HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կանաչ լույս լրագրողների դեմ. ոստիկանական անգործությո՞ւն, թե՞…

Երեկ Փակ շուկայի դիմաց պատասխան բողոքի ակցիա իրականացնող Սամվել Ալեքսանյանին աջակցող կանանցից մեկը վիրավորել եւ սպառնացել էր «Ազատության» լրագրող Նանե Սահակյանին, ով այդ ամենը նկարահանել է: Համացանցը ողողված է ռադիոկայանի հրապարակած այդ տեսանյութով: Սակայն պարզվում է՝ ոստիկանությունը խնդրով չի զբաղվում:

«Ոստիկանությունը դիմում-բողոք չի ստացել»,- «Հետքի» հետ զրույցում պարզաբանում է ոստիկանության լրատվության վարչության աշխատակիցը:

Լրագրող Նանե Սահակյանը պատմում է, որ կատարվածի մասին տեղում հայտնել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ցույց տվել իր տեսանկարահանած կադրերը, իսկ վերջինս մոտեցել է տվյալ կնոջը եւ ասել. «Քաղաքացին նշում է, որ Դուք սպառնացել եք նրան: Խնդրում եմ մի հնչեցերք սպառնալիքներ»։

Լրատվամիջոցներն արդեն պարզել են, որ կինը, ով սպառնում է «Ազատության» թղթակցի «կոկորդը քերել», Կարինե Սարգսյանն է՝ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի աշխատակից:

Մայրաքաղաքի փոխոստիկանապետը լրագրողին միաժամանակ տեղեկացրել է, որ եթե բողոքի, Կարինե Սարգսյանին կհրավիրեն ոստիկանություն: «Բայց Դուք էլ պետք է գաք բաժին»,- «Ազատության» աշխատակցին ասել է Վ. Օսիպյանը:

«Ես, բնականաբար, ոստիկանություն գնալու ժամանակ չունեի: Չբողոքեցի, որպեսզի ստիպված չլինեմ գնալ, եւ այդ կնոջը բաժին չհրավիրեցին,- պատմում է Նանե Սահակյանը: - Ինձ այդ պահին միայն մեկ բան էր հետաքրքրում՝ կարո՞ղ եմ մնալ Փակ շուկայի տարածքում եւ շարունակել աշխատել: Օսիպյանը ոստիկանության անունից երաշխավորեց, որ անվտանգությունս իրենք կապահովեն»:

Լրագրողը կատարվածը գնահատում է նաեւ իր մասնագիտական գործունեության խոչընդոտում. «Որովհետեւ ես այդ կնոջ (Կարինե Սարգսյան) հետ հարցազրույց չէի անում, զրուցում էի կողքիս կնոջ հետ, իսկ նա սկսեց ինձ վիրավորել եւ սպառնալ»: Ամեն դեպքում, Նանե Սահակյանը ոստիկանությունում բողոք ներկայացնել չի պատրաստվում՝ «ժամանակն ու նյարդերը խնայելու համար»:

Իսկ արդյոք հրապարակված տեսանյութը բավարար չէ՞ նյութեր նախապատրաստելու համար: Հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչությունը նորից տալիս է նույն պատասխանը. «Ոչ ոք չի դիմել, դիմում-բողոք չենք ստացել»:

Իհարկե, ոստիկանությունը կարող է պատճառաբանել, որ կատարվածը մասնավոր գանգատի ինստիտուտի ենթակայության հարց է, հետեւաբար դիմողի բողոքն անհրաժեշտ է: Բայց այս հարցը պետք է պարզեն նյութերը նախապատրաստելիս, դրանք քննարկելիս: Այլ կերպ նման գնահատական չի կարող տրվել: Այս կարծիքին է փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Ցանկացած դեպքում, պետք է նյութեր նախապատրաստվեին, քանի որ առաջին հայացքից առեւրեւույթ հանցագործությունն առկա է: Իսկ եթե գործողություններ չեն ձեռնարկվում, դա արդեն անգործություն է»,- ասում է Տիգրան Եգորյանը՝ շեշտելով, որ սպառնալիքը, որը պայմանավորված է ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ավելի ծանր հանցանք է եւ ավելի խիստ պատիժ է ենթադրում:

Մեկնաբանություններ (1)

ominac
լաւ որ այս կինը տաբատը վար չիջեցուց չէ թէ այդ նկարն ալ կը տեղադրէիք․ Այս նկարին միտքը ինչ էր բացի գռեհկութիւնը վերարտադրել․ կարծես թէ մեր կեանքին մէջ ատոր պակասը կար․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter