Ո՞ւմ համար է աշխատում գյուղնախարարությունը
Երկրում շարունակվում է գյուղերից մեծ թափ ստացած արտագաղթը: Գյուղերը դատարկվում են, ծերանում, վարելահողերը` մնում անմշակ:
Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Ինչի՞ համար է գյուղնախարարությունը: Արդյո՞ք երկրում ճիշտ ագրարային քաղաքականություն է տարվում, և որքանո՞վ է այդ քաղաքականությունը նպաստում գյուղերում աշխատելու և ապրելու նորմալ պայմանների ստեղծմանը: Ու՞մ համար է աշխատում գյուղնախարարությունը` աղքատ գյուղացո՞ւ, թե՞ նոր ձևավորված ֆեոդալների: Ինչու՞ գյուղնախարարության կողմից չեն կազմակերպվում հանրային լսումներ` քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի` այդ թվում նաև աղքատ գյուղացիների մասնակցությամբ: Արդյո՞ք արդյունավետ և նպատակային են օգտագործվում գյուղատնտեսության զարգացման և գյուղական աղքատության նվազեցմանը նպատակաուղղված միջազգային կառույցների կողմից գյուղնախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները: Ինչպիսի՞ն է մեր երկրի պարենային ապահովվածության վիճակը: Արդյո՞ք անվտանգ գյուղմթերք ենք մենք օգտագործում: Ինչպե՞ս է լուծվելու սակավահող Հայաստանի հսկայաքանակ դեգրադացված հողերի հիմնախնդիրը, որով մեր երկիրը գնում է դեպի անապատացում: … Հարցեր, որոնց պատասխանները հանրությունը ակնկալում է լսել գյուղնախարար Սերգո Կարապետյանից:
Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենախոցելի բնագավառներից մեկն է: Գյուղատնտեսությամբ Հայաստանում այսօր զբաղվում են մի քանի ֆեոդալներ, որոշակի միջին կարգի ֆերմերներ և աղքատ (նաև` գերաղքատ) գյուղացիների հսկայաքանակ զանգվածներ: Նշվածներից պետական աջակցության կարիք ունի միայն աղքատ գյուղացիությունը` ամենաանպաշտպան խավը, ում իշխանությունները հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Կարծում եմ, պետության կողմից հատկացվող աջակցությունը պետք է տրամադրվի միայն աղքատ գյուղացուն, այլ ոչ թե` գյուղապետին, մարզպետին, օլիգարխին, և այլոց: Գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է նաև մեր հարևան երկրներում, սակայն նրանցից ոչ մեկում չկա նման տիպի սարսափելի չափերի հասած գյուղական արտագաղթ:
Ճիշտ է, կառավարությունը մեր երկրում աջակցել և շարունակում է աջակցությունը գյուղացուն` սուբսիդավորելով պարարտանյութը, դիզելային վառելիքը, որոշակի քանակի սերմեր, լիզինգով` գյուղտեխնիկա և այլ միջոցներ, սակայն, իրականում, աղքատ գյուղացիների ճնշող մեծամասնությունը, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով, չի կարողանում օգտվել կառավարության հատկացրած այդ միջոցներից: Դառը փորձը ցույց է տալիս, որ այդ օգնություններից գյուղերում հիմնականում օգտվում են փողատեր հարուստները` հետագայում դրանք ավելի թանկ գներով վերավաճառելու նպատակով: Արդյունքում ստացվում է, որ պետությունը աշխատում է հարուստին է’լ ավելի հարստացնելու համար: Կառավարության այս նախաձեռնությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, կառաջարկեի աղքատ գյուղացիներին տրամադրել որոշակի քանակի անվճար և/կամ կտրոնով` պարարտանյութ, դիլվառելիք, թունաքիմիկատներ և սերմեր:
Գյուղատնտեսական արտադրության գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով, խոսք է գնում արտադրության կազմակերպման երկու հիմնական մոտեցումների մասին, որոնցից առաջինով նախատեսում է աջակցության տարբեր ձևերով (արտոնյալ վարկեր, սուբսիդիաներ, և այլ միջոցներ) օգնել հարուստ հողատերերին (ֆեոդալներին)` ընդլայնելու իրենց կալվածքները և արտադրական հնարավորությունները, որպեսզի աղքատ գյուղացին հնարավորություն ունենա, որպես վարձու աշխատող, այդ հողատարածքի վրա զբաղվի գյուղատնտեսությամբ և այդտեղից ստացված միջոցներով պահի իր ընտանիքի գոյությունը:
Կարծում եմ, գյուղնախարարության կողմից խրախուսվող այս մոտեցումը շատ սխալ է, քանի որ այն հայ գյուղացուն կտանի մի քանի դար հետ` դեպի ֆեոդալական, կալվածատիրական, ստրկատիրական հասարակարգեր: Կստացվի այնպես, որ այս դեպքում հարուստ հողատերերը, չնչին վարձավճարներով, իրենց հողատարածքներում կշահագործեն աղքատ գյուղացուն:
Երկրորդ մոտեցումը այն է, երբ գյուղնախարարությունը անմիջապես օգնում է աղքատ գյուղացուն (կամ աղքատ գյուղացիներից ձևավորված կոլեկտիվին), որպեսզի նա (կամ կոլեկտիվը) ոտքի կանգնի և կարողանա ինքնուրույն (կամ կոլեկտիվ ձևով) մշակի իր (կամ կոլեկտիվին պատկանող) հողատարածքը և իրացնի ստացված բերքը: Այս մոտեցումը ճիշտ է, և աղքատ գյուղացին սրան մեծ սիրով կհամաձայնի: Խոսքը գնում է գյուղատնտեսական կոոպերացիայի մասին, որի հաջողված տարբերակներից մեկն էլ սովետական կոլխոզն էր:
Գյուղատնտեսական կոոպերացիայի գաղափարը, որի մասին «Ֆերմերային շարժում» ՀԿ –ն առաջ էր քաշում դեռ տարիներ առաջ, այսօր կիրառվում է գյուղերում գյուղնախարարության ԾԻԳ –ի կողմից` Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: Սակայն կոոպերացիայի գյուղնախարարության տարբերակը չի անցել համապատասխան հանրային քննարկումներ և չի նպաստում գյուղական աղքատության նվազեցմանը, որի վառ ապացույցը գյուղերից շարունակվող արտագաղթն է:
Ինքս հրապարակային (այդ թվում նաև` գյուղնախարարության կոլեգիայում) բազմիցս եմ բարձրացրել գյուղական կոոպերացիայի արդյունավետ իրականացման տարբերակը, որի տերը աղքատ գյուղացին է, սակայն այսօրվա իշխանությունները ավելի հակված են օգնել ոչ թե աղքատ գյուղացուն, այլ հարուստ ֆեոդալին:
Այլևս այսպես շարունակել չի կարելի: Գյուղացիների հիմնական մասը դժգոհ է գյուղատնտեսությունում տիրող ներկայիս վիճակից և գյուղնախարար Սերգո Կարապետյանի աշխատանքից: Եթե գյուղնախարարը իրոք ցանկանում է տեղեկանալ, թե գյուղացիները ինչ կարծիքի են իր մասին, ապա կառաջարկեի նրան, Հ. Թումանյանի հայտնի հերոսի նման, կերպարանափոխվել և մտնել գյուղացիների մեջ, կամ էլ` թող հետևի Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի 1 օրով մարդկանց հետ շփվելու օրինակին, և ամեն ինչ իրեն պարզ կդառնա:
Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ,
Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել