
Ով է լինելու հաջորդ գլխավոր դատախազը
Եվ այսպես, երկու շաբաթից լրանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը: Ամենայն հավանականությամբ, նրա թեկնածությունը նախագահը չի առաջադրի խորհրդարանին:
Աղվան Հովսեփյանը 10 տարի այդ պաշտոնին է: Նա Հայաստանում առանցքային դերակատարություն ուներ: Նրա միջոցով էին իրականացվում քաղաքական հաշվեհարդերները, նրա միջոցով են քաղաքական հակառակորդների նկատմամբ քրեական գործեր հարուցում: Հովսեփյանն է մի քանի անգամ խորհրդարանում պատգամավորնեին զրկել անձեռնմխելիությունից: Մի խոսքով, նա Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդող պաշտոնյաներից մեկն էր, բայց վերջերս Հովսեփյանի դիրքերը զգալիորեն թուլացել են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ կունենանք նոր գլխավոր դատախազ: Իսկ դա էական փոփոխություններ կբերի նաեւ ներքին քաղաքականության մեջ:
Մեկ տարի առաջ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն զինդատախազ Գեւորգ Կոստանյանն էր: Բայց դա մեկ տարի առաջ էր, նրա թեկնածությունն այժմ նույն թափով չի քննարկվում՝ չնայած մնում է գլխավոր դատախազի թեկնածուներից մեկը: Բայց նրա համար կարծես թե բացվել է այլ հեռանկար. 2014-ի հունվարին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը: Եվրադատարանի ամենահարմար թեկնածուն կարող է դառնալ հենց Գեւորգ Կոստանյանը:
![]() |
![]() |
Գեւորգ Կոստանյանը | Վահրամ Շահինյանը |
Գլխավոր դատախազի երկրորդ թեկնածուն ՀՔԾ-ի պետ Վահրամ Շահինյանն է: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վերջինիս այս պաշտոնին է նշանակել՝ նախապատրաստելով որպես գլխավոր դատախազ:
Մյուս թեկնածուն պատգամավոր Դավիթ Հարությունյանն է: Հանրապետական Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Չորրորդ թեկնածուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Նա տարիներ շարունակ «երազում» է գլխավոր դատախազի աթոռի մասին: Բայց Բաղդասարյանի շանսերն այնքան էլ մեծ չեն: Նա վաղուց որեւէ հենարան, իսկ նրա ղեկավարած կուսակացությունը քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունի, պարզապես Հանրապետականին կցված իրենց բիզնես ծրագրերն են իրականացնում:
![]() |
![]() |
Դավիթ Հարությունյանը | Արթուր Բաղդասարյանը |
Այսպիսով, թվարկված 4-ից կա երկու հիմնական թեկնածու` Դավիթ Հարությունյանը եւ Վահրամ Շահինյանը: Թե ո՞ւմ կընտրի Սերժ Սարգսյանը, դժվար է գուշակել, սակայն նախագահականում «Հետքի» աղբյուրներն ասում են, որ ավելի հավանական է ՀՔԾ պետի ընտրությունը:
Աղվան Հովսեփյանի հեռանալը նաեւ նշանակում է կադրային լուրջ փոփոխություններ դատախազությունում, ավելին` կլինեն արմատական փոփոխություններ: Հնարավոր են նույնիսկ անցանկալի հետեւանքներ, ասենք՝ ինչ-որ գործեր բացվեն որոշ աշխատողների նկատմամբ:
Աղվան Հովսեփյանը, բնականաբար, պետք է մտածի նաեւ նման շրջադարձի մասին, եւ դրա համար նա կանի ամեն ինչ որոշ լծակներ ունենալու համար: Չի բացառվում, որ նա դառնա նախագահի խորհրդականը՝ ճիշտ այնպիսի կարգավիճակով, ինչպիսին այսօր ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Աշնանը իսկապես փոփոխություններ են լինելու՝ քաղաքական դաշտում տեղի ունենալիք խմորումները չհաշված: Իսկ ամենամեծ անակնկալը իշխանություններին մատուցելու է քաղաքացիական հասարակությունը:
Մեկնաբանել