HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊՆ-ն չի գնում քաղաքացու հողը, սակայն կառուցապատում է այն

Վայքի տարածաշրջանի Զառիթափ գյուղի բնակիչ Արթուր Մարգարյանն ասում է, որ 2008 թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է ձեռք բերել Վայքի զորամասի հարեւանությամբ գտնվող հողատարածքներ, որոնց մեջ հող ուներ նաեւ ինքը: Վայքի քաղաքապետի որոշմամբ՝ Արթուրին հատկացվել էր 3 հա (30000 քառ.մ) հողակտոր: Դրա 4000 քառ.մ տարածքի վրա էլ ՊՆ-ն սկսել է կառուցապատում եւ ցանկապատել է այդ հատվածը: Այն ժամանակ Արթուրը դեռ չուներ սեփականության վկայական, սակայն վճարել է ամբողջ 3 հա-ի համար նախատեսված բոլոր հարկերը: Շինարարության սկսվելուց հետո նա դիմել է պաշտպանության նախարարին, օմբուդսմենին, սակայն որեւէ դրական արձագանք չի ստացել ու ստիպված հրաժարվել է իր 4000 քառ.մ հողից:

«Այդ հողը զավթելուց հետո ինձնից պահանջեցին ճանապարհ»,- պատմում է Արթուրն ու ցույց տալիս հատակագիծը, որտեղ երեւում է, որ նրա ընդհանուր տարածքը բաժանված է երեք մասի: Վերեւի մասից նա արդեն հրաժարվել է, իսկ ներքեւի հատվածը ճանապարհ բացելու արդյունքում բաժանվել է երկու հատվածի: Ճանապարհի ձախակողմյան հողակտորը 9000 քառ.մ է, իսկ աջակողմյանը՝ 17000: Դրանց համար Ա. Մարգարյանը սեփականության երկու առանձին վկայականներ է ստացել:  

«Էս տարվանից սկսեցին ներքեւի հողակտորի վրա շինարարություն անել: Այսինքն՝ իմ հողից նորից զավթեցին»,- պատմում է Արթուրն ու ցույց տալիս 17000 քառ.մ հողի սեփականության իր վկայականը, որի վրա էլ ՊՆ-ն նոր գործընթաց է մեկնարկել: Ընդ որում՝ նա այդ տարածքում նաեւ երկու կիսակառույց ունի:

Երբ քաղաքացին տեղեկացել է, որ հերթական շինարարությունն է սկսվել իր հերթական հողակտորի վրա, հունիսին կրկին դիմել է նախարարին՝ խնդրելով դադարեցնել կառուցապատումը: Նամակից հետո նրան կանչել են նախարարություն, որտեղ հանդիպել է ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին: Արթուրը ներկայացրել է 17000 քառ.մ  տարածքով իր հողակտորի սեփականության վկայականը, հատակագիծը. «Ընդունում են, որ իմ հողն է, ասում են՝ հարցը կլուծենք, ինչը նշանակում է, որ պիտի գնեն հողը, բայց ինչքա՞ն ժամանակից: Իրենք կարող են կառուցապատել, հետո էլ իբրեւ իրենց շինություններով ծանրաբեռնված հող ինձ համար խնդիրներ ստեղծեն, ինչպես որ արեցին այն մեկի (ի նկատի ունի 4000 քառ.մ տարածքը) հետ»:

Արթուրը համաձայն է վաճառել իր հողը, քանի որ դրա վրա ռազմավարական նշանակության օբյեկտներ են կառուցվում, սակայն հակառակ կողմից դրական քայլերի բացակայությունն ու ժամանակի ձգձգումը մտահոգում են նրան: Այս երկրորդ դեպքում էլ կրկին դիմել է օմբուդսմենին, սակայն արձագանք չի ստացել:

Հարցին, թե չի ցանկանում արդյոք դատարանով հարցին լուծում տալ, Ա. Մարգարյանն ասում է. «Չեմ ուզում դատական պրոցեսի մեջ մտնել: Մեր երկրի դատական համակարգը բոլորս էլ գիտենք: Բայց եթե չկարողանամ հարցին հեշտ ճանապարհով լուծում տալ, բնականաբար, մնում է դատարանը»:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter