Ռուսական ռազմաբազայի նախկին պայմանագրային 151 զինծառայող զրկվել է բնակարանային սերտիֆիկատից
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի շուրջ 151 նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր հերթագրված են բնակարանային պետական սերտիֆիկատների ստացման ցուցակներում, պարզել են, որ ինչ-ինչ պատճառներով զրկվում են այդ արտոնությունից:
2011թ.-ի ապրիլից բազմաթիվ դիմումներ են հղվել ՌԴ նախագահին, վարչապետին, ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ տարածքային զարգացման նախարարին, պաշտպանության նախարարին եւ այլն: Դիմումներ են ուղղվել բոլոր հնարավոր գերատեսչություններին, որոնք իրավասու են տվյալ հարցի լուծման համար, սակայն մինչ օրս դիմումատուները ոչ մի պատասխան չեն ստացել:
«Մենք պահեստային սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու զինվորներ ենք, ովքեր հաշվառված են միասնական էլեկտրոնային հերթացուցակում` մեզ հետ բնակվող ընտանիքի անդամների հետ միասին, անկախ նրանց քաղաքացիությունից,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախկին զինծառայող Էդմոնդ Մելքոնյանը,-մենք վաղուց ենք հաշվառված, սակայն մարդիկ, ովքեր փաստաթղթեր են ներկայացրել 2010 թ.-ին արդեն իսկ ստացել են այդ սետիֆիկատները, իսկ մենք`ոչ: Մեզ պատճառաբանում են, թե ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՌԴ քաղաքացիություն, սակայն դա հնարավոր չէ, քանի որ, ըստ գործող օրենքի, ՌԴ քաղաքացի կարող են լինել նրանք, ովքեր մշտապես բնակվում են ՌԴ տարածքում, իսկ մեր ընտանիքի անդամները մեզ հետ միասին բնակվել են այստեղ` ՀՀ-ում»:
Նախկին զինծառայողներին վրդովեցրել էր այն, որ նմանատիպ կարգավիճակում գտնվող շատ ընտանքիներ օգտվել են այդ արտոնությունից, սակայն չգիտես ինչու իրենց դուրս են թողել ծրագրից, և դրա հետ կապված ոչ մի կոնկրետ պատասխան չի տրվել, որեւէ նորմատիվ ակտի հղում չի կատարվել, թե ինչու է կասեցվել գործընթացը: Դրա փոխարեն հրահանգվել է որոշ պաշտոնյաների տանել բացատրական աշխատանքներ բողոքող զինծառայողների հետ:
10 եւ ավելի տարի ռուսական բանակում ծառայելն արդեն իսկ բնակարանի ստացման իրավունք է ապահովում յուրաքանչյուր ծառայողի: Այս մասին հայտարարեցին ասուլիսի մասնակիցները: «Շատերը վարձով են ապրում այստեղ` սպասելով այդ բնակարաններին, քանի դեռ մենք ծառայում էինք, այդ վարձ տալիս էր զորամասը, իսկ հիմա մենք ենք վճարում մեր գրպանից»,-նեղսրտեց նախկին պայմանագրային զինծառայողներից մեկը:
«Մեր նամակները, ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, նրան չեն հասնում, մենք համոզված ենք դրանում,-կարծիք հայտնեց Հովհաննես Կատայանը,-այլապես որեւէ դրական լուծում կլիներ այս հարցին: Մեզ զայրացնողն այն է, որ եթե սերտիֆիկատ կարող է ստանալ 8 անձից բաղկացած ընտանիքը, որտեղ միայն մեկն ունի ՌԴ քաղաքացիություն, ապա ի՞նչ հիմքերով են մերժում մեզ` չտալով հիմնավորված պատասխան: Նման կարգավիճակով արդեն 4000 հոգի սերտիֆիկատ է ստացել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել