HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» արգելոց-թանգարանը միացավ Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին:

1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող  այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` այսօր «Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց-թանգարանում բացվեց լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու  անկրկնելի գեղեցկությունը: Քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն, մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին փոխանցեցին Հռոմի ոգին և պատմական միջավայրը:

Եվրոպայի այցեքարտ համարվող «հավերժական քաղաք Հռոմի» 40 տեսարաններ մինչև հոկտեմբեր վերջ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է: Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»: 

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը:

Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը :  

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրեց, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ  ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են : 

Ցուցահանդեսը 1-ինը դիտելու պատիվ ունեցան նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ: «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը: Այս մասին տեղեկացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մամուլի ծառայութնունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter