HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին երեք տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: 

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ Տ.Սարգսյանը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: 

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:«Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Հանրապետությունում մեծ ոգևորությամբ տոնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը, որն արձանագրում է պետական ձևավորման 22-րդ տարեդարձը: 

Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլև մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև հայ ժողովրդի ապագան, որովհետև սա պայքար է հայկական ինքնության համար, և դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք գտնվում: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք այն հաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀ-ն ձևավորելու ճանապարհին: Մենք պետք է արժանի լինենք զոհված ազատամարտիկների հիշատակին` հենց մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀ-ի պետականությունը»: 

Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման և այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է: 

«Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը: 

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները: ՀՀ կառավարության ղեկավարը դիմելով զինվորներին` նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը: 

«Այդ առումով, մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք»:

ՀՀ կառավարության ղեկավարն այսօր երեկոյան մասնակցելու է ԼՂՀ-ի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter