HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԽՄԿ-ն կոչ է անում ավելի արդյունավետ արձագանքել անհայտ կորածների ընտանիքների կարիքներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում զինված ընդհարման կամ բնական աղետների հետևանքով անհայտ կորածների ընտանիքների կարիքներին ավելի արդյունավետ և լայնածավալ արձագանք տալ։ 

«Ամեն տարի, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց հարազատներին նման իրավիճակներում»,- ասում է Մարիան Պեկասսուն՝ ԿԽՄԿ անհայտ կորածների հարցերով աշխատակազմի ղեկավարը։ «Ընտանիքներն ասում են, որ ամեն ինչից առավել նրանք ուզում են պարզաբանել անհայտ կորածի հետ կատարվածը, սակայն, ցավոք, շատ դեպքերում այդ հարցը հնարավոր չի լինում լուծել։ Սակայն նրանք ունեն նաև բազմաթիվ այլ կարիքներ։» 

Երբեմն իրավական կարիքները բխում են անհայտ կորածի անորոշ կարգավիճակի հետ կապված հարցերից։ Ընտանիքները կարող են առնչվել ժառանգության, գույքի տնօրինման, ամուսնական կարգավիճակի կամ անգամ երեխաների խնամակալության հետ կապված խնդիրների հետ։ Կարող են նաև նյութական կարիքներ ունենալ կապված անհայտ կորածին որոնելու նպատակով կատարված ծախսերի, կամ էլ ընտանիքի կերակրողին կորցնելուց հետո ընտանիքը նյութապես ապահովելու հետ։ 

Համենայն դեպս, ինչպես պարզաբանում է Միլենա Օսորիոն՝ ԿԽՄԿ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական հարցերով խորհրդատուն, հաճախ ընտանիքներն ունենում են նաև լուրջ հոգեբանական կարիքներ։ Դրանց թվում կարելի է դասել հուզական մեկուսացումը, մեղքի զգացումը, զայրույթը, ընկճախտը կամ տրավման, ինչպես նաև լարվածությունը ընտանիքի անդամների միջև կամ համայնքի այլ անդամների հետ։ «Անհայտ կորածների ընտանիքները հաճախ հայտնվում են անորոշության հետ պայքարի մեջ։ Գրեթե բոլոր հասարակություններում կան կրոնական կամ մշակութային ծիսական արարողություններ՝ կապված մահվան դեպքերի հետ,- ասում է տիկին Օսորիոն,- սակայն գրեթե ոչինչ չկա անհայտ կորածների ընտանիքներին սփոփելու համար»։ 

«Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց անհայտ կորած հարազատի հետ կատարվածի մասին։ Դա բացահայտելը նրանց հիմնական և առաջնային կարիքն է, բայց նրանց հետագա կարիքներին նույնպես պետք է արձագանքեն ինչպես կառավարությունները, այնպես էլ այնպիսի կազմակերպությունները ինչպիսիք Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություններն են»,- ասում է տիկին Պեկասսուն։ 

Օգոստոսի 30-ին՝ Անհայտ կորածների միջազգային օրվա առնչությամբ՝ ԿԽՄԿ-ն հանրությանը կներկայացնի «Իչպես սատարել անհայտ կորածների ընտանիքներին. Ձեռնարկ»-ը, որը նախատեսված է օգնելու ինչպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման անդամ հանդիսացող, այնպես էլ շարժումից դուրս աշխատող այն մարդկանց, որոնք ջանում են աջակցել անհայտ կորածների ընտանիքներին։ Ձեռնարկը՝ 154 էջից բաղկացած, նվիրված է «բոլոր նրանց, ովքեր ստիպված են դիմանալ սիրելիի անհետացման հետևանքով առաջացած տառապանքին»։ 

Այս նոր գիրքը լրացնում է անցած հոկտեմբերին ԿԽՄԿ-ի ստեղծած familylinks.icrc.org կայքը, որի նպատակն է օգնել մարկանց գտնել իրենց կորած հարազատներին։ Կայքը նաև տալիս է տեղեկություն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ծառայությունների մասին, որոնց շնորհիվ վերականգնվում է կապը ընտանիքի անդամների միջև աշխարհի տարբեր երկրներում։ 

«2003 թվականի Անհայտ կորածների միջազգային համաժողովից 10 տարի անց, մենք ավելի խորը գիտելիքներ ենք ձևավորել անհայտ կորածների ընտանիքների բազմաբնույթ կարիքների վերաբերյալ»,- նշեց տիկին Պեկասուն։ «Մենք հասկանում ենք, որպիսի մեր արձագանքն այդ կարիքներին լինի համարժեք, պետք է ցուցաբերենք ամբողջական և բազմաբնույթ մոտեցում։ Հույս ունենք, որ նոր ձեռնարկն այդ գործում կլինի ուղեցույց»։ 

Հայաստանում ԿԽՄԿ-ն շարունակում է տրամադրել նյութական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին միկրոտնտեսական ծրագրերի միջոցով, ինչպիսին ընտանի անասունների բաժանումն է կամ տների վերանորոգումը։ Տեղական գործընկեր-կազմակերպությունների հետ միասին ԿԽՄԿ-ն ընտանիքներին առաջարկում է սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ օգնելով նրանց հաղթահարել հարազատի կորստի հետևանքով առաջացած տրավմաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter