Ավիացիոն ոլորտի պաշտոնյաները աչք են դրել Հայաստանի օդային ուղիների վրա
Այս տարվա հունիսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգի նախագծին: Ըստ այդմ՝ նախատեսվում է առանձնացնել ավիափոխադրումների 3 խումբ-ուղղություններ (ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք, սակայն բոլոր խմբերում էլ լինելու է դեպի Մոսկվա ուղղությունը), որոնք շահագործելու են 3 ընկերություններ: Վերջիններս հայտնի են դառնալու աշնանն անցկացվելիք մրցույթի ընթացքում: Ըստ հայեցակարգի՝ շահագործողներին կարող է մինչեւ 5 տարով թռիչքների լիցենզիա տրվել:
Մոնոպոլիստ «Արմավիա»-ի»՝ ապրիլի 1-ից ոլորտից դուրս գալուց հետո այս փոփոխությունը կարծես դրական ազդեցություն կարող է ունենալ շուկայի վրա, սակայն մամուլում արդեն կարծիք է հնչել, որ 3 խմբերից ամենաեկամտաբերը ԱՊՀ-ի ուղղություններն են, հետեւաբար այդ խմբի շահագործող է դառնալու այն ընկերությունը, որի թիկունքն ամենաուժեղն է: Մամուլում նշվել է նաեւ, որ ամեն խմբում լինելու է 14 ուղղություն, սակայն հարցն այստեղ նախեւառաջ ոչ թե դրանց հավասար քանակն է, այլ տարբեր հաճախականությունն ու, բնականաբար, եկամտաբերությունը:
Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ քաղավիացիայի ոլորտը բավականին եկամտաբեր է, սակայն այն ունի նաեւ լայն զանգվածներին անհայտ բազմաթիվ մութ էջեր: Մասնավորապես, պարբերաբար բացվող-փակվող, վերանվանվող ընկերությունների թիկունքում կանգնած են մարդիկ, որոնք նախկին ու ներկա պաշտոնյաներ են, սակայն նրանց «ներկայությունը» միշտ չէ, որ աչքի է զարնվում:
Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայական ունի 11 ընկերություն: Նրանք բոլոր էլ առաջիկա մրցույթների հավանական մասնակիցներ են:
Անունը |
Հիմնադրման տարեթիվը |
Մասնակից/բաժնետեր |
Բաժնեմաս |
Գործադիր մարմնի ղեկավար |
Atlantis European Airways LLC |
1999 |
«Ատլանտիս Գրուպ» ՍՊԸ, «Սատուրն Ռայզեբյուրո» ՍՊԸ (Ավստրիա) |
90 %, |
Ռոլլանդ Մարգարյան |
Ark Airways LLC |
2009 |
Ռոբերտ Բաղդասարյան, |
51 %, |
Ռոբերտ Բաղդասարյան |
Air Armenia CJSC |
2003 |
Ռուզաննա Թովմասյան, |
50 %, |
Արսեն Ավետիսյան |
Armenia Airways Air Company CJSC |
2013 |
«Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ, |
50 %, |
Կարեն Մովսիսյան |
Ayk Avia Air Company CJSC |
2002 |
Շահեն Աղաբաբյան, |
50 %, |
Հայկանուշ Մխիթարյան |
Reliable Unique Services Aviation LLC |
2009 |
Հրաչյա Հովհաննիսյան, |
51 %, |
Անուշ Մարգարյան |
South Airlines LLC |
2000 |
Ջանիկ Սիմոնյան, |
42 %, |
Սամվել Հարութունյան |
Skiva Air LLC |
2011 |
Լուսինե Խաչատրյան, |
51 %, |
Սամվել Հարութունյան |
Sky Net Airline LLC |
2011 |
«Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ |
100 % |
Գրիգորի Վարդանյան |
Veteran Avia LLC |
2010 |
Սոնա Գեւորգյան, |
52 %, |
Արտաշես Գեւորգյան |
Taron-Avia LLC |
2007 |
Գառնիկ Պապիկյան |
100 % |
Գառնիկ Պապիկյան |
Ներկայացնենք այն 3 առաջին ավիաընկերությունները, որոնց մասին վերջին շրջանում առավել շատ է խոսվել, եւ որոնք այս պահին կարող են համարվել հաղթողի թեկնածուներ:
«Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ (Atlantis European Airways LLC)- Այս ընկերությունը հիմնադրվել է 1999-ին: Համագործակցում է «Չեխական ավիաուղիներ» եւ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունների հետ, որոնք Երեւանից թռիչքներ են իրականացնում Պրահա եւ Վիեննա, այնտեղից էլ՝ աշխարհի այլ կետեր: Ներկայում «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի 10 տոկոսի փայատերը «Սատուրն Ռայզեբյուրո» ավստրիական ընկերությունն է, որը գրանցված է Վիեննայում: 90 տոկոսի սեփականատերն էլ երեւանյան գրանցումով «Ատլանտիս Գրուպ» ՍՊԸ-ն է: Բայց իր հերթին «Ատլանտիս Գրուպ»-ի 48 տոկոսը պատկանում է նույն «Սատուրն Ռայզեբյուրո»-ին, 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Սպարտակ Գիշյանին, 10-ական տոկոս էլ՝ Սուրեն Ավագյանին եւ Ռոլլանդ Մարգարյանին: Վերջինս նաեւ «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի տնօրենն է:
Ընկերության հատկանշական կետերից մեկն այն է, որ հիմնադրման օրվանից (19.01.1999) մինչեւ 2004-ի հունվարի 19-ը՝ ուղիղ 5 տարի, ընկերության բաժնետերերից մեկը եղել է Արամ Նովելի Մարությանը, որն այժմ ՔԱԳՎ պետի տեղակալն է, իսկ 2001-2003 թթ. եղել է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը: 2008-2010 թթ. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի սեփականատերերն են եղել Մարությանին պատկանող «Մարութ Գրուպ» ՍՊԸ-ն եւ «Մարուտ Գրուպ Չեկ» չեխական գրանցումով ընկերությունը: Այն, որ այժմ էլ պետական պաշտոնյան առնչություն ունի տվյալ ավիաընկերության հետ, փաստվում է վերջինիս կայքում առկա գործընկերների ցանկով: Իբրեւ այդպիսիք, մասնավորապես, նշվում են «Մարուտ Գրուպ Չեկ»-ը, Սեւանի ափին գտնվող «Բոհեմիան Ռեսորթ» ՍՊԸ-ն («Բեսթ Վեսթերն Բոհեմյան Ռեզորթ» հյուրանոցային համալիր), ուղեւորափոխադրող «Գասուռ» ՍՊԸ-ն (Երեւան-Վանաձոր-Երեւան միկրոավտոբուսային երթուղի, ըստ atlantis.am կայքի՝ այս ընկերության միկրոավտոբուսներով կազմակերպվում են նաեւ տուրիստական այցելություններ), որոնք նույնպես Մարությանինն են:
«Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի ինքնաթիռների մասին որեւէ տեղեկություն համացանցային ավիացիոն տեղեկատուներում չկա: Միայն «Վիքիպեդիա» օնլայն-հանրագիտարանն է հայտնում, որ ընկերությունը բազավորված է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում եւ շահագործում է 1 հատ «Airbus A320»: Սակայն օդանավակայանի պաշտոնական կայքում տեղադրված են դրանից օգտվող օպերատորների անունները, որոնց մեջ այս ընկերությունը չկա:
«Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia CJSC)- Հիմնադրվել է 2003-ին: Բաժնետերերը ի սզբանե երկուսն են: 50 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Ռուզաննա Թովմասյանին, որը ընկերության տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի մայրն է: Իրականում հենց Ավետիսյանն է բաժնետերը, ինչի մասին նա հայտարարել է նաեւ մամուլում: Մյուս 50 տոկոսն էլ պատկանում է Վահան Էդոնիսի Հարությունյանին, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հարազատ կրտսեր եղբայրն է:
«Արմավիա»-ի՝ շուկան լքելուց հետո այս տարվա հուլիսին ՔԱԳՎ-ը դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա ուղղություններով թռիչքներ իրականացնելու ժամանակավոր արտոնագիր է տվել «Էյր Արմենիա»-ին, ինչը բազմաթիվ կարծիքների տեղիք է տվել: Մասնավորապես, հավանական է համարվում, որ հենց այս ընկերությունն էլ կշարունակի ԱՊՀ խմբի չվերթների իրականացումը:
Վահան Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ժամանակին ընկերությունն իրականացրել է «Արմավիա»-ին պատկանող որոշ չվերթներ, եւ նորեկ չէ մարդատար թռիչքներ իրականացնելու գործում: Արսեն Ավետիսյանն էլ հաստատել է, որ «Էյր Արմենիա»-ն գալիք մրցույթներում մասնակցելու հայտ կներկայացնի: Քաղավիացիայի ոլորտում ներգրավված շատ այլ անձանց նման Հարությունյանն ու Ավետիսյանը նույնպես նախկինում աշխատել են «Հայկական ավիաուղիներ»-ում, որը 2004-ին սնանկ հայտարարվեց եւ իր տեղն աստիճանաբար զիջեց «Արմավիա»-ին: Հարությունյանը եղել է պետական այդ ընկերության կոմերցիոն տնօրենը, իսկ Ավետիսյանը՝ գլխավոր տնօրենը: Վերջինս հայտարարել է, որ «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացումից հետո հենց «Էյր Արմենիա»-ն է գնել նրա ավիատեխնիկական բազայի լաբորատոր սարքավորումները, իսկ գոյացած գումարով փակվել են նախկին հզոր ընկերության աշխատավարձերի պարտքերը:
Ըստ aerotransport.org տեղեկատվական բազայի՝ ներկայում «Էյր Արմենիա»-ն (բազավորված է «Զվարթնոց» օդանավակայանում), որը մինչ այս առավել հայտնի էր բեռնափոխադրումներով, ունի 5 ակտիվ բեռնափոխադրող ինքնաթիռ՝ 1 հատ «Իլ-76ՏԴ», 3 հատ «Ան-12» եւ 1 հատ «Ան-32Բ» (վերջինս լիզինգով ձեռք է բերվել «Հայք Ավիա»-ից):
Տնօրեն Արսեն Ավետիսյանը հուլիսին հայտնել էր, որ ժամանակավորապես իրենց վստահված 6 ուղղությունները շահագործելու համար 2 հատ «Airbus» են ձեռք բերելու: Հարկ է նշել, որ «Զվարթնոցի» պաշտոնական կայքում առ այսօր չկա «Էյր Արմենիա»-ի անունը՝ իբրեւ օդանավակայանով մարդատար չվերթներ իրականացնողի: Իսկ դրա պատճառն այն է, որ ընկերությունը դեռեւս չի իրականացնում չվերթներ, քանի որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացի մեջ է: Այս մասին մեզ հայտնեցին «Էյր Արմենիա»-ի գրասենյակից: Մի քանի օր առաջ Ա. Ավետիսյանը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին նախատեսված առաջին Երեւան-Մոսկվա չվերթը տեխնիկական պատճառներով հետաձգվում է երկու շաբաթով: Ըստ նրա՝ լիզինգով արդեն իսկ ձեռք բերված առաջին «A320» օդանավը պետք է ներկվի ընկերության գույներով: Նույնը կարվի նաեւ երկրորդի հետ, որը կրկին լիզինգով ձեռք կբերեն աշնան սկզբին:
«Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways Air Company CJSC)- Հիմնադրվել է այս տարվա ապրիլին, ըստ էության, գալիք մրցույթներին մասնակցելու նպատակով: 50-ական տոկոսով սեփականատերերն են «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն եւ ՀՀ քաղաքացի Արմեն Արարատի Սարգսյանը: Ներկայում ՍՊԸ-ի միակ սեփականատերը «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ռաֆիկի Մովսիսյանն է, որը ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի ազգականն է: «Հրապարակը» գրել էր (22.06.2013), որ, ըստ մերձկառավարական շրջանակներում պտտվող լուրերի, առաջիկա մրցույթներին մասնակցելու ֆավորիտ ընկերությունը փաստացի պատկանում է ՔԱԳՎ պետի եղբորը կամ նրա տանիքի տակ է: ՔԱԳՎ-ից հերքել էին՝ նշելով, թե Մովսեսյանը չունի ավիաընկերություն ունեցող եղբայր: Հունիսի 30-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ ՔԱԳՎ պետը նշեց, որ դա իր հորեղբոր որդին է, որին ինքը կցանկանար մրցույթի մասնակից եւ հաղթող տեսնել:
Ինչպես երեւում է, խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա»-ի հեռանալուց հետո այս շուկան համեղ պատառ է դարձել հատկապես ավիացիոն ոլորտի պաշտոնյաների ու նրանց հարազատների համար, որոնք առաջիկայում համերաշխաբար իրար միջեւ կբաժանեն Հայաստանի օդային ուղիները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել