HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է հանրակրթական դպրոցների ամենամյա ավանդական խորհրդակցությունը

2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ խորհրդակցությունը հնարավորություն է ինչպես ամփոփելու նախորդ ուսումնական տարում գրանցած ձեռքբերումները, այնպես էլ խոսելու և քննարկելու առկա խնդիրներն ու  դրանց լուծման ուղղությունները:

Օրակարգի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2012-2013թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, առանձնացվել են դպրոցների կառավարման համակարգի և նորագույն տեխնոլոգիաների ներդնումը:

Կարևորելով դպրոցների շենքային համապատասխան պայմանների ապահովումը՝ նշվել է, որ ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է մայրաքաղաքի թվով 22 դպրոց, քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 96 դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար մի շարք դպրոցներում կազմակերպվել է ներառական կրթություն: Քաղաքապետի նախաձեռնությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով: Այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Կարևորելով դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը՝ կազմակերպվել են այցելություններ մշակութային օջախներ, նաև մասնակցություն տարբեր միջոցառումների:

Երևանի քաղաքապետի կողմից խրախուսվել են առարկայական օլիմպիադաներում, նաև այլ մրցույթներում հաջողություններ գրանցած աշակերտները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝  1-ից 4-րդ դասարանների շուրջ 7000 աշակերտներ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ստացել են պայուսակներ ու գրենական  պիտույքներ։ Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաև առաջարկներ՝ դպրոցներում կրթական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Խորհրդակցության  շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին, կարևորելով ուսումնական տարվա մեկնարկից առաջ անցկացվող խորհրդակցությունը, ներկայացրել է կրթական որակի բարձրացման ուղղությամբ  տարվող աշխատանքներն ու ցուցաբերվող մոտեցումները:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են նաև տնօրեններին մտահոգող հարցերին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այն գնահատել է արդյունավետ և, մասնավորապես, նշել. «Կարող ենք փաստել, որ 2012-2013 ուսումնական տարին հաջող է եղել  և դպրոցների համար արդյունավետ թե´ շենք-շինությունների պահպանման, թե´ ուսումնակրթական մասով  և թե՛ այն արդյունքներով, որ արձանագրվել են այս կամ այն օլիմպիադայում երեխաների հաջողություններով ու գրավոր և բանավոր քննություններում: Իսկ բոլոր այն խնդիրները, որոնք հընթացս առաջանում են ոլորտում, մեր ամենօրյա հսկողության ներքո են: Այս տարի նախատեսում ենք անել ավելին: Ձեռնամուխ ենք  լինելու նաև մի շարք դպրոցների հիմնանորոգմանը»: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter