օր ուռած է եղել, բայց համապատասխան փորձաքննությունը դիտավորյալ ուշ են նշանակել, որ ոչինչ չպարզվի:
Սա իրականում շատ խճճված պատմություն է: Գործի նյութերով՝ մինչ ավազակային հարձակումը Ալեքսանդր Ստեփանյանը տպարանի գրասենյակում ծեծել է իր հաշվապահ Գառնիկ Գրիգորյանին: Վերջինս սպառնալիքներով հեռացել է, իսկ Ստեփանյանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ ռուսերեն խոսելիս հայհոյելով գումար է պահանջել:
Գառնիկ Գրիգորյանի հետ կապ հաստատել «Հետքին» չի հաջողվում, իսկ Ստեփանյանը վստահեցնում է, որ նրան չի ծեծել, պարզապես իրավապահներն այդպես են գրել, որ գործն իր դեմ շուռ տալու հնարավորություն ունենան: Իսկ դեպքից առաջ ռուսերենով, ըստ «Ֆլեկսոյի» սեփականատիրոջ, ինքը խոսել է գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ:
![]() |
![]() |
Ալեքսանդր Ստեփանյանը | Վիտալի Բալասանյանը |
«Ես չգիտեմ, թե կատարողներն ովքեր են: Նոյի հետ կապված տրամաբանություն չեմ գտնում, բայց ոչինչ չեմ բացառում: Սակայն գիտեմ, թե ով է կատարվածի պատվիրատուն. հենց գեներալ Վիտալի Բալասանյանը»,- ասում է Ալեքսանդր Ստեփանյանը: Նա պատմում է, որ դեռևս 1997թ. Վ. Բալասանյանին 70 հազար ԱՄՆ դոլար է տվել համատեղ բիզնեսում՝ գյուղատնտեսության ոլորտում ներդնելու համար: Հետո, երբ եկամտից իր մասնաբաժինը չի ստացել, ներդրած գումարը հետ է պահանջել:
«Ու ամեն անգամ, երբ Բալասանյանից 70 հազարս ուզել եմ, իմ դեմ հարձակում է եղել, որ ստիպված լռեմ: Առաջին անգամ 2002-ի ամռանը Արցախում 5 դիմակավորվածներ ինձ ծեծեցին, ձախ աչքս կորցրի: Գործ չհարուցեցին: Երկրորդ հարձակումը եղել է 2008-ին. նորից տպարանի գրասենյակում երկու դիմակով մարդ ինձ ծեծեցին, գործ հարուցեցին, բայց չգտան: 2009թ. «Նիվա» ավտոմեքենաս գիշերը գողացան, տարան վառեցին, բայց էլի չգտան: Սա էլ չորրորդ դեպքն է, էլի նույն ձեռագրով»,- ասում է Ալեքսանդր Ստեփանյանը:
Վիտալի Բալասանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Ալեքսանդրին ճանաչում է իբրև ծագումով արցախցի, ժամանակին «ընկերական հանդիպումներ են եղել», բայց արդեն 10 տարի է՝ նրա հետ առնչություն չունի, իսկ վերջին 3-4 տարում ընդհանրապես չի տեսել:
«70 հազար դոլարի հետ կապված ճիշտ չի ասում. նման բան չկա: Թող դիմի իրավապահներին, պարզեն իր ասածների իսկությունը»,- ասում է գեներալ մայորը:
Ալեքսանդր Ստեփանյանն էլ շեշտում է, որ իրավապահներին ամեն ինչ մանրամասն պատմել է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Դատարանում Նոյ Մուսայելյանի մեղադրանքը պաշտպանող դատախազ Թադևոսյանը, լսելով այս առնչությամբ «Հետքի» հարցը, նկատեց. «Է՜... Ստեփանյանն ա, խոսում ա, էլի...»:
«Գիտեք՝ սկզբում շատ մարդկանց էին տարել ոստիկանություն, նույնիսկ Սոնյայի ընկերոջը, որն աշխատում է ռազմական ոստիկանությունում: Հետո բոլորին բաց թողեցին, իսկ տղայիս պահեցին, որովհետև ամենաաղքատը մենք ենք: Նրանց ընդամենը պետք է ցույց տալ՝ իբր գործը բացահայտել են. կապ չունի, որ մարդն անմեղ է,- ասում է Սվետլանա Մուսայելյանը,- ո'չ զենքն են գտել, ո'չ դանակը, ո'չ էլ նույնիսկ «Վազ 2107»-ը, որի ղեկին իբր Նոյն է եղել, իսկ տղաս իրականում մեքենա վարել չգիտի: Մեր տնից խուզարկությամբ 260 հազար դրամ են գտել ու դրել գործում որպես ապացույց: Բայց դա իմ և ամուսնուս հալալ քրտինքն էր»:
Նոյ Մուսայելյանին առաջադրված մեղադրանքը սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մեկնաբանություններ (34)
Մեկնաբանել