HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Վ. Օվյան. «Գրող-ընթերցող հարթությունում ես միջնորդների, միությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»

Այս տարվա մայիսի 31-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ ընդդեմ գրող Վարդգես Օվյանի՝«համացանցում իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկություններ» հրապարակելու համար: Հայցադիմումը դատարանը մերժել էր:

 

Պարոն Օվյան, ի՞նչ է տեղի ունեցել: «Արժանապատվությունը և բարի համբավն արատավորող» ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը:

Հայցադիմում է ներկայացրել դատարան, որ ես համացանցի միջոցով իր հասցեին զրպարտչական և վիրավորական բնույթի նյութեր եմ տպագրել: Այնուհետև անընդհատ շեշտվում են «համացանց» և «լրատվամիջոց» տերմինները, որ այնտեղ հրապարակել եմ վերոհիշյալ նյութերը: Եվ ոչ մի լրատվամիջոցի անուն, որտեղ հրապարակվել է այն: Մեջբերել էր ս. թ. հունվարի 6-ին հորս ծննդյան օրվա կապակցությամբ Ֆեյսբուքում իմ ընկեր-բարեկամների համար արված իմ գրառումից մի հատված. «Հայ ընթերցողը վերջին 10-15 տարում իր համար նոր-նոր է հայտնաբերում իրական Օվյանին, նաև՝ դժվարությամբ, անտեսանելի խոչընդոտներ շատ կան ու, ինչպես Արցախում հայտնի լրագրող Գեղամ Բաղդասարյանն է գրել՝ դրա հիմնական պատճառն այն է, որ «...դեռ կենդանի են նրա հերոսները» (խոսքը նրա երգիծանքի, սարկազմի, էպիգրամների, պամֆլետների հերոսների մասին է)»։ Ապա ավելացրել, որ դրանից հետո հավելել եմ՝ «Այդ թվում՝ մեծագույն-մեծագլուխ տականքներից մեկը»... Նա գտնում է, որ անհասցե այդ «մեծագույն-մեծագլուխ տականք»-ն իրեն է ուղղված... Եթե ընդունենք, որ ենթատեքստից է նման հետևություն արել, ապա ստացվում է, որ նա գտնում է, որ իմ գրառման մեջ ակնարկած «անտեսանելի խոչընդոտը, հորս երգիծանքի, սարկազմի, էպիգրամների, պամֆլետների հերոսը հենց ինքն է...

Ինչո՞ւ են ձեր հարաբերություններն այսքան լարված: Ոնց որ գրողները երկու ճամբարի լինեն բաժանված

Նախ՝ Արցախում շատ քիչ գրողներ կան: Գրող ասելով՝ ես նկատի չունեմ ԳՄ տոմս ունեցողներին: Ասեմ նաև, որ դեռ խորհրդային տարիներից, չնայած ԽՍՀՄ գրողների միության անդամ էի 1988-ից, ոչ այդ միությունն էր ինձ պետք, ոչ ես էի այդ միությանը պետք: Գրող-ընթերցող. այդ հարթության վրա ես միջնորդների, ինչ-որ միությունների կամ այլ կազմակերպությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է լարված հարաբերություններին, դրա հիմնական պատճառն այն է, որ 1990-ականների սկզբներին ես հորս հետմահու լույս տեսած անդրանիկ գրքում զետեղել էի նաև Վ. Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պամֆլետ-պարոդիան, որտեղ կան նաև այսպիսի տողեր.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,

Դու Ղարաբաղի մասին երգ չունես,

Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,

Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,

Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,

Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,

Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Սա տպագրել էի որպես հորս գրական ժառանգության մի մասնիկ՝ անկախ նրանից, թե ում էր ուղղված: Այդ ժամանակից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է քունն ու հանգիստը:

Իսկ Վարդան Հակոբյանի նկատմամբ նման վերաբերմունքը պատճառը ո՞րն է:  

Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Մենք բոլորս այս կամ այն մարդու, գրողի, մտավորականի մասին ունենք մեր սուբյեկտիվ կարծիքը:

Այ Դուք, պարոն Օվյան, ի՞նչ կարծիք ունեք Հակոբյանի մասին:

Անկեղծորեն ասեմ՝ նա ինձ չի հետաքրքրում որպես բանաստեղծ կամ մտավորական, իմ հետաքրքրությունների ծիրում նա չկա:

Իսկ որպես քաղաքացի՞, Արցախի ԳՄ նախագա՞հ...

Ընդամենը երկու օրինակ բերեմ. 2005 թ. իմ և բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի ստորագրությամբ ԼՂՀ ԳՄ ղեկավար Վ. Հակոբյանին նամակ-դիմում է ուղարկվել՝ խնդրելով օրենքով սահմանված ժամկետում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին. ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։ բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ դրանից հետո նա այդ նամակին չի պատասխանել, որը «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ԼՂՀ օրենքի խախտում է։ Ավելի թարմ օրինակ. վերջերս Երևանում նյութ էր հրապարակվել «Գրական միջակությունները սողոսկել են Վիքիպեդիա» վերնագրով: Այնտեղ ասվում է, որ Հակոբյանը Վիքիպեդիայում Մեծ Եղեռնի զոհ Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի (1862-1915) էջում կառուցել է իր անձնական էջը: Ստացվել է, որ բանաստեղծ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին և վախճանվել 1915-ին Մուշի մոտ... Համացանցում կա այդ էջի պատճենը:

Պարոն Օվյան, եթե լավ գրողն այսօր Գրողների միությանը չանդամակցի, որևէ կերպ դա կխանգարի՞ իր գրական գործունեությանը:

ԳՄ հասարակական կազմակերպությունը խորհրդային, իր դարն ապրած կառույց է: Այսօր այն բացարձակապես դեր չունի գրողի (չեմ ասում՝ գրիչ բռնողի, գրչակի և այլն) կյանքում: Հարյուրավոր մարդիկ այսօր հովանավորներ են գտնում ու գրքեր տպագրում՝ առանց ԳՄ կամ այլ կազմակերպության տոմսերի: Միաժամանակ՝ ԳՄ տոմս ունեցող շատ-շատերը պետական բյուջեի հաշվին գրքեր են տպագրում, որոնք ոչ ոք չի կարդում…Ես նկատի չունեմ միայն Արցախը...

Նույնատիպ հայցադիմումներ ներկայացվել էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի և քաղծառայող Տիգրան Աթանեսյանի դեմ՝ նույն բովանդակությամբ: Դրանք նույնպե՞ս դատարանը մերժել է:

Այո, ս.թ. օգոստոսի 14-ին դատարանը բոլոր երեք հայցադիմումները մերժել է:

Պարոն Օվյան, Վարդան Հակոբյանի հետ ապագայում է՞լ կլինեն նման պատմություններ:

Չգիտեմ: Այդ գործում նախաձեռնողը ես չեմ...



Մեկնաբանություններ (1)

Հարութ
Suren Margaryan, երևում ա, որ Վ. Հակոբյանին ջերմ սիրում ես։ Սերդ արտահայտելուց առաջ մի հատ կարդայիր վերևի հարցազրույցը, նոր միայն քոմենթ գրեիր։ Այնտեղ քո հարցերի պատասխանները կան։ Իսկ քո ասած Հակոբյանի գրական ներկայի ու ապագայի մասին ես արդեն տեղեկացել եմ։ Ցավակցություններս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter