
Բարեկամական կապերի քաղաքապետարանը
Ալավերդու քաղաքապետարանը ղեկավարում են Արտավազդ և Արթուր Վարոսյանները: Նրանք հորեղբոր թոռներ են: Արտավազդ Վարոսյանը քաղաքապետն է, Արթուր Վարոսյանը` քաղաքապետի տեղակալը: Վերջինս այս պաշտոնին է նշանակվել է 2013թ. ապրիլին: Այդ պաշտոնում նրան նշանակել է Արտավազդ Վարոսյանը:
Անկախության տարիներին բոլոր քաղաքապետերի հետ պաշտոնավարած ֆինբաժնի պետ Սամվել Աբելյանը նորանշանակ տեղակալի աներն է: Քաղաքապետի բացակայության ժամանակ, փաստորեն, Արթուր Վարոսյանը ի պաշտոնե պետք է ստանձնի քաղաքապետի բոլոր լիազորությունները, որի դեպքում նա աներոջ հետ դառնում է համայքնի բյուջեի վերահսկողն և պատասխանատուն:
Տեղակալի քեռին` Ռաֆիկ Միքայելյանը քաղաքապետի խորհրդականն է, իսկ աներձագը քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը և հարկահավաքության պատասխանատուն է: Քաղաքապետարանի աշխատակազմի առանցքային պաշտոնների կադրերի ընտրության այս սկզբունքները ալավերդցիների շրջանում բարյացակամորեն չեն ընդունվում: «Իրենք են, սաղ իրենցն է, ինչ ուզում են, ոնց իրենց հարմար է, այդպես էլ կառավարում են»,- ասում է ալավերդցիներից մեկը:
Քաղաքապետարանի աշխատակազմում նշանակված բարեկամ ու ազգակից աշխատողների մասին «Հետքը» խնդրեց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի մեկնաբանությունը:
«Գաղտնիք չէ և բոլորին է հայտնի, որ քաղաքապետարանի առանձին աշխատողներ բարեկամական կապ ունեն, բայց ֆինանսական վերահսկողության առումով փոխկապակցված անձանց հետ կապված արգելվում է այն մարդկանց, ովքեր վարում են համատեղ տնտեսություն: Նույնիսկ երկու հարազատ եղբայրները փոխկապակցված անձ չեն` ֆինանսական օրենքի տեսանկյունից»,- պարզաբանեց քաղաքապետը: «Վստահ ե՞ք, որ քաղաքապետի տեղակալը անաչառությամբ պետք է վերահսկի իր աներոջ և աներձագի աշխատանքը»,- հարցին` քաղաքապետը պատասխան չուներ:
Արտավազդ Վարոսյանի կարծիքով, խնդիրը ավելի սրությամբ կարելի է ընդունել այն դեպքում, եթե ընտանեկան ու ազգակցական կադրային նշանակումները կատարված լինեին իր պաշտոնավարման տարիներին. «Այդ մարդիկ քաղաքապետարանի համակարգում աշխատում են դեռևս այն ժամանակներից, երբ ես քաղաքապետարանում չէի»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ է իրականացնում կադրային քաղաքականությունը և համայնքի աշխատակազմի ձևավորումը: Նույն հոդվածով քաղաքապետին է վերապահված քաղաքապետարանի պաշտոնյաների նշանակումը:
Այնպես որ, եթե քաղաքապետարանի կադրերի ազգակցական ու բարեկամական նախկինում կատարված նշանակումները ձեռնտու չեն գործող քաղաքապետին, ապա օրենքը նրան լիազորում է խնդիրը կարգավորել, մանավանդ, որ ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ մարդիկ նույնպես ունեն այլ աշխատատեղերում աշխատելու իրավունք:
«Նշանակման օրերին մենք վերանայում էինք քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` նպատակ ունենալով ինչ-որ չափով աշխատավարձի վարձատրության փոփոխություն անել նաև քաղաքապետարանի աշխատակազմում, և միակ տրամաբանությունը եղել է նրանում, որ հնարավորինս կոմպլեկտավորենք աշխատանքերը, մենք 8 հաստիքային միավոր կրճատեցինք»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:
Կրճատվողների ցուցակում, բնականաբար, փեսան, աները, աներձագն ու քեռին չեն հայտնվել:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել