
Սամվել Ալեքսանյանը Փակ շուկան ձեւափոխեց նախագահի հովանավորությամբ
Օրենքներին հղում մի՛ կատարեք, զանազան պաշտոնյաների թիրախ մի՛ դարձրեք, Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» հետ վարվեց այնպես, ինչպես թույլատրեց Հայաաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Միակ մարդը, ով կարող էր Սամվել Ալեքսանյանին արգելել ձեւափոխել շուկան, Սերժ Սարգսյանն էր: Եւ քանի որ այդ միակ մարդը այդպես էլ չկանխեց Ալեքսանյանի ապօրինի գործողությունները, կարելի է ենթադրել, որ պատգամավոր, գործարար Ալեքսանյանը այդ ամենն անում է նախագահի հովանավորությամբ:
Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարելը մի տեսակ անիմաստ գործ է դառնում: Նա չէր կարող քանդել «Փակ շուկան» առանց երկրի նախագահի, առանց քաղաքապետի, առանց մշակույթի նախարարի, առանց վարչապետի համաձայանության: Ինչպես մեր, այնպես էլ նրանց դեմքին ժպտալով էր Ալեքսանյանը դա անում:
Եթե մի փոքր, գոնե շատ չնչին արժանապատվության զգացում ունենային մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախկին գխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա վաղուց պետք է հրաժարական տային, քանի որ, ըստ իրենց իսկ խոսքերի, Ալեքսանյանի բոլոր գործողություններն ապօրինի են, եւ իրենք չեն կարողանում կանխել այդ ապօրինությունները: Իսկ եթե անզոր են, պարտավոր են հեռանալ: Նրանք, բնականաբար, չեն հեռանում, որովհետեւ նրանց հիմնական «գործառույթը» սեփական միլիոնները դիզելն է, ու նրանք դա էլ անում են:
Օրենքը Սամվել Ալեքսանյանի համար չի գրվել, դրա համար էլ չի գործում, նա կարողանում է պետական եւ ոչ պետական բոլոր կառույցների հետ հարցերը լուծել փողով: Բայց դա շարունակական չի կարող լինել, կլանային համակարգով կառավարվող երկրում կլանները երբեմն փոխվում են, եւ այդ փոփոխությունները հաճախ ընթանում են հաշվեհարդարներով, ունեզրկումներով: Սամվել Ալեքսանյանը, որ տեւական ժամանակ նույնիսկ իր կողմից ֆինանսավորվող մամուլի թիրախն է, շուտով կհայտնվի զոհասեղանին, բոլորը մի ակնթարթում կմոռանան «Փարվանայում» անվճար կերած հացը:
Մեկնաբանել