HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է ճեղքել գաղջության պատը

Ստեփան Գյոզալյան

Նախաբան 

Հայտնի փաստ է, որ հսկայական է մեդիայի դերը հասարակության՝ հատկապես մատաղ սերնդի աշխարհայացքի եւ արժեհամակարգի ձեւավորման, կրթվածության մակարդակի, դաստիարակության գործում:

Հայկական մեդիադաշտում, չհաշված փոքրաթիվ բացառությունները, մթնոլորտը գաղջ է: Դիտարկելով անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակաշրջանը՝ ակնհայտ երեւում է, որ հետզհետե, աննկատելիորեն, հրապարակումների, ռադիո եւ հեռուստահաղորդումների միջին մակարդակի՝ տարիների ընթացքում ահռելի անկում է տեղի ունեցել: Մակարդակ ասելով նկատի ունեմ ե՛ւ մատուցվող նյութի ու ոլորտի ընտրությունը, ե՛ւ նպատակը, ե՛ւ իմաստը, ե՛ւ թողած ազդեցությունը… Կարելի է երկար թվարկել…

Ինչու՞ դա տեղի ունեցավ, ինչու՞ է այն շարունակվում…  Դա ինչ որ տեղերից ուղղորդվո՞ղ, թե՞ տարերային գործընթաց է: Դեռեւս 1945թ. ԿՀՎ ղեկավար Ալեն Դալեսը ներկայացրեց պետությունները ներսից քանդելու ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը: Մի հատված այդ ծրագրից. «Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»: Ոնց որ աշխատում է, չէ՞ Դալեսի ծրագիրը… Իսկ ահա մի այլ «ծրագրում» (Ինչպես փլուզել երկիրը ներսից. Գնդապետ Դանի նոթերը) ուղղակիորեն ցուցում է տրվում մեդիադաշտն օգտագործելու վերաբերյալ. «Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում է կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովորդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել... »:  Այս դեպքում, ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են…

Եթե ընդունենք, որ մեդիադաշտի գաղջությունը տարերային ձեւով հաստատվեց՝ դա նույնպես ընդհանուր տագնապալի պատկերը չի փոխում: Լայքի, ռեյտիգի, քանակի, թոփի, եսիմինչի՝ նոր չափորոշիչների, պաշտամունքին տրվելով, հանրությանն են մատուցվում արագ, էժանագին, ռաբիզ, չստուգված, «սենսացիոն», «շտապ», ուրիշներից քոփի-փեյսթ ու «պլեճ արած» հաղորդումներ եւ հրապարակումներ: Պետականամետ (իշխանամետ չէ), ազգապահպան, հայրենասիրական ու, առհասարակ, հետաքրիր, ուսանելի, մարդու զարգացմանը նպաստող, մտածելու դրդող քարոզչությունը կարծես հետին պլան է մղվել:

Անդրադառնանք հեռուստատեսությանը, քանի որ նրա դերն ու ազդեցությունը անհամեմատ մեծ են: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօրվա հեռուստատեսությունը խիստ բացասական դերակատարում ունի մարդկանց արժեհամակարգի ու ճաշակի ձեւավորման գործում: Բազմաթիվ հեռուստաալիքները մեկը մյուսի օրինակին հետեւելով, իրարից «գաղափարներ» թռցնելով ու, դրա հետեւանքով իրարից համարյա չտարբերվելով՝ ձեւավորել են մի դաշտ, որտեղ գերակշռում են կիսակրիմինալ, բոզություն (ականջդ կանչի Հենրիկ Իգիթյան) պրոպագանդող կամ ոչինչ չասող սերիալներ, ամեն տեղ հայտնվող ու արդեն ձանձրացնող «աստղային» դեմքեր, բառիս բուն իմաստով ռաբիզ, մելիզմախառը կամ անհասկանալի երգացանկով երգչիստների կլիպներ ու համերգներ, միակողմանի, «տապորային» լրատվություն, պատվիրովի «վերլուծություններ», տառասխալներով գովազդներ, հումորային տափակություններ… Բացառություններ, որակյալ բան անելու փորձեր, իհարկե, կան, բայց, ցավոք, գաղջության պատը քանդելու համար դրանք շատ քիչ են: Արդյունքում` ունենք մի տխուր պատկեր, երբ գիտություն, արվեստ, մշակույթ ներկայացնողները լավագույն դեպքում խղճահարություն են առաջացնում, իսկ հեղինակություններ են դարձել զոռբա, փողոտ, օրենքից վեր տիպերը: Միտս ընկան, թե ընդամենը 25 տարի առաջ ի՜նչ հեղինակություն էին վայելում Գորբաչովի արքունիքում կռիվ տվող, մեզ ներկայացնող, մեր պատգամավորական թիմի անդամները: Թվարկե՞մ: Վազգեն Առաջին ու Վիկտոր Համբարձումյան, Ֆրունզե Դովլաթյան ու Վարդգես Պետրոսյան, Հենրիկ Իգիթյան ու Սոս Սարգսյան, Սերգեյ Համբարձումյան ու Խորեն Աբրահամյան… Հիմա էլ, անշուշտ, կլինեն խելացի, մտահոգ, ազգը ներկայացնելու արժանի անհատներ, բայց ո՞վ է ճանաչում նրանց, ո՞վ գիտի նրանց տեղը… Հիմա հանրածանոթ ազգանուններ են վիպոյաններն ու ջամշոյանները…

Եթե ի մի բերենք հայլուրային լավատեսությունը եւ ֆեյսբուքներում տարբեր ԶԼՄ-ների ու անհատների նյութերի տակ զանազան կուսակցությունների, շարժումների, հոսանքների հետեւորդների հայհոյախառը, փողոցային, անմակարդակ մեկնաբանությունները՝ կստանանք տաշի-տուշի ու լիքը թարախ, իսկ իրականում՝ «պառակտված, փշրանք դարձած մի ժողովուրդ»:

Այսպես շարունակել չի կարելի: Պատերազմը չի ավարտվել, հակառակորդը զինվում է, «ազատ աշխարհի կոսմոպոլիտներ»-ը արդեն թելադրող են դառնում, տնտեսությունը դոփում է տեղում, արտագաղթն ահագնանում է: Սա արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր: Պետք է սկսել վիճակը շտկելու քայլեր անել: Դրան հասնելու համար առաջնահերթ քայլերից է մեդիադաշտը «շողուլի բերելը»:

Բուն նյութ

Վերջերս մի քանի հրապարակումներ եղան` հեռուստատեսությամբ գիտահանրամատչելի հաղորդումներ հեռարձակելու առաջարկություններով: Ներկայումս նման հաղորդումներ հեռարձակվում են ռուսական եւ, կներեք արտահայտությանս՝ թուրքական ալիքներով: Ուրիշ երկրների հեռուստածրագրերն անհասանելի են ինձ, բայց գրեթե համոզված եմ, որ շատերի մոտ նման ճանաչողական հաղորդումները նորմա են: Երեւի մտածում են սերունդ կրթելու, գիտելիքի նկատմամբ սեր եւ հետաքրքրություն առաջացնելու մասին: Արդյունքը ակնհայտ է՝ անընդհատ զարգացում թե՛ գիտության, թե՛, դրա շնորհիվ՝ տնտեսության բոլոր ոլորտներում, բարեկեցություն, երկրի հեղինակություն: 

Խորհրդային տարիներին էլ մեզ մոտ կային մի քանի գիտահանրամատչելի, ուսումնական հաղորդումներ: Նաեւ հայկական հեռուստատեսությամբ: Այսօրվա հեռուստաապրանք արտադրողի եւ սպառողի տեսակետից մի պարադոքսալ փաստ՝ այդ հաղորդումները մշտական ու բավականին լայն լսարան ունեին: Ռե՛յտինգ: Դե էն ժամանակ մուլտիկներն էլ էին բարի, սերիալներն էլ միտք ունեին… Սերիալների վրա հո չզարմացա՞ք: Այո՛, նրանք կայի՛ն: Նրանք 3-ն էին՝ Շտիրլիցը, Թենքեշը եւ Քլոսը: Նրանք երկար չէին՝ 12, 13, 18 սերիա: Դրանք նայելիս ինչ որ դրական հետք մնում էր: Օրինակ, ես Ալեն Դալեսին էն ժամանակներից գիտեմ:

Ցավոք սրտի, շատերիս մոտ արդեն բնավորություն է դառնում անցյալով հպարտանալը: Ներկան ու մանավանդ ապագան՝ որքան էլ փորձում ես լավատես լինել, հույսեր չեն ներշնչում: Պատճառն ակնհայտ է՝ անկախության տարիներին բոլոր իշխանությունների կողմից գիտության, մշակույթի, հոգեւորի հանդեպ տարված, մեղմ ասած, անհեռատես քաղաքականութունն է: Մինչ մենք վերեւից նայելով բոլորին, ինքներս մեզ հանգստացնում ենք մեր բնատուր խելքով, մեր անցյալի ձեռքբերումներով՝ մեր տնկած ծառերից իջածները կամ հազիվ մարդասպան դարձած մարդակերները ներդրումներ են անում գիտատար հեռանկարային ոլորտներում ու, որքան էլ տհաճ հնչի՝ զարգանում են: Կարդացեք, խնդրեմ Ա. Կուզանյանի «Девушка в хиджабе, или какой должна быть армянская наука» հոդվածը: Ու մինչ մենք տեղում դոփելով, տեսլականներով համեմված դատարկ ճառեր ենք լսում՝ սրանք՝ գիտության, տեխնոլոգիաների դերը հասկանալով, կարճացնում են մինչեւ մարդը իրենց ճամփան: Տխուր է, բայց այդպես է:

Լավ, բա հեռուստատեսությունն ի՞նչ անի: Ի՞նչ պիտի անի՝ ինչպես վերեւում նշվեց, թող ճանաչողական, հետաքրքիր հաղորդաշարեր պատրաստի եւ մատուցի: Ախր մեր բազմաթիվ հեռուստաընկերությունների հաղորդումներում հեչ ինտելեկտ չի մնացել, հեչ շարմ չի մնացել… Չնայած, բոլոր հեռուստաընկերությունները հիմա տերեր ունեն՝ ըստ երեւույթին, կարող եմ դիմել միայն մեր հարկերով սնվող Հանրային հեռուստատեսությանը: Դիմել՝ իմ, գիտահետազոտական ինստիտուտում 50 հազար աշխատավարձի հարկերից Հ1-ին հասնող գումարի չափին համարժեք մուննաթով եւ պահանջատիրությամբ:

Ռուբիկ ջա՞ն, Ջաղինյան ջա՞ն, ասում եմ ախր հեչ ինտելեկտ չի մնացել, հեչ շարմ չի մնացել… Ով, ով՝ բայց դու հաստատ կիմանաս, որ էն դժվար տարիների մեր ուրախության՝ ձեր թիմի ելույթների, հաջողությունների, հաղթանակների հիմնական «երկաթյա փաստարկը»՝ շարմից բացի, ձեր ինտելեկտն էր, որով մի գլուխ բարձր էիք բոլոր մրցակիցներից: Ռուբիկ ջան, երբ նշանակվեցիր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, մի տեսակ հույս արթնացավ, որ որակական փոփոխություններ են լինելու: Պարզ է, որ դա հեշտ չէ, միանգամից չի լինի: Տարիների ընթացքում, աստիճանաբար որակական անկում ապրած ու  կարծրացած   հեռուստատեսությունը ցանկալի մակարդակի հասցնելու համար նույնպես ժամանակ եւ տքնաջան աշխատանք է պետք: Այնքան շատ ժամանակ չի անցել քո նշանակումից հետո արդյունքներ պահանջելու եւ դատողություններ անելու համար: Բայց վերջերս քեզ ուղղված մի թունոտ ու անմակարդակ՝ ձեռի հետ էլ պոլիտեխնիկին հեղինակի արեւին ձեռ առնող, հրապարակում տեսա Բլոգնյուզ-ում ու, գիտե՞ս, ուրախացա: Ուրախացա, որովհետեւ եթե հակառակորդներ ու չուզողներ են հայտնվում՝ ուրեմն գործ է արվում:

Հիմա՝ ըստ էության: Գաղտնիք չէ, որ մեր անծով, անգազ, շրջափակված երկրի ապագան պետք է կապված լինի մեր բնատուր մտավոր ու ստեղծագործ ներուժի դրսեւորման հնարավորություններ ստեղծելու հետ: Ապահով Հայաստանի տեսլականը պետք է հիմնված լինի զարգացած գիտության վրա: Զարգացած գիտություն ունենալ նշանակում է ունենալ կրթված հասարակություն, տեխնոլոգիաներ, գիտատար արդյունաբերություն, հզոր ռազմաարդյունաբերական համալիր… Ցավոք, ներկայումս Հայաստանում գիտությունը մղված է ամենահետին պլան, գիտաշխատողների աշխատավարձերն ամենացածրն են, երիտասարդներին այն չի ձգում… Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել գիտության սասանված վարկը վերականգնելու, երիտասարդություն համար այն գրավիչ դարձնելու համար: Այստեղ հսկայական դեր կարող են ունենալ ԶԼՄ-ները եւ հատկապես հեռուստատեսությունը: Սկզբի համար կարելի է պատրաստել գիտահանրամատչելի հաղորդումների շարք:

Այդ գաղափարը քննարկվել, մշակվել եւ առաջարկվել է ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կողմից՝ Հեղինակային գիտահանրամատչելի/ուսումնական հեռուստահաղորդաշարի ծրագիր: Ամենակարեւոր հանգամանքը՝ հաղորդումների համար 2 տարվա համար պատրաստի նյութ կա: Գործի մեծ մասն արված է, մնում է համատեղ որոշ ճշգրտումներ, շտկումներ կատարելուց եւ տեխնիկական հարցեր լուծելուց հետո այն կյանքի կոչել: Ուստի՝ շատ իրատեսական է, հաղորդաշարի հեռարձակումն սկսել հեռուստաընկերության նոր եթերաշրջանից: Ծանոթ լինելով Ավետիք Գրիգորյանի ստեղծած եւ ղեկավարած Տիեզերական խմբակի 25-ամյա գործունեությանը, նրա հեղինակությամբ՝ վերջերս լույս տեսած, իր տեսակի մեջ բացառիկ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքին, ավելի քան համոզված եմ, որ հաղորդաշարը մեծ հետաքրքրություն  է ունենալու եւ կարճ ժամանակում ձեռք է բերելու հաստատուն ու մեծաքանակ լսարան:

Հանրային խորհուրդը նույնպես դրական է գնահատել այս գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել սատարելու այն կյանքի կոչելու գործում:

Գրեթե համոզված եմ, որ Հանրայինով այս հաղորդաշարի հեռարձակումը՝ ընդօրինակելու «խասյաթից» կամ բարի նախանձից, վարակիչ է լինելու մյուս հեռուստաընկերությունների համար եւ նմանատիպ այլ հաղորդաշարեր են ծնվելու:

Ռուբիկ ջան, այս գաղափարն իրագործելու մեջ քեզանից ահագին բան է կախված: Բայց որ սա շատ հրատապ, անհրաժեշտ ու ազգանվեր գործ է՝ մի վայրկյան անգամ չկասկածես: Սա ես ասում եմ որպես պոլիտեխնիկցին պոլիտեխնիկցուն…

 

Հ.Գ., Ա՛յ սա քեֆս բերեց, Ռուբիկ ջան.

Հատված Հ1-յան «Օտար ամայի ճամփեքի» ու ՇԱՐՄ-ի  Ռաֆոյի գրառումից. «Առավոտ էր, գերմանական Հայդելբերգի լուսապայծառ առավոտներից մեկը: Ամբողջովին Ձեր` Ռաֆայել Հովհաննիսյանը հերթական հայկական հետքերով հասել էր Մաքս Պլանկի հանրահայտ ինստիտուտ` աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոսին եվ հայտնի հայ գիտնականին` Հովհաննես Թումանյանի ծոռանը նկարահանելու նպատակով, երբ հնչեց հայրենիքի կանչը…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter