HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորն առաջարկում է ավանդները փոխհատուցելիս հաշվի առնել դիմումատուի տարիքն ու առողջական վիճակը

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: Ստորեւ՝ պատգամավորի դիմումն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը և սահմանել ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման առաջնահերթությունների նոր չափանիշներ:

2006 թվականի մարտի 16-ին ընդունված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 352-Ն որոշմամբ այնպիսի կարգ է սահմանված, որ հաճախ անձը դիմում է փոխհատուցում ստանալու համար և նրան հասանելիք փոխհատուցումն ուշանում է և մինչ իր հերթը հասնելը նա մահանում է, իսկ նրա ժառանգները հնարավորություն չունեն ստանալու նշված միջոցները: Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության հայտնած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակներում ընդգրված շուրջ 62 800 ավանդատուներից 2012 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով դադարեցվել են 7 657 մահացած անձանց ավանդի փոխհատուցման գործերը:

Վերոգրյալը հաշվի առնելով և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետով՝ առաջարկում եմ առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները»:

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter