HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը մեր քաղաքացիները ստանում են ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ: Սա ամենակարևոր արդյունքն է, որը մենք ունենք»:

Վարչապետի խոսքով՝ էապես ավելացել են նաև այն ոլորտները, որտեղ ԱԻՆ-ն աշխատում է: Նախարարության գործունեությունը դարձել է բազմաբովանդակ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները հետզհետե ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, մատուցում նոր ծառայություններ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ինչին էլ ուղղված է ԱԻՆ-ի միջազգային համագործակցությունը: «Տեսնում ենք, որ շնորհիվ ձեր աշխատանքի՝ բարձրանում է նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը, որովհետև դուք ցույց եք տալիս ողջ աշխարհին, որ ՀՀ-ն ևս կարող է մասնակցել տարբեր կետերում տեղի ունեցող աղետների հետևանքների վերացմանը: Այդ առումով, մենք դարձել ենք միջազգային հանրության անբաժանելի մասը»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետը որպես առաջնահերթություն կարևորել է հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների պարագայում վնասները հասցվեն նվազագույնի: Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, նախարարության ծրագրերն ուղղված են առաջին հերթին ինտելեկտուալ, գիտական կարողությունների բարձրացմանը. ավելացվում են նաև գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարությունը կարողացել է համախմբել մեր երկրի գիտնականներին՝ իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով: Վարչապետի խոսքով՝ այդ ամենը հույս է ներշնչում, որ ապագայում էլ ԱԻՆ-ը կգտնվի բարձր մակարդակի վրա:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Կոչման վկայականը Ն. Գրիգորյանին հանձնել է վարչապետ Սարգսյանը: 

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ մի քանի աշխատակիցների վարչապետը պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով: 

Գերատեսչության մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով, խրախուսվել շնորհակալագրերով և հուշանվերներով: 

Այնուհետև ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի հուշարձանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter