HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական անհնազանդությունն ու իրավապահ մարմինները

2011 թվականի ապրիլի 11-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը եւ քաղաքային խորհրդի մի շարք անդամներ բերման ենթարկվեցին քաղաքի հիմնական փողոցներից մեկի՝ Քոնսթիթուշն Ավենյուից։ Նրանք այնտեղ կես ժամ շարունակ նստացույց են արել` կաթվածահար անելով այդ փողոցի ողջ երթեւեկությունը։

Քաղաքային իշխանությունները, դժգոհ լինելով ֆեդերալ իշխանությունների մակարդակով կայացված որոշումից, ըստ որի քաղաքային իշխանությունները զրկվում են Վաշինգթոն քաղաքի բյուջեից որոշ սոցիալական ծախսերի համար հատկացումներ անելուց, այդպիսով իրենց բողոքն էին հայտնում դրա դեմ։  Ոստիկանությունում մի քանի ժամ մնալուց եւ հասարակական կարգի խախտման համար հիսունական դոլար (ի դեպ, չափազանց փոքր գումար նույնիսկ աղքատ երկրների համար) տուգանք մուծելուց հետո նրանք ազատ են արձակվել։

ԱՄՆ-ում ակցիայի մասնակիցներին չեն պախարակել նման կերպ բողոք իրականացնելու համար։ Չեն ասել, որ չի կարելի անօրինականությամբ պայքարել անարդարության դեմ, որ Վաշինգթոնի իշխանությունները հակապետական արարք են թույլ տվել, որ վատ օրինակ են ծառայում քաղաքացիներին, որ եթե նրանք են հրապարակայնորեն օրենք խախտում, ապա էլ ինչպես կարելի է քաղաքացիներից պահանջել գործել օրենքի շրջանակներում եւ այլն, եւ այլն։ Կա համընդհանուր ընկալում, որ իրավական երկրում հավաք անելու, բողոքելու սահամանդրությամբ ամրագրված իրավունքը մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրացնել նույնիսկ որոշ ժամանակով երթեւեկելի փողոցը փակելու միջոցով։

Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն օրենքի խախտմամբ բողոքի դիմողների նկատմամբ էլ ավելի մեծ է լինում հարգանքը, քանզի մարդիկ, օրինակ,  իրենց ընդմիջման ժամին հարմարավետ սրճարանում նստելու փոխարեն, պայքարում են իրենց եւ այլոց իրավունքների համար եւ կարող են ենթարկվել դրա համար որոշակի սանկցիայի, թեկուզ աննշան տուգանքի տեսքով։

Իրավական պետություններում շատերը, թեկուզ եւ անգիտակցաբար, մի մասը գիտակցաբար հասկանում են, որ նման իրավունքների հիման վրա է կառուցվում իրավական պետությունը, որ շնորհիվ դրանց նրանք վայելում են այնպիսի հանրային բարիքներ, որոնցից զրկված են շատ շատերը այլ երկրներում, որ շնորհիվ այդ իրավունքների նրանք զերծ են մնում բռնապետություն դառնալուց, որ շնորհիվ դրանց է, որ առնվազն, ինչպես մի խումբ ամերիկացիներ ռուս լրագրող Պոզների հարցին, թե ինչ է ձեզ համար լինել ամերիկացի, ասացին, որ դա առանձնապես մի բան չէ, բայց հաստատ դա ավելի լավ է, քան լինել, ասենք, մեքսիկացի։

Պետք է նշել, որ իրենց հերթին ձերբակալվողներից եւ նրանց սատարող ակտիվիստներից ոչ ոք որեւէ պահանջ չի ներկայացրել ոստիկանությանը, քանի որ վերջինիս գործողությունները եղել են համաչափ եւ իրավաչափ։ Ոստիկաննները ոչ մեկի չեն հայհոյել,ագրեսիվ կեցվածք չեն ընդունել, ոչ ոքի չեն վիրավորել՝ հարգելով ակցիայի մասնակիցների՝ բողոքելու իրավունքը, նրանք հատկացրել են այդ իրավունքի իրականացման համար ողջամիտ ժամանակ՝ մոտ կես ժամ, եւ այդ ժամանակը լրանալուց հետո, երբ ակցիայի մասնակիցները մնացել են գետնին նստած, ոստիկանները համապատասխան հայտարարություն անելուց հետո, առանց ավելորդ էմոցիաների եւ շարժումների, զուսպ մոտեցել են ցուցարարներին, հագցրել են նրանց ձեռնաշղթաներ եւ ուղեկցել ոստիկանական բաժանմունք։

Բոլորը հասկանում են, որ ոստիկանները պարտավոր էին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, քանզի նրանք չէին ցանկանում ոստիկանության կողմից տրված ողջամիտ ժամկետը լրանալուց հետո ազատել փողոցը։ Ոչ ոք չի կարող ի նշան բողոքի սեփական ցանկությամբ փակել փողոցը այնքան, ինչքան կկամենա, քանի որ այդպիսով նա սահմանափակում է այլոց ազատ տեղաշարժի իրավունքը։ 

Իհարկե, ոչ միշտ են ոստիկանները ԱՄՆ-ում այդպես կոռեկտ լինում,ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում արձանագրված են ուժի ոչ համաչափ կիրառման բազմաթիվ դեպքեր, բայց արդեն թեկուզ միայն վերոնշյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսին է նման ակցիաների վերաբերյալ պետության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմինների կոնցեպտուալ վերաբերմունքը:  

Բողոքի ձեւը, որին դիմել էին Վաշինգթոնի քաղաքային իշխանությունները, քաղաքացիական անհնազանդությունն է, որը ճանաչվում եւ հարգվում է իրավական պետություններում։ 

Հայաստանում սահմանադրությունից բխող ժողովրդաիշխանության այդ ձեւը իրականում չի հարգվում եւ պաշտպանվում իշխանությունների կողմից։ Վկայությունը թեկուզ վերջին քաղաքացիական ակցիաների նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքն է: Մի կողմ թողնենք մի շարք ոստիկանների ոչ համաչափ եւ ոչ պրոֆեսիոնալ գործողությունները այդ ակցիաների ժամանակ, որոնց մասին շատ է խոսվել արդեն:  Այստեղ միգուցե ավելի մեծ խնդիր կա այդ ակցիաների նկատմամբ ոստիկանության բարձրաստիճան սպաների կողմից ցուցաբերվող պաշտոնական վերաբերմունքի կապակցությամբ: 

Օրինակ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը, անդրադառնալով մասնավորապես Կոմիտասի 5-ի ակցիային, արդեն մի քանի անգամ կրկնել է մոտավորապես հետեւյալը, որ ակտիվիստները իրավունք չունեն փողոց փակել եւ դրա անունը դնել քաղաքացիական անհնազանդություն, որ ոստիկանությունը թույլ չի տա, չի հանդուրժի նման բան: 

Միգուցե շատերի, այդ թվում պարոն Օսիպյանի համար բացահայտում կլինի այն, որ քաղաքացիական անհնազանդությունը նաեւ ՀՀ Սահմանդրությունից բխող եւ «թղթով» ճանաչված իրավունք է։ ՀՀ  Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ  ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Ա. Վաղարշյանի ընդհանուր խմբագրությամբ պատրաստված «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» ժողովածուում, անհնազանդությունը դիտարկվում է որպես ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անմիջական կամ ուղիղ ժողովրդաիշխանության ձեւերից մեկը։  

Գրքում մասնավորապես նշվում է, որ «ժողովրդաիշխանության անմիջական ձեւերն իրենց հերթին ժողովրդի իշխանության, նրա գերակայության ամենակարեւոր երաշխիքներն են, առանց որոնց ժողովրդաիշխանությունը կմնա ուտոպիա»: Գրքում տրվում է նաեւ քաղաքացիական անհնազանդության բնորոշումը`« Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով»:

Փաստորեն, մասնավորապես, մեր պետության բարձրագույն դատական ատյանի` Սահմանադրական դատարանի նախագահը ճանաչում է քաղաքացիական անհնազանդությունը եւ դրա միջոցները, որոնցից մեկն էլ ճանապարհների շրջափակումն է, իսկ ՀՀ ոստիկանությունը` ոչ: Յուրաքանչյուրը սրանից կարող է անել սեփական հետեւությունները: 

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter