Ավանը պետք է օրինակ դառնա մյուս վարչական շրջանների համար
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ ծանոթացել է Աճառյան 18-22 շենքերի բակում կատարված աշխատանքներին:
Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Ավան վարչական շրջանի բարեկարգ և օրինակելի բակերի շարքը: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և զրուցարան, տարածքն էլ բարեկարգվել ու ասֆալտապատվել է` բակը վերածելով յուրատեսակ հանգստի գոտու:
Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից` Կարեն Կարապետյանը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին մշակել և ներկայացնել տարածքում ոռոգման ցանցի անցկացման և թեք տանիք ունեցող շենքերի կտուրների նորոգման ծրագիր: Իսկ բարեխիղճ աշխատանքի համար, որպես խրախուսանք, քաղաքապետը խոստացել է համատիրությանը նվիրել խոտ հնձող ժամանակակից սարքավորում:
Կարեն Կարապետյանին գոհացրել են նաև Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում գտնվող «Ընտանիքի այգում» կատարված աշխատանքները, որտեղ խնամված ու ծաղկային ձևավորումներով հագեցած էին բոլոր սիզամարգերն ու ծառուղիները:
Այս համատիրության վարձավճարների հավաքագրման ցուցանիշը ևս արժանացել է քաղաքապետի գնահատանքին:
Այդ ցուցանիշն այստեղ կազմում է շուրջ 85 տոկոս, ինչն, ի դեպ, եզակի երևույթ չէ Ավան վարչական շրջանում: Ծանոթանալով ու գնահատելով Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում կատարված աշխատանքները` Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ բակն ավելի կընդլայնվի ու տեսքն էլ կամբողջանա, երբ ցանկապատերից ազատվեն բոստանային տարածքները£ Ըստ այդմ, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանելու հստակ հանձնարարականներ են տրվել:
Քաղաքապետի աչքից չի վրիպել նաև Նարեկացի թաղամասի 32-ից 37 շենքերի բարեկարգ բակը, որտեղ ստեղծված են բակային հանգստի բոլոր պայմանները թե երեխաների, և թե մեծերի համար:
Այստեղ է տեղակայված «Նարեկ» հուշարձանը, որն իր տեսակի մեջ ճարտարապետության եզակի նմուշներից է: Բակում գործում է նաև շախմատի դպրոց: Կարեն Կարապետյանը համատիրության նախագահին և բնակիչներին շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի համար և խոստացել նվիրել նոր խոտհնձիչներ և բակի բարեկարգման ու խնամքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:
Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվող բարեկարգման աշխատանքները` նշելով, որ շուտով եկեղեցու տանիքն էլ կվերանորոգվի:
Առանձնահատուկ հոգածություն է դրսևորվում նաև «Սայաթ – Նովա» թաղամասի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կանաչ տարածքներն ու ծաղկանոցները ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Իսահակյան» թաղամասում էլ քաղաքապետն ականատես է եղել ճեմուղիների ձևավորման ընթացող աշխատանքներին: Բակային խաղերը, նստարաններն ու զրուցարաններն այստեղ վաղուց արդեն իրականություն են:
Այս տարի տեղադրվել են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզասարքերը: Ծավալված աշխատանքներից քաղաքապետն այստեղ էլ է գոհ մնացել ու խոստացել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում օժանդակել:
Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար, ընդգծել է, որ աղբահանության և կանաչապատման ուղղությամբ վարչական շրջանում կատարված աշխատանքներն իրավամբ պետք է օրինակելի դառնան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել