HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ո՞վ եմ, որ կառուցապատման իրավունք չտամ»,- ասում է Մարցի գյուղապետը նոր հէկի մասին

Լոռու մարզի Մարց գյուղի ղեկավար Ռուբերտ Գալստյանը, ով գյուղապետ է ընտրվել 2005 թ.-ից, դեռևս տեղյակ չէ, որ տնտեսվարող սուբյեկտների հետ հարաբերություններում որպես գյուղապետ պարտավոր է ներկայացնել նաև իր ղեկավարած համայնքի շահերը («ՏԻՄ մասին» օրենքի հոդված 33): Նա գյուղի վարչական տարածքում գտնվող Մարց գետի վրա 3-րդ հէկը կառուցելու շինարարական աշխատանքների թույտվություն է տվել «Մարց էներջի» ՍՊԸ-ին՝ հակադրվելով գյուղի բնակիչներին:

«Էդ որ ուզում են նոր հէկ կառուցեն, մեզ շատ վնաս ա: Մենք պայքարել ենք ու պայքարելու ենք դրա համար: Տրուբեքը մենք գցել ենք ձորը: Եկան, ինչքան մեզ ստիպեցին, մենք չթողեցինք»,- ասաց գյուղի եզրին հոտն արածեցնող մարցեցի հովիվ Արտաշ Գևորգյանը: Նոր հէկի կառուցման շինաշխատանքների իր թույլտվության համար գյուղապետը արդարանում է օրենքով չարտոնագրված` իր հորինած պարտավորություններով. «Գյուղացիները ինձանից նեղանում են , որ ես երրորդ հէկի կառուցման շինաշխատանքների իրավունք եմ տվել, բայց գիտե՞ք՝ ով ա նեղանում, ով չի ուզում հասկանալ, որ դա իմ պարտավորությունն է»:

Գյուղապետը իր որոշման համար բերում է անհեթեթ օրինակներ. «Այսինքն՝ մեկը տուն է կառուցում, ամեն գերատեսչությունների նախագծերն ունի, որ դա ոչ մի բանի չի խանգարում, ասում է՝ էսքան թղթերն ունեմ, ինձ տուր կառուցապատման իրավունք: Ես ո՞վ եմ, որ կառուցապատման իրավունք չտամ,- ասում է նա և հավելում,- մեկն էլ ես եմ շահագրգռված, որ գետը մնա, չվերանա, հենց գետի ափին ես էլ տարածք ունեմ»:

Մարցի գյուղապետին այդպես էլ չկարողացանք հասկացնել, որ գետի վրա երրորդ հէկի շինաշխատանքերի իր որոշում չտալու դեպքում «Մարց էներջի» ՍՊԸ-ն իրավունք չի ունենա սկսել հէկի կառուցումը: «Բոլոր փաստաթղթերը ունի, վերջնականը ՀՀ բնապահպանության նախարարի դրական եզրակացությունն էր: Ես երրորդ հէկը կառուցելու ոչ մի միջոց չեմ ձեռնարկել, ընդամենը դա իմ պարտավորությունն էր, ես չէի կարող շինթույլտվություն չտալ: Էդքան թույլտվություններից հետո եմ ես շինթույլտվություն տվել»,- կրկնեց իր որոշման նշանակությունը չգիտակցող գյուղապետը:

-Ինչու՞ չէիք կարող չտալ,- հարցրինք նրան:

-Ի՞նչ կպատճառաբանեի: Ասեի՝ գետը ցամաքում է, գետի և շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը խախտվում է, թույլ չեմ տալի՞ս,- պատասխանեց գյուղի շահերը չգիտակցող գյուղապետը:

Հէկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն Ռոբերտ Գալստյանը դեռ 2 տարի առաջ տվել է նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբայր Սեյրան Դարբինյանին պատկանող «Արգիշտի-1» ՍՊԸ-ին: Հինգ մգվտ հզորությամբ աշխատող հէկի շահագործումից հետո Մարց գետի ջրաքանակը գյուղի վարչական հատվածում մարցեցիների աչքի առաջ նվազել է, գետն էլ անմատչելի դարձել գյուղացիների համար:

«Հետքի» զրույցում գյուղապետն ասաց, որ դժգոհ է Վանաձորի քաղաքապետի հէկի աշխատանքից. «Գիտե՞ք՝ ոնց ա, եթե ընդհանրապես հէկ չկառուցվի, դա շատ լավ կլինի: Եթե կարենանք, բնությունը ոնց կա, էնենց պահենք, շատ լավ կլինի: Բայց մտածում ենք՝ հանքարդյունաբերությունը չլինի, գետերի վրա հէկ չկառուցվի, դա ո՞նց կլինի: Եթե ամեն ինչ նորմաներով լինի, ես բացասական բան չեմ տեսնում, բայց նորմաներով չի գնում»:

Եղանք նոր հէկի կառուցման տեղանքում: Այնտեղ շարժ չկար: «Ոչ գնում են, ոչ գալիս են»,- հայտնեց գյուղապետը: Վերջինիս տեղեկություններով՝ «Մարց էներջի» ՍՊԸ-ի ղեկավար Լիպարիտ Սիմոնյանն ուզում է ժողովրդի հետ համերաշխ ձևով լեզու գտնել: Իսկ մինչ այդ գյուղապետը շարունակում էր արդարանալ. «Ես գետի ծանր վիճակը նկատում եմ, բայց էնտեղ իրենց նախագծերում գրված է՝ վայրկյանում 100 լիտր ջուր պետք է թողնի, ժողովրդի մեջ խոստանում է, ասում է՝ ես ամառվա 3 ամիսը ընդհանրապես պետք է չշահագործեմ: Ես այսքան ձեր գյուղին ամեն տարի ֆինանսական օգնություն եմ տալու, դա՝ մի կողմ, բայց ես չեմ կարա ասեմ՝ կարող ա դու խաբես, չտաս»:

Պարզվեց, որ «Արգիշտի-1» ՍՊԸ-ն Մարց գետի իր հէկի համար Մարցի համայնքային բյուջեին ընդամենը 20 հազար դրամ հողի հարկ է վճարում: Հէկի 8 աշխատողներն էլ ոչ թե Մարցի, այլ հարևան գյուղերի բնակիչներ են: «Համաձայն եմ Ձեզ հետ, նույնը պետք է անի Լիպարիտ Սիմոնյանը»,- ասաց գյուղապետը: Վերջինս հէկի շինթույլտվության որոշումը ընդունել է միանձնյա: «Ավագանին չի ընդունել այս որոշումը»,- ասաց նա: Իսկ ավագանին, որը ՏԻՄ օրենքով հանդիսանում է գյուղապետի որոշումները վերահսկող մարմին, աչք է փակել գյուղացիների հավանությանը չարժանացած գյուղապետի որոշման վրա:

Գյուղապետին հարցրինք նաև երրորդ հէկի կառուցման հետ կապված Լոռու մարզպետի դիրքորոշման մասին: «Դա մարզպետի իրավունքների մեջ չի մտնում, դա իմ իրավունքն է»,- պատասխանեց նա: Վերջում Ռոբերտ Գալստյանն ասաց, որ երրորդ հէկի թույլտվության համար ճնշումների չի ենթարկվել, բայց վստահ է, որ որոշում չտալու դեպքում կենթարկվեր ճնշումների:

Մարցի ճանապարհի ավարտին գետի ափին խոտ քաղող ձորագետցի Լյովա Ղամբարյանը, նկատելով մեզ, դժգոհեց Վանաձորի քաղաքապետի հէկի աղմուկից: «Հարևան շենքերի ու սեփական տների բնակիչները հէկի աղմուկից չեն կարողանում հանգստանալ: Մինչև այս հէկի կառուցումը ձկից բռնած, ամեն ինչից բռնած գետից օգտվում էինք, էստեղ ոնց որ կուրորտնի դաչա լիներ, ժողովուրդը լողանում էր: Հիմա ամեն ինչից զրկվել են»,- ասաց ձորագետցի հնաբնակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter