
Համայնքապետը «Թեղուտ» ՓԲԸ-ից պահանջում է վճարել գույքահարկը
«Թեղուտ» ՓԲԸ-ն իր հաշվեկշռում նստած շենք-շինությունների և ծանր փոխադրամիջոցների համար գույքահարկ չի վճարում Թեղուտ և Շնող համայնքերին:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը 2014թ. համայնքի բյուջեի քննարկումների շեմին բազմաթիվ գրություններ է ուղարկել «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանին: Գյուղապետը պահանջում է Շնողի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա շենք-շինությունների և աշխատող ընկերության ծանր փոխադրամիջոցների գույքահարկը անհապաղ վճարել գյուղապետարանին: Չվճարված գույքահարկերի վճարման պահանջ է դնում նաև Թեղուտի գյուղապետ Ֆրունզիկ Նորեկյանը:
Օգոստոսի 29-ին իր շահառուների հետ «Թեղուտ» ՓԲԻ-ի կազմակերպած հանդիպմանը գյուղապետ Հովիկ Սահակյանը կրկին բարձրացրեց գույքահարկի հարցը: Գյուղապետի և «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրենի միջև տեղի ունեցած քննարկման ընթացքում Գագիկ Արզումանյանն ասաց, որ տրամաբանական է համարում գյուղապետի պահանջը` Շնողի վարչական տարածքում աշխատող ընկերության ծանր փոխադրամիջոցների գույքահարկի վճարման մասով: Սակայն Գագիկ Արզումանյանը նշեց, որ ՀՀ գույքահարկի մասին օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների գույքահարկը ընկերությունը պետք է վճարի ըստ իր գործունեության վայրի:
«Ընկերության գործունեության վայրը փոխադրամիջոցների մասով դա ընկերության գործունեության փաստացի գրանցման վայրն է, որն է` Երևանի Խանջյան 19 հասցեն: Այս պատճառով էլ ընկերությունը իր ծանր փոխադրամիջոցների գույքահարկը վճարում է Երևանի կենտրոն համայնքին»,- ասաց Գ. Արզումանյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց Հովիկ Սահակյանին, որ ծանր փոխադրամիջոցների գույքահարկի վճարման կարգը կարող է փոխվել միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով: Դրա համար «Էյ-Սի-Փի»-ի գլխավոր տնօրենը խորհուրդ տվեց գյուղապետին դիմել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և տարածքի պատգամավորին՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ ԱԺ-ում հանդես գալու համար: Այսուհանդերձ, Գագիկ Արզումանյանը խնդիր չէր տեսնում ընկերության անշարժ գույքի գույքահարկը ազդակիր համայնքերին վճարելու գործում: Նա գյուղապետերից եռամսյա ժամկետ խնդրեց ընկերության հաշվեկշռում գրանցված անավարտ և ավարտված շենք-շինությունների գրանցման համար եւ պարտավորվեց ազդակիր համայնքերին վճարել շենք-շինությունների գույքահարկը: Քննարկմանը ընկերության բնապահպանական հարցերով պատասխանատու Սուրեն Երիցյանը ընկերության շահառուներին տեղեկացրեց, որ ընկերության տարածքով անցնող բոլոր մշտական և ժամանակավոր ջրային հոսքերի և ճանապարհային վայրերում կառուցվել են կամուրջներ կամ ջրահեռացման կառույցներ`ջրային հոսքերը աղտոտումից զերծ պահելու համար: Խճի լվացման տեղամասում արտադրական ծավալների աճման առնչությամբ, արձագանքելով բնակիչների բողոքին, տեղեկացրեց, որ կառուցվել է 3-րդ պարզարանը, որն առաջիկայում կգործարկվի: Սուրեն Երիցյանը ներկայացրեց այս տարվա մայիսին Թեղուտի հանքավայրում կատարված ուրանի ռադիոլոգիական հետազոտությունների արդյունքերը, նշեց, որ հետազոտությունները ընդգրկել է նաև Թեղուտ և Շնող համայնքերը և եղել են նորմայի սահմաններում: «Ուրանի պարունակությունը առավելագույնը 0,02 զիբերտի սահմաններում էր, որը գտնվում է նորմայի մեջ»,- ասաց նա:
Քննարկմանը ներկաներից շատերը ընկերության բնապահպանական պատասխանատուի հայտարարությունն ընդունեցին թերահավատորեն: Պատասխանելով Շնող գետի էկոլոգիական վիճակի մասին «Հետքի» հարցին՝ Ս. Երիցյանը հայտնեց, որ գետում ներկայումս կա մեկ արտանետում, դա կախույթային մասնիկներն են` խճի լվացումից հետո:
«Թեղուտ» ՓԲԸ-ի ընդհանուր հարցերով վարչության անդամ Ռուբեն Պապոյանի տեղեկացմամբ, Թեղոտում ժամանակացույցով նախատեսված 170 հա անտառից ներկայումս հատվել է 135 հա -ն:
Շնողցի Գևորգ Պապյանը վրդովված դիմեց Սուրեն Երիցյանին. «Շնող գետի մերձակա տարածքում մենք միշտ էլ օգտվել ենք գետից, բայց հիմա բացարձակապես անհնար է օգտվել այնտեղից: Դուք ասացիք՝ հիմա 3-րդ պարզարանն եք կառուցում, բայց առաջին և երկրորդ պարզարանները ի՞նչ արեցին, էդ չհասկացանք: Այսպես շարունակել շանհնար է, որովհետև Շնող գետի ջրով մենք ջրում ենք մեր ծառերն ու բույսերը: Ջրի տիլը նստում է ծառերի տակին, բույսերի վրա և հնարավոր չէ օգտվել այդ բերքից: Դրան գումարած՝ ուզում եմ ասել, որ գետի մերձակա ճանապարհը փոշի է առաջացնում, որը նստում է էդ մերձակա տարածքի այգիների բերքի վրա: Ինչ հնարավորություն կա այդ ճանապարհը ասֆալտապատելու կամ բետոնապատելու համար, որպեսզի փոշի չլինի: Շնող գետը վերջնականապես երբ կլինի մաքուր»,- հարցրեց գյուղացին:
«Հավանաբար 3-րդ պարզարանը կթեթևացնի գետի վիճակը»,- ենթադրեց Սուրեն Երիցյանը: Ռուբեն Պապոյանը գյուղացիներին հավաստիացրեց, որ մյուս տարի որոշ չափով կկատարվեն ճանապարհների բետոնացման աշխատանքներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել