HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզի 73.9 %-ը ժամանցի վայրերի կարիք ունի

Կառավարության պատվերով «Էյ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը ապրիլին 900 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել Արագածոտնի մարզի 3 քաղաքներում եւ 24 գյուղերում:

Մարզում բավականին բարձր է աղքատության մակարդակը: Հարցված բնակչության 57.5 %-ը իր իսկ գնահատմամբ աղքատ է: Մարզի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովում են հողագործությունն ու անասնապահությունը: Նույնիսկ քաղաքային բնակավայրերում բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Հարցված բնակչության 20 %-ը մտադրություն ունի փոխել բնակության վայրը եւ հիմնականում մեկնել արտերկիր կամ տեղափոխվել Երեւան: Արագածոտնի մարզն իրենից ներկայացնում է բեւեռացված եւ իրարից տարբերվող անհավասար զարգացող շրջաններ: Եթե Ապարանի շրջակա գյուղերում բնակչությունը վարում է ավանդական պահպանողական կենսակերպ, ապա Երեւանին կից բնակավայրերի կենցաղը եւ ապրելակերպը չի տարբերվում երեւանցիների ապրելակերպից: Արդյունքում Երեւանին մոտ բնակավայրերի բնակչության սպասումներն ավելի մեծ են, այդ իսկ պատճառով վատատեսական տրամադրություններն ավելի շատ են:

Հարցվածների 51.8 %-ի կարծիքով` մարզի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին մեկ տարում անկում է ապրել, իսկ 11 %-ի կարծիքով՝ զարգացել է: 15.5 %-ը նշել է, որ մարզում ամենաթերզարգացած ոլորտը մշակույթն է, 11.2 %-ը՝ հողագործությունը:

Հարցվածների կեսից ավելին նշել է, որ անհրաժեշտ է մարզում զարգացնել հողագործությունը, 40.4 %-ի կարծիքով՝ անասնապահությունը, իսկ 39 %-ը գտնում է, որ զարգացման անրհաժեշտություն ունի առողջապահությունը:

Հարցին, թե ինչպես կփոխվի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը մոտ ապագայում, հարցվողների 27.4 %-ը կանխատեսել է անկում, 47.5 %-ի կարծիքով` նույնը կմնա, իսկ 25.1 %-ը նշել է, որ կզարգանա:

Պարզվում է` հարցվածների 48.6 %-ին չեն գոհացնում մարզպետարանի աշխատանքները, գոհ է միայն 17.1 %-ը: Համայնքապետարաններից դժգոհ է 35.9 %-ը, գոհ՝ 38.4 %-ը: Կադաստրից գոհ է 20.6 %-ը, իսկ 35.6 %-ին բացարձակ չի գոհացնում այդ մարմնի աշխատանքը:

Հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիներին չեն գոհացնում նաեւ նվազագույն պայմանները, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման որակը: Այսպես` 22.1 %-ն ասել է, որ խմելու ջուրը անորակ է եւ կեղտոտ, 15.7 %-ը դժգոհել է, որ համայնքներում ոռոգման ջուր չկա, իսկ 15.1 %-ի կարծիքով՝ ոռոգման ջուրն անկայուն է մատակարարվում:

9.8 %-ը դժգոհում է, որ ֆիքսված հեռախոսակապ չունեն, իսկ 2.8 %-ի համար բջջային կապի որակը լավ չի:

32.8 %-ի ասելով` իրենց համայնքներում գազամատակարարում չկա, 40.7 %-ը մտահոգված է, որ համայնքներում գյուղտեխնիկա չկա: Հարցվածների 45.2 %-ի ասելով` պարարտանյութ չկա, կամ չեն տրամադրում, 11.7 %-ի ասելով էլ՝ թանկ է:

Արագածոտնի մարզի բնակիչները նաեւ ժամանցի վայրերի կարիք ունեն: Հարցվածների 73.9 %-ը դժգոհել է, որ չկան ժամանցի վայրեր, իսկ 5.5 %-ի կարծիքով` ժամանցի վայրերը քիչ են կամ միայն տղամարդկանց համար են: Հավանաբար, հարցվածները տղամարդկանց համար «ժամանցի վայր» ասելով նկատի են ունեցել գյուղամիջում դրված մեծ քարը, կամ ժանգոտված «բեսեդկան», որոնց վրա հիմնականում տարեց տղամարդիկ նարդի ու թղթաղան են խաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter